Հա

Քաղաքական

19/07/2018 - 09:35

Մահաբեր զէնքի առաքումը Ադրբեջան. ինչո՞ւ է Սլովակիան թաքնւում Իսրայէլի թիկունքում

Որոշ եւրոպական երկրներից Իսրայէլի միջոցով Ադրբեջան զէնք առաքելու սխեման արդէն գործում է մoտ երկու տարի:

«alikonline.ir» - Հայաստանը պէտք է պարզի, թէ ինչու է Սլովակիան օգտագործում Իսրայէլի միջոցով Ադրբեջանին զէնք վաճառելու սխեման։ Այդ մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը։

Սլովակիայում յայտնի «Dennik N» պարբերականն օրերս մեծ յօդւած է հրապարակել Բաքւին զէնք վաճառելու աղմկահարոյց գործարքի մասին։ Այդ յօդւածի համաձայն՝ Բրատիսլաւան ռազմական տեխնիկան Ադրբեջան է առաքում Իսրայէլի միջոցով։

Իրավիճակը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում մեկնաբանեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը:

«Միայն միամիտ մարդը կարող է կարծել, որ Սլովակիայի իշխանութիւններն այս գործարքի վերջնակէտի մասին տեղեակ չեն եղել, մանաւանդ, որ, ինչպէս ասացի` սեպտեմբերից մենք զգուշացրել էինք նրանց դրա մասին` ասելով, որ լիցենզիան խախտւում է, եւ սպառազինութիւններն Իսրայէլից ուղարկվում են Բաքու։ Հետեւաբար, նրանք բաւական ժամանակ ունէին ստուգելու, ճշտելու այդ տեղեկութիւններն ու դադարեցնելու»,- ասաց Սէյրանեանը։

«Սխեման վաղուց է գործում, այն նոր չէ։ Նոյնիսկ, եթէ նայենք բաց աղբիւրները, ապա կը տեսնենք, որ վերջին ամիսների շաբաթական մէկ կամ երկու անգամ բեռնատար ինքնաթիռները, որոնք զէնք են տեղափոխում Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան համար, թռել են Բաքւից Չեխիա, Սլովակիա, Իսրայէլ եւ հակառակը»,- ասաց Յովհաննիսեանը։

Այդ սխեման արդէն գործում է մօտ երկու տարի, եւ Ադրբեջանը շարունակում է զէնք ստանալ Չեխիայից եւ Սլովակիայից Իսրայէլի միջոցով, յաւելեց նա։

Որքանով յայտնի է փորձագէտին, Սլովակիան իր վրայ պարտաւորութիւն չի վերցրել զէնք չառաքել հակամարտող կողմերին։ Եթէ այդպէս է, ապա միջազգային իրաւունքի առումով առաքումները դադարեցնելու համար Բրատիսլաւայի վրա ճնշում գործադրելու ոչ մի մեխանիզմ չկայ։

Եւրոպական երկրները, որոնք մահաբեր զէնք չեն վաճառում հակամարտող կողմերին, կա՛մ հետեւում են ԵԱՀԿ-ի 1992 թւականի կոչին, (որը պարտադիր բնոյթ չի կրում), կա՛մ հեռուն են գնացել եւ օրէնսդրական մակարդակում էմբարգօ են սահմանել։ Հակամարտութեան կողմերին մահաբեր զէնք վաճառելու վերաբերյալ նման սահմանափակումներ են ներդրել, օրինակ, Գերմանիան, Աւստրիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

«Եթէ նրանք նման սահմանափակումներ չունեն, ապա հարց է ծագում, թէ ինչու բացայայտ զէնք չեն վաճառում, այլ անում են դա Իսրայէլի միջոցով։ Այս հարցը յստակութիւն է պահանջում։ Միւս կողմից, եթէ վաճառքը սահմանափակելու վերաբերեալ պարտաւորութիւններ կան, ապա այդ դէպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը պէտք է զբաղւի դրանով»,- կարծում է Յովհաննիսեանը։

Ժամանակին բուլղարացի հաքերները փաստաթղթեր էին հրապարակել, որոնցից պարզ դարձաւ, թէ ով է այդ զէնքի վերջնական օգտագործողը, յիշեցրեց ռազմական փորձագէտը։

Բացի այդ, հազարաւոր մարդիկ բաց աղբիւրների շնորհիւ կարող են որոշել, թէ ինչպիսի ուղիներով են թռչում ադրբեջանական «Silk Way Airlines» աւիաընկերութեան ինքնաթիռները, որոնք զէնք են տեղափոխում։

«Պրահայի եւ Բրատիսլաւայի յայտարարութիւններն այս հարցի մասին առնւազն անհասկանալի են։ Եթէ նրանք իսկապէս «չգիտեն», ապա նրանց պէտք է տեղեկատւութիւն տրամադրել, թէեւ դա ծիծաղելի կլինի,- ասաց Յովհաննիսեանը։

Փորձագէտը նշեց, որ զէնք մատակարարող ցանկացած երկիր պէտք է հետեւի դրա հետագայ վերավաճառքին։ Որոշ երկրներ առաքումից նոյնիսկ 10-20 տարի յետոյ հետեւում են վերավաճառքին։ Օրինակ, նման քաղաքականութիւն է վարել Գերմանիան Թուրքիայի դէպքում` թոյլ չտալով վերավաճառել գերմանական զէնքը, այդ թւում` Բաքւին։

Նրա կարծիքով` իրեն յարգող ցանկացած երկիր պէտք է հետևեւի  վերավաճառքին, առաւել եւս, որ այդ հարցի պարզաբանումը պահանջում է նոյնիսկ ոչ թէ ամիսներ, այլ հաշւած օրեր։

Նշենք, որ «Dennik N»-ի  յուլիսի 14-ին հրապարակւած յօդւածում նշւում է, որ չեխական հեռուստատեսութիւնը, սկսած 2017 թւակամիի սեպտեմբերից մինչեւ 2018 թւականի յունիս, երեք ռեպորտաժ է ցուցադրել սլովակական ընկերութեան արտահանման մասին։ Հեղինակները համոզւած են, որ խօսքը հէնց այն զենքի մասին է, որն արդիւնքում յայտնւել է Բաքւում։

Աւելին, վերջին ռեպորտաժում ասւել է, որ արտահանւած զէնքն արդէն փորձարկւել է մարտական պայմաններում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։