Հա

Քաղաքական

07/08/2018

«Թաւշեայ յեղափոխութիւնն» ու թուրքական պարանոյեան. Անկարան մոռացա՞ւ արցախեան հիմնախնդիրը

Փաշինեանի Բրիւսէլ կատարած այցի ժամանակ եւ արեւմտեան դիւանագէտների ու պաշտօնեաների արձագանգից երեւում է, որ Եւրոպան ու ԱՄՆ-ն սպասողական դիրքորոշում ունեն Հայաստանի «թաւշեայ յեղափոխութեան» նկատմամբ։ Յետոյ Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութիւն եղաւ. նորից գրեթէ լռութիւն տիրեց։ 

«alikonline.ir» - Փաշինեանի Բրիւսէլ կատարած այցի ժամանակ եւ արեւմտեան դիւանագէտների ու պաշտօնեաների արձագանգից երեւում է, որ Եւրոպան ու ԱՄՆ-ն սպասողական դիրքորոշում ունեն Հայաստանի «թաւշեայ յեղափոխութեան» նկատմամբ։ Յետոյ Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութիւն եղաւ. նորից գրեթէ լռութիւն տիրեց։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Արեւմտեան կողմը բաւականին տրամաբանօրէն ու պրագմատիկ է պարզաբանում, թէ ինչու Եւրոպան ու ԱՄՆ-ն չշտապեցին հրճւանքով դիմաւորել «թաւշեայ յեղափոխութեան» փաստը։ Եթէ պարզեցնենք եւրոպական ու ամերիկեան պաշտօնեաների ու դիւանագէտների խօսքերը, ապա նրանց ասածը տեղաւորւում է մի արտայայտութեան մէջ. «Աշխատէք, կը տեսնենք` ինչ է ստացւում, կորոշենք»։

Հիմա ստիպւած ենք աշխատել։

Յետոյ հնչեց Թուրքիային ուղղւած Փաշինեանի ուղերձն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմաների կարգաւորել յարաբերութիւններն արեւմտեան հարեւանի հետ։ Այդ արտայայտութեան մէջ առանձնապէս ոչինչ չկայ, դա Սերժ Սարգսեանի սկսած «ֆուտբոլային քաղաքականութեան» շարունակութիւնն է։ Հիմա կարեւոր էր կրկնել Հայաստանի դիրքորոշումն ու ցոյց տալ, որ Երեւանի դիրքորոշման մէջ փոփոխութիւններ չեն եղել ու մենք հիմա էլ պատրաստ ենք կարգաւորել յարաբերութիւնները։

Ի տարբերութիւն թուրքական լրատւամիջոցների ու առանձին անձանց, պաշտօնական Անկարան գրեթէ չարձագանգեց հայկական իշխանութեան այդ ուղերձին` հաստատելով իր հայեացքների հաստատուն լինելը։ Ճիշտ է` որոշ ժամանակ անց Բինալի Եըլդըրըմը՝ խորհրդարանի խօսնակը, այդ թեմայի շուրջ հետաքրքիր բան ասաց։

«Եթէ Հայաստանը հրաժարւի մեր տարածքային ամբողջականութեան ու սահմանների վերաբերեալ իր սխալ դիրքորոշումից, եթէ նա ուզենայ նոր էջ բացել, մենք կը կարողանանք փոխադարձ քայլեր անել»,- այսպյս է արտայայտւել Եըլդըրըմը։

Այստեղ երկու հետաքրքիր պահ կայ. նախ աչքի է ընկնում այն, որ Արցախի մասին յիշատակում չկայ: Թուրքիան միշտ այսպիսի դէպքերում յայտնում է իր դիրքորոշումը հակամարտութեան վերաբերեալ, իսկ այստեղ լռութիւն է։ Այնպէս չէ, որ այդ թեման մի վայրկեանում դադարել է հետաքրքրել Անկարային, իհարկէ՝ ոչ։ Պարզապէս, հաւանաբար Անկարան այդ առումով այլ մտավախութիւններ ունի, որոնք ստւերի տակ են թողնում արցախեան հիմնախնդիրը։

Բանն այն է, որ Երեւանը երբեք ոչ մի նախագահի ու վարչապետի օրօք Թուրքիային ոչ մի տարածքային հաւակնութիւն չի յայտնել։ Այդ պատճառով Եըլդըրըմի յայտարարութիւնը շատ տարօրինակ հնչեց, ու պէտք էր ուղիղ կամ կողմնակի յայտարարութիւնների սպասել։

Երկար չսպասեցինք, կողմնակի պարզաբանում եղաւ։ Թուրքական լրատւամիջոցներում սկսեցին կարծիքներ հնչել, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնները ղեկավարում է հզօր աշխարհասփիւռ հայութիւնը։ Դատողութիւնները ծանրակշիռ դարձնելու համար յղում էին անում թուրքական յատուկ ծառայութիւների աղբիւրներին, որպէս կանոն՝ անանուն աղբիւրներին։

Թուրքերն սկսեցին այդ ամէնից եզրակացութիւններ անել. քանի որ, թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ, նոր կառավարութիւնում լայնօրէն ներկայացւած են Արեւմուտքի հիմնադրամների ու կազմակերպութիւններից ֆինանսաւորած մարդիկ, ապա Երեւանը, հնարաւոր է, արեւմտեան ազդեցութեան տակ ընկնի, իսկ դա նշանակում է, որ սփիւռքի ազդեցութիւնը Երեւանի քաղաքականութեան վրայ կուժեղանայ։ Իսկ քանի որ, թուրքերի պատկերացմամբ, «հայկական սփիւռքը» կազմւած է Թուրքիայի նկատմամբ «տարածքային հաւակնութիւններից», ապա եզրակացութիւն է արւում, որ մօտ է այն օրը, երբ Երեւանը հաւակնութիւններ կը ներկայացնի «Մեծ Հայքի», կամ առնւազն՝ Արարատի նկատմամբ։

Այդ մտավախութիւններն, իհարկէ, քրդական գործօնով են պայմանաւորւած. դա մի խնդիր է, որը թուրքերը չեն կարողանում լուծել։ Այդ գործօնը բարդացնում է նաեւ այն, որ Թուրքիայի յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ ակնյայտօրէն վատանում են, լուրեր են եկան, որ Վաշինգտոնն արդէն սկսել է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դէմ` կապւած ամերիկեան կործանիչների հետ։ Ու ոչինչ, որ նախագահը դեռ պէտք է ստորագրի համապատասխան հրամանը, սպառնալիքն արդէն իրական է։

Այդ համատեքստում՝ Անկարայում, հաւանաբար, կարծում են, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել հայկական գործօնը անսանձ Էրդողանին սանձահարելու համար: Ինչպէս դա իրականում պէտք է արի՝ անհնար է երեւակայել. ռազմական ճանապարհով Հայաստանը չի կարող վերադարձնել իր հողերը, ԱՄՆ-ն էլ Թուրքիայի ուժը չի փորձի. ոչ մի հարցով ու երբեք։

Սակայն օսմանների հետնորդների մշտական վախերը ջրի երես են դուրս գալիս՝ նոյնիսկ, երբ գիտեն «տարածքային հաւանութիւնների» իրականութիւն դառնալու անհնարինութիւնը: Անկարան վախենում է միայն դրանք բարձրաձայնելու փաստից։ Քրդերից էլ են վախենում, թէեւ նրանք էլ ռազմական ճանապարհով չեն կարող ուզածին հասնել։ Այդպէս լինում է, երբ մարդ աչքը դնում է ուրիշի բանին, ու թէեւ «ուրիշինը» եօթ կողպէքի տակ է, նա անհանգիստ է, մէկ էլ տեսար տէրն եկաւ ու ձեռքից առաւ։

Ու այստեղ արդէն պարադոքսալ (միայն առաջին հայեացքից) միտք է առաջանում. Չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն ու, անկասկած, արեւմտամէտ ուղղւածութեանը, Անկարային աւելի քան ձեռնտու է Հայաստանի ռուսամէտ ուղղւածութիւնը։ Թուրքիան շատ աւելի հաւեսով կընդունի այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ է համագործակցում, քան Արեւմուտքի, նոյնիսկ գիտակցելով, որ պրակտիկօրէն այդ ուղղւածութիւնն անհնար է փոխել։

Սակայն այդ գիտակցութիւնը կորում է թուրքական հոգու խորքերում, երբ Հայաստանի կողմից «տարածքային հաւակնութիւնների» թւկուզ եւ ցնորային ենթադրութիւն է առաջանում։ Ու որքա՜ն ուժեղ ազդեցութիւն ունեն այդ ենթադրութիւնները, որ Անկարայի պաշտօնեաները նոյնիսկ մոռանում է արցախեան հիմնախնդրի թեման։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։