Հա

Քաղաքական

09/08/2018 - 10:40

«The New York Times». «Ինչո՞ւ խախտւեց Թուրքիայի հետ Թրամփի պայմանաւորւածութիւնը»

Թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վատթարացման պարագայում շեշտը պիտի դրւի ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների` բանտից ազատելու վրայ: Այս մասին ասւում է «The New York Times»-ի թուրք թղթակից Ամբերին Զամանի յօդւածում: 

«alikonline.ir» - Թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վատթարացման պարագայում շեշտը պիտի դրւի ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների` բանտից ազատելու վրայ: Այս մասին ասւում է «The New York Times»-ի թուրք թղթակից Ամբերին Զամանի յօդւածում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ըստ նրա՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնները տեւական ժամանակ արդէն լարւած էին եւ էլ աւելի սրւեցին ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնի գործով ԱՄՆ-ի կողմից երկու թուրք նախարարների դէմ պատժամիջոցներ սահմանելու արդիւնքում:

Թրամփի զայրոյթը կապւած է այն բանի հետ, որ նա կարծում էր՝ պայմանաւորւել են Էրդողանի հետ: Ըստ որոշ փորձագէտների՝ նման պայմանաւորւածութիւնը շահաւէտ կը լինէր Թուրքիայի համար: Հոգեւորականին ազատ արձակելու դիմաց Վաշինգտոնը պատրաստւում էր իջեցնել Իրանի նկատմամբ սահմանւած ԱՄՆ պատժամիջոցներից խոյս տալու համար Թուրքիայի պետական Հալքբանկին ներկայացւած միլիարդաւոր դոլարների տուգանքը: Նաեւ առաջարկւում էր Մանհեթենում տւեալ գործով դատապարտւած թուրք գործադիրին թոյլ տալ ազատազրկման մնացած ժամկէտը Թուրքիայի բանտերից մէկում անցկացնել:

Հեղինակի խօսքով՝ Թրամփը նոյնիսկ համոզել էր Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուին, որպէսզի վերջինը ՀԱՄԱՍ-ի հետ կապի մէջ մեղադրւող թուրք կնոջն արտայանձնի Թուրքիային: Սակայն պայմանաւորւածութիւնը ձախողւեց, երբ Էրդողանը վերջին պահին ԱՄՆ-ից պահանջեց դադարեցնել Հալքբանկի դէմ տարւող հետաքննութիւնը: Այսպէս՝ Բրանսոնը տնային կալանքի տակ առնւեց: Ըստ լրագրողի՝ Թուրքիան ձեռքից մեծ հնարաւորութիւն բաց թողեց, եւ ԱՄՆ-ն սահմանեց պատժամիջոցները:

Էրդողանը սպառնացել է նոյն կերպ պատասխանել ԱՄՆ-ին: Թուրքական կառավարամէտ լրատւամիջոցներն էլ յորդորում են ԱՄՆ զօրքերը դուրս բերել Ինջիրլիքից (թուրքական ռազմաբազա, որն օգտագործւում է ԴԱԷՇ զինեալների դէմ պայքարի ու այլ նպատակների համար), սակայն առայժմ թուրքական կառավարութիւնն այդ ուղղութեամբ քայլեր չի անում:

Ամբերին Զամանը նշում է, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ յարաբերութիւններն այսքան չէին սրւել 1974 թւականից ի վեր, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս: Սակայն նա կարծում է, որ նոյնիսկ եթէ Բրանսոնն ազատ արձակւի, դրանով թուրք-ամերիկեան յարաբերութիւններն էապէս չեն բարելաււի:

Թուրքիան փակի տակ է պահում ԱՄՆ մի քանի քաղաքացիների, այդ թւում՝ ՆԱՍԱ-ի ազգութեամբ թուրք գիտնական Սերքան Գոլջին, ում զայրացած բարեկամներից մէկը պնդել էր, որ վերջինը կապ ունի Էրդողանի դէմ կազմակերպւած յեղաշրջման հետ: Ամերիկեան հիւպատոսութիւններում աշխատող եւս 3 թուրք պաշտօնեաներ ձերբակալւած են ահաբեկչական բնոյթի մի շարք մեղադրանքներով:

Թրամփի վարչակազմից ոմանք պնդում են, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պէտք է բարելաււեն, քանի որ նման կտրուկ քայլերը կարող են Էրդողանին Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի գիրկը մղել: Իսկ Էրդողանը, որին բազմաթիւ մահմեդականներ ողջունում են Պաղեստինի հիմնախնդրի համար, կարող է խզել Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ կապերը: Հեղինակը պնդում է, որ նրանք սխալւում են:

Նրա կարծիքով, եթէ Վաշինգտոնը շարունակի նոյն տեմպով, ապա կարող է Էրդողանին ստիպել գնալ ժողովրդավարացման ճանապարհով: Ի վերջոյ՝ նման բախումից Թուրքիան անհամեմատ աւելի շատ կորցնելու բան ունի, քան ԱՄՆ-ն: Ամերիկացիները եւրոպացիների չափ տնտեսական լծակներ չունեն Թուրքիայի նկատմամբ, սակայն, թուրքական հանդգնութիւնից զայրացած, Կոնգրեսն այժմ ուզում է, որ Թրամփի վարչակազմն արգելափակի Արժոյթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից Թուրքիային տրւող ֆինանսաւորումը: Իսկ դա խիստ անհրաժեշտ է Թուրքիային՝ տնտեսական խնդիրները լուծելու համար:

Մինչ Էրդողանը պարբերաբար դատարկում է Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները, օտարերկրեայ ներդրողները շարունակում են հեռանալ: Տնտեսական խնդիրներին զուգընթաց՝ Էրդողանի մեծաթիւ աջակիցներ կարող են վերանայել իրենց հաւատարմութիւնը: Ի տարբերութիւն Իրանի՝ Թուրքիան նաւթ չունի, որով կը կարողանար փոխհատուցել իր առաջնորդների քմահաճոյքները:

Հեղինակի խօսքով՝ չնայած Սիրիայի քրդերի դէմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելուն՝ Թուրքիային անհանգստացնում է Սեւ ծովում եւ Հարաւային Կովկասում Ռուսաստանի քաղաքականութիւնը:

Ամփոփելով՝ հեղինակը գրում է, որ անկախ Էրդողանի խօսքերից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարիքն ունի, եւ նա այդ մասին շատ լաւ գիտի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։