Հա

Քաղաքական

08/08/2018

«Reuters». «Մահափորձն ու ցոյցերն ահազանգ են Ադրբեջանի ղեկավարութեան համար»

Ադրբեջանի երկրորդ քաղաք Գեանջայում քաղաքապետի դէմ մահափորձն ու ցոյցերն ահազանգում են ղեկավարութեանը, որ խիստ վերահսկողութեան ներքոյ գտնւող այս երկրում դժգոհութիւնները գլուխ են բարձրացնում:

«alikonline.ir» - Ադրբեջանի երկրորդ քաղաք Գեանջայում քաղաքապետի դէմ մահափորձն ու ցոյցերն ահազանգում են ղեկավարութեանը, որ խիստ վերահսկողութեան ներքոյ գտնւող այս երկրում դժգոհութիւնները գլուխ են բարձրացնում: Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է «Reuters» գործակալութեան խմբագրական յօդւածում:

Նշւում է, որ Ադրբեջանում իշխանութիւնների դէմ նման ընդվզումներ հազւադէպ են լինում եւ սովորաբար արագ ճնշւում են:

Ադրբեջանն անկախանալուց ի վեր հարստացել է նաւթարդիւնաբերութեան հաշւին: Սակայն նախագահ Իլհամ Ալիեւի հակառակորդները պնդում են, որ մարդիկ, յատկապէս՝ մայրաքաղաքից դուրս ապրողները, գրեթէ չեն տեսել նաւթից ստացւած շահոյթը: Նրանք մեղադրում են Ալիեւի կառավարութեանը մարդու իրաւունքների ոտնահարման մէջ: Վերջինները, քաղաքապէտ Էլմար Վալիեւին համեմատելով Ալիեւի հետ, ասում են, որ Վալիեւը Գեանջային վերաբերւում էր սեփական ագարակի պէս՝ աղքատ բնակչութեանը հաշւի չառնելով, ինչպէս նաեւ իր ճանապարհից հեռացնելով բոլորին:

Ըստ խմբագրականի՝ Ալիեւը տարակարծութիւն չի հանդուրժում, իսկ ընդդիմութիւնը թոյլ է, ուստի Գեանջայի ընդվզումը կարճատեւ էր եւ, կարծես, չի տարածւում:

Գեանջայի տեղական իշխանութիւնները «Reuters»-ին յայտնել են, որ Վալիեւի հասցէին հնչած քննադատութիւնն «անհիմն է եւ կողմնակալ»: Սակայն խմբագրականում նշւում է, որ քաղաքի դէպքերը վկայում են, թէ նաւթի գների անկման դէպքում Ադրբեջանի ղեկավարութեան համար դժւար կը լինի պահպանել իշխանութիւնը, քանի որ տնտեսութիւնը մեծապէս կախւած է էներգետիկ հատւածից, իսկ սոցիալական ապահովւածութիւնը խիստ տարբերւում է հասարակութեան շերտերի միջեւ:

Տարածաշրջանի միւս երկարամեայ առաջնորդներն ուշադիր հետեւում են դէպքերի զարգացմանը. Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը եւս ունեն էներգետիկ ոլորտի վրայ հիմնւած տնտեսութիւն, եւ դրանց առաջնորդներն անհանգստանում են ցանկացած ընդվզման հնարաւորութիւնից:

Եւրոպան եւս հետեւում է՝ էներգետիկ պաշարների ձեռքբերման հարցում Ադրբեջանին համարելով Ռուսաստանի հաւանական փոխարինող:

Ալիեւը ցոյց է տւել իր անհանգստութիւնը՝ Գեանջայի գործի քննութիւնը յանձն առնելով: Նա դէպքերը նկարագրել է որպէս ահաբեկչական եւ ադրբեջանական պետականութեան ու հասարակութեան դէմ ուղղւած քայլ:

Խմբագրականում նշւում է, որ, բնակիչների խօսքով, իշխանութիւնների անհանգստութիւնը երեւում է նաեւ բողոքի ցոյցերի լուրերի տարածումը կասեցնելու փորձից: Յաջորդ երկու օրերին Գեանջայում ինտերնետ կապի ծառայութիւններն անջատւած են եղել՝ դժւարացնելով սոցիալական ցանցերից օգտւելու հնարաւորութիւնը:

Ալիեւի կողմնակիցներն ասում են, որ նա երկիրը դարձրել է աւելի ժամանակակից եւ ամուր կապեր է հաստատել Եւրոպայի հետ: Խմբագրականում նշւում է, որ վերջին տարիներին հասարակական զայրոյթի նշաններն ուժգնացել են: Բաքւում 2011 թւականի բողոքի ցոյցերով մարդիկ պահանջում էին Ալիեւի կառավարութեան հեռացումը, ինչն աւարտւեց անվտանգութեան համակարգի խախտմամբ ու մեծաթիւ ձերբակալութիւններով:

2016 թւականին ադրբեջանական երեք քաղաքներում բողոքի ցոյցեր են տեղի ունեցել՝ հացի գնի բարձրացման եւ նաւթի գների անկմանը զուգահեռ՝ ադրբեջանական դրամի արժեզրկման շուրջ: Ոստիկանութիւնն ի պատասխան շատերին ձերբակալել է: Գեանջայի ընդվզումը եւս ճնշւել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։