Հա

Քաղաքական

02/08/2018

DW. «Թրամփը լաւ ու վատ ոստիկանի խաղ է խաղում Իրանի հետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է իր սովորական սպառնալիքների ու զիջման քաղաքականութիւնը Թեհրանի հետ յարաբերութիւններում, որը, սակայն, ի տարբերութիւն Հիւսիսային Կորէայի, անօգուտ կը լինի: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի հեղինակներից Մաթիաս ֆոն Հայնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է իր սովորական սպառնալիքների ու զիջման քաղաքականութիւնը Թեհրանի հետ յարաբերութիւններում, որը, սակայն, ի տարբերութիւն Հիւսիսային Կորէայի, անօգուտ կը լինի: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի հեղինակներից Մաթիաս ֆոն Հայնը: Գրում է «news.am»-ը:

Հեղինակի խօսքով՝ կրիմինալ ֆիլմերից իւրաքանչիւրիս, հաւանաբար, ծանօթ է համատեղ հարցաքննութեան լաւ եւ վատ ոստիկանի մարտավարութեանը: Այժմ այս մարտավարութիւնը բերւել է միջազգային հարթակ՝ որոշակի վերապահումով. Թրամփը միաժամանակ խաղում է երկու ոստիկանի դեր:

ԱՄՆ նախագահի քաղաքական շիզոֆրենիան, լինի դա իրական, թէ կանխամտածւած, արդարացրել է իրեն նրանում, որ հակառակ բոլոր տրամաբանական սահմանների՝ դրա արդիւնքում նա դեմ առ դէմ հանդիպել է Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հետ՝ չնայած առանց լուրջ ձեռքբերումների:

Իրանի հետ Թրամփը փորձում է վարել լաւ եւ վատ ոստիկանի մարտավարութիւնը: Մի կողմից նա սպառնալիքներ է հնչեցնում, իսկ միւս կողմից առաջարկում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների, ինչը տարբերւում է իր նախորդ թշնամական յայտարարութիւններից: Նման մօտեցումը, ըստ հեղինակի, դժւար թէ լաւ արդիւնք ունենայ Թեհրանի դէպքում՝ մի քանի պատճառով:

Նախ՝ Թրամփը նախկինում քանիցս փորձել է հանդիպել Ռոհանիի հետ, սակայն չի յաջողւել: Իրանի պնդմամբ՝ Թրամփը նախորդ տարում 8 անգամ փորձել է հանդիպել Ռոհանիի հետ ՄԱԿ-ի գերագոյն խորհրդում:

Երկրորդ՝ ԱՄՆ վարչակազմը հակասող յայտարարութիւններ է անում: Այսպէս. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն պնդել է, թե Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումից առաջ որոշակի չափանիշներ պէտք է ապահովւեն, ինչը միանգամայն հակասում է Թրամփի առաջարկին:

Երրորդ՝ Իրանը Հիւսիսային Կորէայի պէս քաղաքականապէս մեկուսացւած չէ, ինչի մասին վկայում է Ռոհանիի՝ վերջերս կատարած այցը Եւրոպա:

Իրանում ուժի տարբեր կենտրոնների, ինչպէս նաև նման հանդիպման վերաբերեալ Իրանի բարձրագոյն հոգեւոր ղեկավար եւ առաջնորդ Ալի Խամենէիի թերահաւատութեան պարագայում հաւանականութիւնը, որ այն կը կայանայ, շատ քիչ է: Ի վերջոյ, նոյնիսկ եթէ հանդիպելու լինէին, ինչո՞ւ պէտք է Ռոհանին ցանկանար բանակցել, երբ ամերիկացիները յետ են կանգնել արդէն իսկ գոյութիւն ունեցող նմանատիպ համաձայնագրից: Իրանը գագաթնաժողով կանցկացնի պայմանով, որ Ամերիկան վերահաստատի գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրին իր ներգրաււածութիւնը, եթէ, իհարկէ, Թրամփը իրապէս ցանկանում է որեւէ համաձայնութեան հասնել:

Ըստ Հայնի՝ բանակցութիւններին հարկ է լուրջ վերաբերւել: Պետքարտուղար Պոմպէոն եւ պետանվտանգութեան խորհրդատու Ջոն Բոլթոնը, կարծես, առաւել շատ են հետաքրքրւած Իրանին կապիտուլիացիա պարտադրելու հարցում: Բոլթոնը դեռ նախորդ տարի ներկայացրել էր մի ծրագիր, որտեղ մանրամասն ներկայացւում էր, թէ ԱՄՆ-ն ինչպէս պէսք է լքի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

Առհասարակ, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցային յարաբերութիւնների վերահաստատումը լաւ միտք է, քանի որ լարւած մթնոլորտը կարող է ուղեկցւել բաց հակամարտութեամբ, եթէ հանկարծ կողմերից մէկը սխալ քայլ անի Սիրիայի, Եմէնի, Իրաքի եւ այլ հարցերում: Հաւանաբար, կողմերը կարող են դիւանագիտական շրջանակների միջոցով սկսել բանակցութիւններ, որոնք պիտի լինեն շարունակական եւ լաւ կշռադատւած, կարծում է Հայնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։