Հա

Քաղաքական

18/07/2018 - 14:40

«Gazeta». «Իրանը՝ «խաղից դուրս». Ինչպէս Թրամփն ու Պուտինը կը լուծեն Սիրիայի խնդիրը»

Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Իսրայէլը միաւորում են ջանքերը Գոլանի բարձունքներում խաղաղութիւն հաստատելու համար՝ ապահովելով ինչպէս Իսրայէլի, այնպէս էլ Սիրիայի շահերը:

«alikonline.ir» - Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Իսրայէլը միաւորում են ջանքերը Գոլանի բարձունքներում խաղաղութիւն հաստատելու համար՝ ապահովելով ինչպէս Իսրայէլի, այնպէս էլ Սիրիայի շահերը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «gazeta.ru»-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հելսինկիում հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ այդ շրջանում իրավիճակը «պէտք է բերւի 1974 թւականի համաձայնագրին լիարժէք համապատասխանութեան»: ՌԴ նախագահի կարծիքով՝ դա թոյլ կը տայ վերադարձնել անդորրը Գոլանի բարձունքներում եւ հուսալիօրէն ապահովել Իսրայէլի անվտանգութիւնը, ինչպէս նաեւ կարող է վերադարձնել իրավիճակը ստատուս-քւոյին, որ գոյութիւն է ունեցել այդ սահմանամերձ շրջանում մինչ Մերձաւոր Արեւելքում հակամարտութեան սկսւելը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ Իրանն այլեւս ակտիւ դեր չխաղա Սիրիայում:

Սիրիայի եւ Իսրայէլի սահմանին գտնւող ռազմավարական այդ շրջանը դարձել է սիրիացի զինւորականների, իրանամէտ ուժերի եւ տարբեր ահաբեկչական խմբաւորումների գրոհայինների հակամարտութեան թէժ կէտերից մէկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է յայտնել, որ Սիրիայի հարաւ-արեւմուտքում այդ գօտին պէտք է վերածւի անվտանգութեան լիարժէք գօտու: Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանիահուն ողջունել է Հելսինկիում Պուտինի եւ Թրամփի պայմանաւորւածութիւնները:

«Ես շատ բարձր եմ գնահատում 1974 թւականի Իսրայէլի եւ Սիրիայի միջեւ համաձայնագրի դրոյթների պահպանման կարեւորութեան մասին նախագահ Պուտինի խօսքերը: Ես շատ եմ գնահատում Իսրայէլի անվտանգութեանը խոր յանձնառութիւնը, որի մասին յայտարարել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ, եւ կարող եմ ասել, որ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշինքը երբեք աւելի ուժեղ չի եղել»,- ասել է Նեթանիահուն։

Սիրիայում Իսրայէլի սահմանի անմիջական հարւանութեամբ իրավիճակի կայունացումը կարեւոր է Իսրայէլի համար, քանի որ անմիջական վտանգ է ներկայացնում երկրի անվտանգութեանը: Այսօր Գոլանի բարձունքների շրջանում, որտեղ իրավիճակը տարիներ առաջ հանգիստ էր, գործում են ծայրայեղ իսլամիստական խմբաւորումներ: Շրջանում ահաբեկիչների դէմ պայքարում են ինչպէս սիրիացի զինվորականները, այնպէս էլ իրանական ջոկատները եւ «Հեզբօլլահ» լիբանանեան խմբաւորումից նրանց դաշնակիցները:

Իրանական զինւած ուժերի ջոկատները, որոնք կռւում են Սիրիայի կառավարութեան կողմից, ձգտում են ամրապնդել իրենց ազդեցութիւնն այդ երկրում՝ Իսրայէլի վրա ճնշում գործադրելու նպատակով, իսկ Թէլ Աւիւը պնդում է Սիրիայից բոլոր իրանական զօրքերի դուրսբերման հարցում, գրում է կայքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։