Հա

Քաղաքական

26/07/2018

Անառակ Մեւլութի «վերադարձը» Բաքու. ինչպէ՞ս Նիկոլը հարամեց եղբայրների շփումը

Թուրքիայի արտգործնախարարը, հետեւելով երկրի նոր հին նախագահ Էրդողանի օրինակին, իր առաջին այցը կատարել է Բաքու։ Մէկ ազգի երկու պետութիւնների համար այդ կարգը սովորական է դարձել. սովորական են դարձել նաեւ այդ հանդիպումների արդիւնքում մամուլի համար արւող յայտարարութիւնները , որոնց մէջ հազւադէպ կարելի է նոր բան տեսնել։ 

«alikonline.ir» - Թուրքիայի արտգործնախարարը, հետեւելով երկրի նոր հին նախագահ Էրդողանի օրինակին, իր առաջին այցը կատարել է Բաքու։ Մէկ ազգի երկու պետութիւնների համար այդ կարգը սովորական է դարձել. սովորական են դարձել նաեւ այդ հանդիպումների արդիւնքում մամուլի համար արւող յայտարարութիւնները , որոնց մէջ հազւադէպ կարելի է նոր բան տեսնել։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Այնտեղ նա հանդիպել է մասնաւորապէս իր գործընկեր Էլմար Մամեդեարովի հետ։ Պաշտօնական հաղորդագրութիւններում նշւում է, որ կողմերը տարածաշրջանային հարցեր են քննարկել։ Չաւուշօղլուն առանձնայատուկ նշել է, որ հէնց կազմւեց Թուրքիայի կառավարութիւնը, նա իր առաջին արտասահմանեան այցը հէնց Ադրբեջան կատարեց: Նա նաեւ խոստացել է, որ շուտով Բաքու կը գայ նաեւ թուրքական խուրալի նախագահն ու ազգային անվտանգութեան նախարարը։

Բաքւում ինչպէս միշտ նշեցին, որ Չաւուշօղլուի այցը «երկու արիւնակից ժողովուրդների» երկրների բարեկամութեան ու գործընկերութեան օրինակ է, իսկ ընդհանրապէս` ոչ մի նոր բան չի ասւել։ Նոյն խրատական ասացւածները, նոյն խօսքերը Բաքւի նախաձեռնութիւններին Անկարայի ամբողջական ու անվերապահ աջակցութեան մասին, անկախ դրանց իրատեսական լինելուց ու տրամաբանութեանը համապատասխանելուց։

Չնայած, չէ, անսովոր բան, այնուամենայնիւ, եղել է։

Չաւուշօղլուն ստիպւած է եղել արդարանալ, որ շնորհաւորել է իր հայ գործընկերոջն ու ՀՀ նոր վարչապետին։ Բաքւում ասես Մեւլութի վրայ խօսացել էին, քանի որ հայերի հետ ցանկացած շփումները Ադրբեջանում հայրենիքի դաւաճանութիւն են համարում, դա թոյլատրւում է միայն Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին։

«Ես ծանօթ էի Մնացականեանի հետ, երբ դեռ Եւրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան էի։ Շնորհաւորեցի նրան ու ՀՀ վարչապետ Փաշինեանին»,- այսպէս է բացատրել Չաւուշօղլուն իր «տգեղ» արարքը։ Ու լրիւ արդարանալու համար աւելացրել է. «Մեր դիրքորոշումը յայտնի է, եւ այն չի փոխւել։ Յայտնի է նաեւ մեր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերեալ»։

Ոչ ոք չէր էլ սպասում, որ Անկարայի դիրքորոշումը Հայաստանի վերաբերեալ կը փոխւի։ Դա հաստատում է նաեւ թուրքագէտ Յակոբ Չաքրեանը։

«Չէր կարելի Չաւուշօղլուից այլ յայտարարութիւններ ակնկալել, եւ դա նորմալ է։ Թուրքիայի խնդիրը ոչ թէ Ադրբեջանին պաշտպանելն է, այլ Հայաստանի ուժեղացումը կանխելը։ Թուրքիան Հայաստանի հանդէպ միշտ թշնամական քաղաքականութիւն է վարել ու շարունակում է այն վարել»,- ասել է Չաքրեանը` աւելացնելով, որ արցախեան կարգաւորման հարցում Անկարան ամէն գնով փորձում է խանգարել Երեւանին, սակայն, քանի որ Թուրքիան չի կարող շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա չի կարող որեւէ որոշիչ դեր ունենալ այս հարցում։

Ի դէպ, Չաւուշօղլուի այցը եղբայրական երկիր կայացաւ արցախեան հակամարտութեան կարգաւորմանը հայկական կողմի նոր մօտեցումների ֆոնին, հէնց «առարկայական» մօտեցումների, ինչի մասին Բաքուն վաղուց էր երազում։ Հիմա շատ «առարկայականութիւն» է մտցւել, մասնաւորապէս յայտարարութիւններն այն մասին, որ առանց Արցախի մասնակցութեան այս խնդիրը չի կարելի վերջնականապէս լուծել, ու որ այսուհետ ագրեսիային համարժէք պատասխան է տրւելու, եւ այս թեմայով վերջին օրերի այլ նորութիւններ։

Բաքւում այդ նորութիւնները մեծ իրարանցում են առաջացրել, այնտեղ յատկապէս բուռն քննարկւում էր Արցախի պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանի յայտարարութիւնն այն մասին, որ արցախեան կողմը Ադրբեջանի տնտեսութիւնը կաթւածահար անելու հնարաւորութիւն ունի, սակայն դեռ դրա առիթը չկայ։

Ու Բաքուն կարող էր միայն պատասխանել, որ Հայաստանում կան օբիեկտներ, որոնց վերացնելուց յետոյ այդ տարածքներում դարեր շարունակ կեանք չի լինի` նկատի ունենալով հայկական ատոմակայանը։ Բաքւի այդ խօսքերը վկայում են այն մասին, թէ որքան է այն խառնւել իրար հայկական քաղաքականութեան փոփոխութիւնից, բայց ներքին լսարանին պէտք է մի բան ասել, ահա եւ ասում են։

Բանն այն է, որ հարւածը Ատոմակայանին, իհարկէ, Հայաստանի համար աղէտ կը լինի, սակայն դա նաեւ աղէտ կը լինի գրեթէ ամբողջ Ադրբեջանի, ներառեալ՝ Նախիջեւանը, ու Թուրքիայի մի զգալի մասի համար, էլ չենք խօսում Իրանի մասին։ Այնպէս որ, եթէ մի բան լինի, հէնց նոյն Չաւուշօղլուն առաջինը կարգելի այդպիսի հարւած հասցնել։

Բայց հարցը ներքին լսարանի համար արւած Բաքւի յայտարարութինները չեն ու նոյնիսկ մեղաւոր Չաւուշօղլուն չէ, որը յաւէրժ եղբայրութիւն ու աջակցութիւն է խոսատնում։ Տարածաշրջանը բազում հիմնարար մօտեցումների վերաիմաստաւորման շեմին է, ու իհարկէ Անակարան ու Բաքուն չեն կարող չճշտել միմեանց դիրքորոշումները։

Համանախագահներն էլ արթնացան. տեղեկութիւն կայ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել արդէն սեպտեմբերին` ԵԱՀԿ նախաձեռնութեամբ։ Արդեօ՞ք այդ նախաձեռնութիւնը արձագանք էր հայկական կողմի վերջին յայտարարութիւններին, թէ զուգադիպութիւ՞ն էր, սակայն մի բան պարզ է` արցախեան կարգաւորման բանակցութիւնները դեռ երկար կը տեւեն, քանի որ այս խնդիրն արագ լուծւողներից չէ, սակայն այս բանակցութիւններն էլ առաջւանը չեն լինի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։