Հա

Քաղաքական

26/07/2018 - 09:40

Ռազմական փորձագէտ. «Չեխական զէնքն Ադրբեջանում է յայտնւել յանցաւոր պայմանաւորւածութիւնների արդիւնքում»

Ադրբեջանը չեխական սպառազինութիւն է ձեռք բերել զարտուղի ճանապարհներով:

«alikonline.ir» - Ադրբեջանը չեխական սպառազինութիւն է ձեռք բերել զարտուղի ճանապարհներով: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Հայկ Խաչիկեանը՝ խօսելով Ադրբեջանի կողմից ցուցադրւած այնպիսի սպառազինութեան մասին, որոնցից են համազարկային կրակի «RM-70» ռէակտիւ համակարգը (ռուսական ԲՄ-21 «Գրադի» չեխական տարբերակը) եւ 152-մմ «vz.77 Dana» ինքնագնաց հրետանային կայանքը:

«Չեխ լրագրողները հետաքննութիւն էին իրականացրել, որի համաձայն՝ մեքենայի ընթացակարգը Չեխիայից տեղափոխւել է Սլովակիայում գտնւող «Չեխոսլովակ Գրուպ»-ին, որը չեխական ընկերութիւն է: Գործարանում դրւել են թնդանոթներ, եւ փաստօրէն մարտական տեսքը ստացւել է Սլովակիայում: Հետագայում դրա վրայ իսրայէլական սարքեր են տեղադրւել եւ տարւել Ադրբեջան: Թղթերով ամէն ինչ մաքուր է, բայց յանցաւոր պայմանաւորւածութիւնների, զարտուղի ճանապարհների արդիւնքում է, որ Ադրբեջանն ունի դրանք»,- ասաց Հայկ Խաչիկեանը:

Փորձագէտը նշեց, որ առաջին հայեացքից «թղթերով խնդիր չկայ», բայց չեխական յատուկ ծառայութիւնները, որոնք քննում են գործը, կարող են պարզել, թէ իրականում ինչ է կատարւել:

«Կարող են պարզել՝ եթէ սպառազինութեան վերջնական ստացողը պէտք է Իսրայէլը լիներ, ինչո՞ւ է այդ դէպքում չեխական կողմը շարունակել գործարքը, եթէ դրանք յայտնւել են Ադրբեջանում»,- մանրամասնեց նա:

Ըստ նրա՝ տւեալ զէնքերը խորհրդայինից քիչ են տարբերւում, բայց քանի որ Ադրբեջանը վերջին տարիների առաջնահերթութիւն է տալիս զօրքի մոբիլիութեանը, գնել է դրանք:

«Ադրբեջանը սերտ համագործակցում է Հարաւաֆրիկեան հանրապետութեան հետ եւ կարող էր փորձել այդտեղից գնել, բայց զէնքը նրանց համար թանկ կը լինէր, ուստի չեխականը ամենայարմար տարբերական էր»,- յաւելեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։