Հա

Քաղաքական

24/07/2018

Հերթական «Փաուէլի սրւակը», կամ ինչպէ՞ս է Պոմպէոն Իրանում մաֆիա ու ահաբեկիչ գտել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն մեղադրել է ԻԻՀ ղեկավարութեանը կոռուպցիայի, ահաբեկչութեանը աջակցելու ու մարդու իրաւունքները խախտելու մէջ, իրանական իշխանութիւններին մաֆիա է անւանել։ Ասւել է դա, հաւանաբար, ի պատասխան նախօրէին արւած այաթ. Խամենէիի արտայայտութիւններին։

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն մեղադրել է ԻԻՀ ղեկավարութեանը կոռուպցիայի, ահաբեկչութեանը աջակցելու ու մարդու իրաւունքները խախտելու մէջ, իրանական իշխանութիւններին մաֆիա է անւանել։ Ասւել է դա, հաւանաբար, ի պատասխան նախօրէին արւած այաթ. Խամենէիի արտայայտութիւններին։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենէին շաբաթ օրը կրկին ժխտել է ամերիկեան վարչակազմի հետ բանակցութիւնների հնարաւորութիւնը` սատարելով նախագահ Ռոհանիի յայտարարութեանն այն մասին, որ որոշ պայմաններում իրանական ԶՈՒ-ն կարող է փակել Հորմուզի նեղուցը։

«Ամերիկայի հետ բանակցելուց օգուտ չկայ»,- ասել է Խամենէին։

Նա յայտարարել է, որ չի կարելի վստահել ոչ միայն ամերիկեան իշխանութիւնների յայտարարութիւններին, այլեւ նրանց ստորագրութիւններին միջազգային պայմանագրերում։

Իրանի հոգեւոր առաջնորդի այդ խօսքերը հունից հանել են պետքարտուղար Պոմպէոյին, կամ էլ պարզապէս համընկել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հերթական ատելութեան «հինգ րոպէ»-ի հետ, սակայն Պոմպէոն շատ բաներ ասաց։

«Իրանի ղեկավարութիւնը աւելի շուտ մաֆիա է յիշեցնում, քան կառավարութիւն»,- յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը,- «նրանց գործունէութիւնը յանգեցրել է այն բանին, որ սովորական իրանցիները չեն կարողանում աշխատանք գտնել»։

Բացի իրանական աշխատաշուկայով անհանգստանալուց, պետքարտուղարը վստահութիւն է յայտնել, որ Իրանը աջակցում է ահաբեկչութեանը ու խախտում է մարդկանց իրաւունքը, ներառեալ կրօնական փոքրամասնութիւններինը` սունիների, քրիստոնեաների, զրադաշտերի եւ այլն։

Միշտ թւում է, որ Իրանի իշխանութիւնները ոչ մի կերպ չի կարելի մեղադրել կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները սահմանափակելու մէջ։ Վերցնենք թէկուզ հայերին. մենք շատ լաւ գիտենք, որ Իրանի հայկական կրօնական համայնքի համար ոչ մի խոչընդոտներ չեն ստեղծում։ Իսկ այդ համայնքը բաւականին ներկայացուցչական է։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը դրական պատասխան տւեց հարցին, թէ կարելի է արդեօ՞ք Պոմպէոյի յայտարարութիւնը գնահատել որպէս հերթական «Փաուէլի սրւակ»։ Խօսքն այն սրւակի մասին է, որը պետքարտուղար Փաուէլը ցնցում էր ՄԱԿ-ի ամբիոնից, պնդելով, իբր «սիբիրեան խոցը» իրաքեան ծագում ունի, հետագայում Իրաքում կենսբանական զէնք այդպէս էլ չգտան։

Փորձագէտն առաջին հերթին ուշադրութիւն դարձեց այն բանին, որ Պոմպէոյի յայտարարութիւններն ուղղւած են մի երկրի դէմ, որը պետական շինարարութեան ու կառավարման հազարամեակների փորձ ունի։ Իրանը կառավարող մաֆիայի մասին խօսակցութիւնները դատարկ խօսքեր են անհնար բաների մասին։

«Իրանի դէպքում մենք գործ ունենք իշխանութեան ու ժողովրդի հետ, որը պարզ ու տրամաբանական պետական ինքնագիտակցութիւն ունի։ Եւ այն, որ Իրանում, ինչպէս նաեւ այլ երկրներում կան իշխանութիւններով ու նրանց քաղաքականութիւնով դժգոհ մարդիկ, դեռ չի նշանակում, որ իշխանութիւնը յանցաւոր է ու մաֆիոզ կլան»։

Ոսկանեանը պարզաբանում է`Իրանի ժողովուրդը համարում է, որ իր երկիրը տարածարջանային գերտէրութեան դեր կարող է կատարել. դա վերաբերում է ե՛ւ քաղաքական վերնախաւին, ե՛ւ ընդհանուր առմամբ հասարակութեանը։ Այդ պատճառով Թեհրանի հետ խօսելիս այդպիսի տոնը կարող է իհարկէ որոշակի չափով մեծացնել լարւածութիւնը, սակայն իրանցիների աշխարհընկալման ու աշխարհում իրենց տեղի վերաբերեալ պատկերացումները չեն փոխւի։

Միացեալ նահանգների վերջնագրերի ու ագրեսիւ յայտարարութիւնների կողմնակի ազդեցութիւններից մէկն այն է, որ հակառակը` Իրանի դերն աւելի է ուժեղանում, ընդ որում` ոչ միայն տարածաշրջանում. Իրանի Իսլամական Հանրապետութեան ազդեցութիւնը սփռւում է Միջերկրական ծովից մինչեւ Պարից ծոց, մինչեւ Աֆղանստան, Պակիստան ու Կենտրոնական Ասիա։

Երբ ասում են, որ Իրանն իբր աջակցում է ահաբեկչութեանը, որպէս կանոն նկատի ունեն լիբանանեան «Հեզբօլլահ» կազմակերպութեանը։ Միաժամանակ Ոսկանեանը յիշեցրեց, որ «Հեզբօլլահ» -ըներկայացւած է լիբանանեան խորհրդարանում, ու անհեթեթութիւն է խորհրդարանական ուժը ահաբեկչական անւանել։

Ինչ վերաբերում է «կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների խախտմանը»` Ոսկանեանն ուշադրութիւն է դարձնում, որ Իրանի սահմանադրութիւնը որպէս անձեռնմխելի իրաւունքներ ունեցող կրօնական փոքրամասնութիւն է առանձնացնում քրիստոնեաներին, զրադաշտականներին ու հրեաներին։ Նրանք Իրանում ոչ մի խնդիր չունեն, հակառակը` պետութիւնն ամէն կերպ նպաստում է նրանց բարգաւաճմանն ու զգալի օգնութիւն է ցուցաբերում։

Եւ դա նորութիւն չէ, որպէս օրինակ վերցնենք Իրանում հայկական կրօնական ու մշակութային ժառանգութեան պահպանումը։ Այդ իմաստով երկիրը կարելի է օրինակելի համարել, յատկապէս` համեմտած Հայաստանի արեւմտեան ու արեւելեան հարեւանների հետ. բաւական է յիշատակել միայն Թադէի վանքը` Ուրմիա քաղաքի մօտ կամ Ջուղայի վանական համալիրը, որը Իրանի կառավարութեան նախաձեռնութեամբ ներառւել է Իւնեսկօ-ի մշակութային ժառանգութեան ցանկում։

Կարելի է յիշել նաեւ` որքան նուրբ են իրանական իշխանութիւնները վերաբերւում երկրում եղած այլ հայկական յուշարձաններին, կարելի է պարզապէս խօսել ցանկացած իրանահայի հետ, նա շատ կը զարմանայ, որ իմանա, թէ նրա քաղաքացիական ու կրօնական իրավունքները, պարզւում է` «խախտւում են»։ Եւ ուսերը կը թափահարի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։