Հա

Քաղաքական

15/08/2018 - 13:50

Մաքսատուրք՝ մաքսատուրքի հետեւից. Թուրքիան ԱՄՆ-ի հետ «առեւտրային պատերազմի» մէջ է ներքաշւել

Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի հետ «առեւտրային պատերազմին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կարգադրութեամբ չորեքշաբթի, ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների, կտրուկ բարձրացւել են մի շարք ամերիկեան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։

«alikonline.ir» - Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի հետ «առեւտրային պատերազմին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կարգադրութեամբ չորեքշաբթի, ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների, կտրուկ բարձրացւել են մի շարք ամերիկեան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն աւելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, աւելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների եւ մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը: Գրում է «tert.am»-ը:

Նախօրէին Էրդողանը յայտարարել էր, որ երկիրը կը բոյկոտի Միացեալ Նահանգներում արտադրւող էլեկտրատեխնիկան:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալիւմինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպէս նաեւ Թուրքիայում ամերիկացի հոգեւորականի կալանաւորման շուրջ տարաձայնութիւնների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը, ինչպէս նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոպիտ հռետորաբանութիւնը յանգեցրել են դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկմանը։ Սա առաջացրել է Էրդողանի խիստ բացասական արձագանգը։ Նա ԱՄՆ-ի գործողութիւնները «հարւած թիկունքից» է անւանել, յայտարարել է նոր դաշնակիցներ փնտրելու մասին, հաւաստիացրել է, որ Թուրքիան չի պարտւի «առեւտրային պատերազմում» եւ խոստացել է պատասխան տալ մաքսատուրքերի սահմանմանը։

Էրդողանը վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերը յաջողութեամբ չեն պսակւի։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է վնաս հասցնել թուրքական տնտեսութեանը, քանի որ «այն համարւում է ամենաուժեղներից մէկը»։

Վերլուծաբանները նշում են, որ թուրքական լիրայի արժեզրկման խնդիրը երէկ չի առաջացել ու կապւած չէ միայն պատժամիջոցների ու մաքսատուրքերի հետ։ Թուրքական լիրայի արժեզրկումը պայմանաւորւած է նաեւ դրամավարկային քաղաքականութեան վրայ Էրդողանի ազդեցութեան հետ կապւած մտավախութիւններով։ Նման կարծիք է յայտնել փորձագէտ Գայդար Հասանովը։ «Sberbank CIB»-ից էլ Անդրէյ Կուզնեցովը յայտնել է, որ Թուրքիայում շարունակւում է արժութային ճգնաժամը. տեղի դրամավարկային իշխանութիւնները դեռ չեն ներկայացրել միջոցառումների ծրագիր, որոնք կը յուսադրէին շուկայի մասնակիցներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։