Հա

Քաղաքական

14/08/2018 - 10:30

«The Financial Times». «Պուտինը խոստանում է խորացնել կապերն Իրանի եւ մերձկասպեան միւս երկրների հետ»

Ռուսաստանը խոստանում է խորացնել համագործակցութիւնն Իրանի եւ Կենտրոնական Ասիայի իր հարեւանների հետ Կասպից ծովի վերաբերեալ համաձայնագրով, որը ճանապարհ է հարթում երկար սպասւած էներգետիկ ծրագրերի իրագործման եւ աշխարհի ամենամեծ լճի աւազանում Ռուսաստանի ռազմական գերակայութեան հաստատման համար: 

«alikonline.ir» - Ռուսաստանը խոստանում է խորացնել համագործակցութիւնն Իրանի եւ Կենտրոնական Ասիայի իր հարեւանների հետ Կասպից ծովի վերաբերեալ համաձայնագրով, որը ճանապարհ է հարթում երկար սպասւած էներգետիկ ծրագրերի իրագործման եւ աշխարհի ամենամեծ լճի աւազանում Ռուսաստանի ռազմական գերակայութեան հաստատման համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Financial Times»-ի՝ Մոսկւայի եւ Կենտրոնական Ասիայի թղթակից Հենրի Ֆոյը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ողջունել է Կասպից ծովի աւազանի երկրներին՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը կարեւորելու եւ Իրանին աջակցելու համար, երբ ԱՄՆ-ն միակողմանիօրէն դուրս է եկել համաձայնագրից եւ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ:

Ըստ հեղինակի՝ Մոսկւան վաղուց է Կասպից ծովը դիտարկում իր ազդեցութեան գօտում եւ փորձում է խոչընդոտել կամ դադարեցնել դրա դէմ ուղղւած ցանկացած տարածաշրջանային ծրագիր, ինչպէս, օրինակ, Թուրքմենստանի առաջարկած անդրծովեան գազատարի ծրագիրն է, որով վերջ կը դրւէր Եւրոպայում ռուսական գազի առկայութեանը: Բայց Պուտինը համաձայնել է կնքել նման հռչակագիր, որպէսզի ամրապնդի Իրանի հետ կապերը եւ կենտրոնական Ասիայի իր հարեւանների հետ համագործակցութիւնը, մինչ Չինաստանն ու ԱՄՆ-ն փորձում են աւելացնել տարածաշրջանում իրենց ազդեցութիւնը: Փոխարէնը Ռուսաստանը ձեռք է բերում երաշխիք, որ Կասպից ծովի աւազանում այլ ուժերի ռազմական ներկայութիւն չի լինի, եւ իր ռազմածովային ուժերը Կասպից ծովում կունենան բացարձակ վերահսկողութիւն:

«Ռուսաստանը վերջին իրադարձութիւնների խթանիչ ուժն էր, սակայն դեռ հարկ է պարզել՝ արդեօ՞ք Մոսկւան որեւէ բան զիջել է, իսկ անվտանգութեան տեսանկիւնից Ռուսաստանը միանշանակ շահել է»,- կարծում է Կենտրոնական Ասիայի հարցերով «Verisk Maplecroft»-ի վերլուծաբան Կամիլիա Հագելունդը:

Սակայն, ըստ նրա՝ անհասկանալի է, թէ ինչ ազդեցութիւն կունենան Կասպից ծովի աւազանի երկրների կնքած երկկողմ պայմանագրերը տւեալ հռչակագրի գործողութեան վրայ:

Հեղինակը նշում է, որ տարբեր երկկողմ համաձայնագրերը կողմերին հաւաքել են բանակցութիւնների սեղանի շուրջ: Ռուսաստանը Թուրքմենստանից գազի ներմուծման պատրաստակամութիւն է յայտնել, որով կօգնի ոտքի կանգնեցնել երկրի տնտեսութիւնը, մինչդեռ Ադրբեջանը նոյնպէս ցանկանում է աւելացնել գազի ներկրումը, որպէսզի լրացնի սեփական արտադրութեան բացը:

Հռչակագրով լուծւում է նաեւ Կասպից ծովի իրաւական կարգավիճակը: Լճի մակերեսի ջուրը կօգտագործւի ընդհանուր հիմունքով՝ ինչպէս ծովի ջրերը՝ ըստ միջազգային իրաւունքի նորմերի: Ծովափնեայ տարածքն ու հողի ստորին շերտը կը բաժանւեն ցամաքի նմանութեամբ, չնայած կոնկրետ մանրամասները դեռ պարզ չեն: Սա թոյլ կը տայ, Կասպից ծովի աւազանի երկրների համաձայնութեան պարագայում, իրականացնել գազատարի ստորջրեայ կառուցման աշխատանքներ, որը վերջ կը դնի թուրքմենական գազատարի շուրջ տարիներ շարունակւող իրաւական խնդիրներին:

Հենրի Ֆոյը գրում է, որ ռազմական ներկայութեան արգելքը Ռուսաստանի համար յաղթանակ է, որով կարգելւի ՆԱՏՕ-ի եւ Չինաստանի կողմից Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնելու ցանկացած փորձ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ ասել է, որ մտադիր է մինչեւ 2025 թւականը Կասպից ծովում նոր խորջրեայ նաւահանգիստ կառուցել:

Մոսկւան նաեւ ցանկանում է յարաբերութիւններն ամրապնդել Թեհրանի հետ: Երկրները դաշնակցում են Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին սատարելու հարցում, եւ երկուսն էլ շարունակ յայտնւում են համաշխարհային շուկաներից դուրս՝ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։