Հա

Քաղաքական

28/07/2018 - 14:50

Վարդան Ոսկանեան. «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կայաններին հարւած հասցնելը խելակորոյս մի քայլ կը լինի»

ԱՄՆ-ի կողմի յայտարարութիւնները, թէ հարւածներ կը հասցնեն Իրանի միջուկային կայաններին՝ հռետորաբանութիւնից այն կողմ չի անցնի: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կողմի յայտարարութիւնները, թէ հարւածներ կը հասցնեն Իրանի միջուկային կայաններին՝ հռետորաբանութիւնից այն կողմ չի անցնի: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Խելակորոյս մի քայլ կը լինի․ Իրանին հարւածելը կը բերի անդառնալի հետեւանքների ոչ միայն Իրանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար,- ասաց նա՝ նշելով, որ չնայած հռետորաբանութեան սրացմանը, չի կարծում, որ Միացեալ Նահանգներն այդ քայլին կը գնայ,- այդ վարչակազմում կը լինեն մարդիկ, որոնք յստակոօրէն գիտակցում են, թէ ինչպիսի հետեւանք կունենայ այդ քայլը»:

Յիշեցնենք, որ Աւստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաները «ABC»-ին յայտնել էին, որ Միացեալ Նահանգները պատրաստւում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդէն յաջորդ ամիս՝ Աւստրալիայի անմիջական աջակցութեամբ:

Աղբիւրները լրատւամիջոցի հետ զրոյցում տեղեկացրել են, որ աւստրալական կողմը, ինչպէս նաեւ բրիտանական հետախուզական գործակալութիւնները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնւող թիրախները ճանաչելու հարցում:

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Իրանն ունի հնարաւորութիւններ՝ ներազդելու իրավիճակի վրայ՝ թէ՛ սեփական ռազմական ուժի կարողութիւնները հաշւի առնելով, թէ՛ նաեւ իրանական ներկայութիւնը Մերձաւոր Արեւելքում հաշւի առնելով:

«Խօսքը Սիրիայի տարածքի մասին է, խօսքը Արաբական թերակղզում իրանական ներկայութեան մասին է, մասնաւորապէս՝ դրա հարաւային մասում՝ Եմէնում, Աֆղանստանում եւս կայ իրական հսկայական ազդեցութիւն: Ընդհանրապէս ողջ տարածաշրջանում իրանցիները կարող են պատասխանել: Ընդ որում, պատասխանը կարող է լինել ոչ սիմետրիկ»,- ասաց նա:

Իրանագէտի կարծիքով՝ Միացեալ Նահանգների կողմից Իրանին ուղղւած հռետորաբանութիւնը կարող է միտւած լինել մի բանի՝ հետագայում բանակցութիւնների ժամանակ աւելի ուժեղ դիրքեր ապահովելուն:

«Նոյն Թրամփի յայտարարութիւնները բաւականին հակասական են: Մի կողմից նման յայտարարութիւն է հնչում, միւս կողմից հնչում է, որ Միացեալ Նահանգները պատրաստ է գործարք կնքելու եւ բանակցելու Իրանի հետ: Հետեւաբար պարզ է, որ զգացական յայտարարութիւնները միտւած են Իրանի հետ հասնելու համաձայնութեան»,- ասաց նա՝ նկատելով, որ կարելի է ասել, որ Իրանի հետ էլ ԱՄՆ-ն նոյն քաղաքականութիւնն է վարում, ինչպիսին վարեց Հիւսիսային Կորէայի եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների դէպքում:

Միացեալ Նահանգների նպատակն այս իրավիճակում Իրանում իշխանութիւն փոխելն է, սակայն դրա իրականացումն անհնարին է: «Հետեւաբար գործընթացը կա´մ պէտք է տանի յարաբերութիւնների սառեցման, կա´մ պէտք է լուծւի բանակցութիւնների միջոցով»,- ասաց նա:

Խօսելով Իրանի կողմից ԱՄՆ քաղաքականութեանը դիմակայելու հնարաւորութիւնների մասին՝ Վարդան Ոսկանեանը նշեց, որ իրանցիներն ունեն ճգնաժամային իրավիճակներում կառավարման հարուստ փորձ, եւ նման իրավիճակներն այդ պետութեան համար նորութիւն չեն:

«Պարզ է, որ իրանցիներն իրավիճակի մասին գնահատականներում երբեւիցէ սխալ դիրքորոշումներ չեն ունեցել: Դժւար էլ կը լինի դա՝ հաշւի առնելով Իրանի պետական կառավարման համակարգը, այդ համակարգի կենսունակութեան արդիւնաւէտութեան եւ բազմաթիւ այլ բաղադրիչների հանգամանքը: Ուստի իրանական կողմի համար էլ են պարզ ամերիկեան կողմի յայտարարութիւնների նպատակները»,- ասաց նա:

Իրանի միջուկային կայանների վրայ յարձակման՝ իրավիճակի սրմանը ռազմական տեսք ստանալու դէպքում, ի՞նչ խնդիրների առջեւ կարող է կանգնել հարեւան Հայաստանը: Վարդան Ոսկանեանը՝ միջուկային կայանների վրայ յարձակումն անհնարին համարեց:

«Կարծում եմ՝ մեր հասարակութեան մէջ էլ աւելորդ անհանգստութիւններ առաջ բերելն անտեղի է: Չեմ կարծում, որ Հայաստանը գտնւում է ռիսկայնութեան որոշակի շրջանում: Այլ խնդիր է պատժամիջոցների հարցը, որոնց կիրառման դէպքում որոշակի ռիսկայնութիւն է առաջանում հայ-իրանական տնտեսական համագործակցութեան համատեքստում,- ասաց նա՝ նշելով, որ այդ պատճառով, եթէ հարկ լինի, պէտք է բացատրել ամերիկեան կողմին, որ հայ-իրանական յարաբերութիւնները՝ լինեն դրանք քաղաքական, տնտեսական, մշակութային, թէ այլ տիրոյթում, մեզ համար ունեն կենսական նշանակութիւն,- դրանք կենսական նշանակութիւն ունեն նաեւ Իրանի համար: Հետեւաբար որեւէ երրորդ կողմ, որը կը փորձի խաթարել դրան, չի կարող արդարացում գտնել իր այդ քայլի համար»:

Իսկ թէ արդեօք կարո՞ղ է Եւրոմիութիւնը ԱՄՆ-ին զսպել Իրանի դէմ քաղաքականութիւնում․ Վարդան Ոսկանեանը նկատեց՝ ԵՄ-ն ցանկութիւն ունի իր համագործակցութիւնը շարունակելու Իրանի հետ:

«Միջուկային համաձայնութիւնը պահպանւում է արդէն «4+1» ֆորմատով՝ «5+1»-ի փոխարէն: Եւրոմիութիւնը ձգտելու է նաեւ ազդել ԱՄՆ-ի դիրքորոշման վրայ, որովհետեւ նրանց շահերից է բխում Իրանի հետ գործակցութիւնը: Եւրոպական այնպիսի ընկերութիւններ, ինչպիսիք են «Total»-ը, «Renault»-ն եւ այլ ընկերութիւններ հիմա աշխատում են Իրանի հետ: Հետեւաբար ցանկացած պատժամիջոցի պարագայում, որն ուղղւած կը լինի Իրանին զսպելու դէմ, ինչ-որ առումով առնչւում են նաեւ եւրոպական շահերին: Հետեւաբար եւրոպական երկրների դիրքորոշումն էլ իրենց հնարաւորութիւնների սահմաններում կը լինի կոշտ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։