Հա

Քաղաքական

15/08/2018

«Eurasianet.org». «Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգութի՞ւն, թէ՞ գաղտնի միաբանութիւն»

ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպէսզի աջակցութիւն ցուցաբերի Վրաստանի եւ Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եւրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: 

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպէսզի աջակցութիւն ցուցաբերի Վրաստանի եւ Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եւրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «Eurasianet.org» կայքի՝ Թուրքիայի եւ Կովկասի հարցերով խմբագիր Ջոշուա Կուչերան:

Ըստ նրա՝ արտաքինից սա սովորական այց է տարածաշրջան՝ էներգետիկ անվտանգութեան մասին շեշտադրումներով եւ Վրաստանին սահմանակից դէ ֆակտօ անկախ Հարաւային Օսիա այցով: Բայց այն, որ այդ կոնգրեսականը Դեւին Նունէսն է, մի շարք դաւադրութիւնների տեսութիւնների տեղիք է տւել, քանի որ վերջինը յայտնի է վերջերս նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ հնարաւոր գաղտնի կապերը հերքելով:

Թրամփի դէմ «#resistance»-ի հիմնադիր ինտերնետային հարթակը՝ «Daily Kos»-ը գրում է. «Ո՞ւր է ընդհանրապէս Դեւին Նունէսը: Ադրբեջանում կեղծ վկաներ է հաւաքում»: Մեղադրանքը կապւած է ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովի հետ, ով կազմակերպել էր Թրամփի քարոզարշաւի կազմակերպիչների եւ մի քանի ռուսների հանդիպումը, որոնք էլ խօստացել էին ցեխ շպրտել 2016 թ. նախագահական ընտրութիւններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի վրայ:

Ըստ խմբագրի, եթէ դա իրականում Նունէսի առաքելութիւնն էր, ապա նա լաւ թաքցրել է այդ հանգամանքը: Եւ նրա ներկայացրած վարկածն առնւազն համընկնում է իր բազմաթիւ այլ գործընկերների ասածների հետ, որոնք տարիների ընթացքում բազմիցս նմանատիպ այցեր են կատարել: Ադրբեջանում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով, ի դէպ, Աղալարովի նախկին աներն է։ Նրանք քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում բարեյաջող համագործակցութեան հարցեր, ինչպէս յայտնում է տեղի մամուլը:

Վրաստանում նա հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձէի հետ, ինչից յետոյ վերջինը թւիթերեան իր էջում յոյս է յայտնել, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային եւ տնտեսական համագործակցութիւնը, սերտ քաղաքական յարաբերութիւններին համընթաց, կը զարգանայ:

Կուչերան կարծում է, որ Նունէսի այցի շեշտադրումներից մէկն էլ, հաւանաբար, գազի հարաւային միջանցքն է, որը պէտք է բնական գազ մատակարարի Եւրոպային Կասպից ծովից՝ դրանով փորձելով թուլացնել շուկայում Ռուսաստանի դերը:

«Միակ ձեւը, որով վերջապէս կը կարողանանք Ռուսաստանին դիմակայել, նրան ասելն է, որ էներգիայի համար նրանից կախւած չենք լինելու»,- ասել է Նունէսը:

Կոնգրեսականը նաեւ անդրադարձել է Իտալիայի ընդդիմութեանը եւ Տրանսադրիատիկ գազատարին, ինչը նա նկարագրել է որպէս ռուսական քարոզչութիւն: Ըստ նրա՝ ռուսական քարոզչութիւնն իսկապէս գործում է Իտալիայում, եւ իտալացիներին դեռեւս չի յաջողւել դուրս գալ այս ծրագրից:

Խմբագրի խօսքով՝ սրանք Բաքւի սիրտը շահելու համար հնչեցրած խօսքեր են, սակայն Նունէսը նաեւ յայտնի է երկար ժամանակ Հայաստանին ցուցաբերած աջակցութեամբ: Վերջերս նա ստորագրել է հայամէտ բազմաթիւ բաց նամակների տակ, այդ թւում՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրւող ԱՄՆ օգնութեան առաւել մեծ փաթեթի օգտին նամակի: Նունէսը նաեւ ապրիլին նամակ է ստորագրել, որը Թրամփին կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։