Հա

Քաղաքական

13/08/2018

Թրամփի նախկին խորհրդականը նրան ռասիզմի մէջ է մեղադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Օմարոսա Մանիգոլթ-Նիւմանը յայտարարել է, որ գաղտնի ձայնագրել է Սպիտակ տանը վարած խօսակցութիւնները, ներառեալ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ իր ազատման մասին զրոյցը իրավիճակային սենեակում, որտեղ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումներ են կիրառում: Այս չափազանց արտառոց խոստովանութիւնը անմիջապէս հարուցել է նախագահի դաշնակիցների քննադատութիւնը: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Օմարոսա Մանիգոլթ-Նիւմանը յայտարարել է, որ գաղտնի ձայնագրել է Սպիտակ տանը վարած խօսակցութիւնները, ներառեալ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ իր ազատման մասին զրոյցը իրավիճակային սենեակում, որտեղ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումներ են կիրառում: Այս չափազանց արտառոց խոստովանութիւնը անմիջապէս հարուցել է նախագահի դաշնակիցների քննադատութիւնը: Գրում է «news.am»-ը:

Քելիի հետ զրոյցի հատւածները ներկայացւել են «NBC»-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրի եթերում, որին նա մասնակցել է իր նոր՝ «Օղակից պոկւած» գրքի հրապարակման հետ կապւած, որը կը սկսի վաճառւել օրերս:

Գրքում նա Դոնալդ Թրամփին մռայլ բնութագրականով է ներկայացնում: Մանիգոլթ-Նիւմանը մասնակցել է Թրամփի «The Apprentice» ռէալիթի շոուին եւ պնդում է, իհարկէ՝ առանց որեւէ ապացոյցի, որ կան այդ շոուի ձայնագրութիւնները, որոնցում Թրամփն արտաբերում է «նեգր» բառը:

Ըստ որում՝ նա գրում է, որ անձամբ այդ ձայնագրութիւնները չի լսել: Սակայն հաղորդավար Չաք Թոդին հաւաստիացրել է, որ գրքի վրայ աշխատանքն աւարտելուց յետոյ լսել է Թարմփի ձայնագրութիւնը Լոս Անջելէս կատարած ուղեւորութեան ժամանակ:

«Սթափ դատող ոչ մէկը տեղին չի համարի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իրավիճակային սենեակում ձայնագրելը»,- «Twitter»-ում  գրել է Հանրապետական կուսակցութեան Ազգային կոմիտէի նախագահ Ռոնա Մակդենիէլը: Արգելւած է իրավիճակային սենեակ տանել բջջային հեռախօսներ եւ այլ ձայնագրող սարքեր:

Ձայնագրութեան մէջ, որը վերարտադրւել է եթերում, եւ որը Մանիգոլթ-Նիւմանը մէջբերել է իր գրքում, լսւում է, թէ ինչպէս է Քելին ասում, որ նա կարող է Սպիտակ տանն անցկացրած ժամանակը համարել որպէս «երկրին ծառայելու» տարի, եւ յիշեցնում է «ապագայ պոտենցիալ դժւարութիւնների» մասին՝ կապւած իր «հեղինակութեան» հետ: Մանիգոլթ-Նիւմանն ասել է, որ դա որպէս «սպառնալիք» է գնահատել եւ պաշտպանել է այդ եւ Սպիտակ տան այլ խօսակցութիւնները ձայնագրելու իր որոշման իրաւացիութիւնը՝ դա պաշտպանւելու ձեւ համարելով: «Եթէ ես այդ ձայնագրութիւնները չունենայի, Ամերիկայում ոչ ոք ինձ չէր հաւատայ»,- ասել է նա:

Սպիտակ տունն առայժմ չի արձագանգել խօսակցութեան ձայնագրութեանը, սակայն փորձել է գիրքն անւանարկել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը յայտարարել է, որ գիրքը «լեցուն է ստով եւ կեղծ մեղադրանքներով», իսկ Թրամփը շաբաթ Մանիգոլթ-Նիւմանին «անպիտան» է անւանել:

Մանիգոլթ-Նիւմանը երկար տարիներ ԱՄՆ նախագահի համոզւած հետեւորդներից էր: Աֆրոամերիկացի լինելով, որը Սպիտակ տանը բարձր պաշտօն է զբաղեցնում, նա հերքել է այն պնդումները, որ նախագահը ռասիստ է: Հիմա նա յայտարարում է, որ Թրամփն իրեն մի քանի տարի շարունակ «օգտագործել» է, եւ նրան «խարդախ» է անւանում, որը «քողարկւում է մարդու դիմակի տակ՝ պատրաստ աշխատելու մարդկանց ամենատարբեր խմբերի հետ», չնայած «իսկական ռասիստ» է:

Շառլոթսւիլում սպիտակ ռասայի գերազանցութեան գաղափարի կողմնակիցների ակցիայի տարեդարձին Մանիգոլթ-Նիւմանը յայտարարել է, որ Թրամփը ռասայական հարցն օգտագործում է «ընտրազանգւածին գրգռելու» համար, եւ որ նա ընդունակ չէ երկիրը միաւորել, քանի որ «ամէն օր իրեն երկրից բարձր է դասում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։