Հա

Քաղաքական

23/07/2018 - 09:50

Էկւադորը կարող է Ջուլիան Ասանժին յանձնել Մեծ Բրիտանիային

Էկւադորի իշխանութիւններն առաջիկայում պատրաստւում են «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին յանձնել Մեծ Բրիտանիային: 

«alikonline.ir» - Էկւադորի իշխանութիւններն առաջիկայում պատրաստւում են «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին յանձնել Մեծ Բրիտանիային: Այս մասին  ըստ «tert.am»-ի՝ յայտնել է «The Intercept» ամսագիրը՝ յղում անելով Էկւադորի ԱԳՆ-ին եւ նախագահի գրասենեակին մօտ գտնւող աղբիւրին: 

Էկւադորի նախագահ Լենին Մորենոն ներկայ պահին այցով գտնւում է Լոնդոնում, որտեղ պէտք է ելոյթ ունենայ սահմանափակ հնարաւորութիւն ունեցող մարդկանց մասին գագաթնաժողովում (ինքը Մորենոն տեղաշարժւում է անւասայլակով այն բանից յետոյ, երբ 1998-ին տուժել է կողոպուտի փորձի ժամանակ): 

Ինչպէս աղբիւրը գրում է, նրա այցի իրական նպատակը բրիտանական իշխանութիւնների հետ հանդիպումն է, որպէսզի աւարտին հասցնի Ասանժին Մեծ Բրիտանիային յանձնելու մասին համաձայնութիւնը: Էկւադորը Ասաժին կարող է զրկել ապաստանից եւ յանձնել բրիտանական իշխանութիւններին յաջորդ շաբաթւայ սկզբին:

Ասանժի ճակատագրի շուրջ բանակցութիւնների մասին աւելի վաղ յայտնում էր նաեւ «The Times» պարբերականը: Լոնդոնում Էկւադորի դեսպանութիւնը դեռեւս չի մեկնաբանել այս լուրը: 

Յիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկւադորի դեսպանատանն է գտնւում 2012 թւականից: Դեսպանատան շէնքից դուրս գալու դէպքում Ասանժին սպառնում է արտայանձնում ԱՄՆ եւ 35 տարւայ ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարութեան գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։