Հա

Քաղաքական

06/08/2018

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դէմ մահափորձը նախապատրաստւել էր կէս տարի

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դէմ մահափորձը նախապատրաստւել էր կէս տարի, յայտարարել է երկրի կապի ու տեղեկատւութեան նախարար Խորխէ Ռոդրիգէսը: 

«alikonline.ir» - Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դէմ մահափորձը նախապատրաստւել էր կէս տարի, յայտարարել է երկրի կապի ու տեղեկատւութեան նախարար Խորխէ Ռոդրիգէսը: Գրում է «tert.am»-ը:

Պաշտօնեան յաւելել է, որ մահափորձի իրագործողներից մի քանիսը, որոնց բռնել են դէպքի վայրում, պատմել են մահափորձի մանրամասները:

Յայտնի է, որ օգոստոսի 5-ին Բոլիւարեան ազգային գւարդիայի կազմաւորման 81-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթիւն: Մադուրոն շտապ տարհանւել է, մի քանի զինւորական վնասւածքներ է ստացել:

Երկրի գլխաւոր դատախազը կատարւածը որակել է ահաբեկչութիւն:

Վենեզուէլլական «Ֆլանելէ զինւորներ» (Soldados de Franelas) զինւած խմբաւորումը ստանձնել է Մադուրոյի դէմ իրագործւած մահափորձի պատասխանատւութիւնը: Նրանք այս մասին գրել են իրենց թւիթերեան միկրոբլոկում:

Խմբաւորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրւած «С4» պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի յաջողւել հասնել նախագահական լոջայի մօտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:

«Մենք ցոյց տւեցինք, որ կառավարութիւնը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշւել է խմբաւորման էջում:

Մադուրոն կատարւածի համար մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուէլ Սանտոսին, սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը շտապել է հերքել մեղադրանքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։