Հա

Քաղաքական

16/08/2018

Յուշարձանները ոչնչացնում են, ակտիւիստներին` բանտարկում. Ադրբեջանն ազատւում է թալիշներից

Թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի նախագահ Իբրահիմ Զահիրադդինը «Sputnik» Արմենիային պատմել է, թէ ինչ քայլերի են դիմում Ադրբեջանում թալիշներին վերացնելու համար։

«alikonline.ir» - Թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի նախագահ Իբրահիմ Զահիրադդինը «Sputnik» Արմենիային պատմել է, թէ ինչ քայլերի են դիմում Ադրբեջանում թալիշներին վերացնելու համար։

Ադրբեջանի տարածքում ապրող թալիշ ժողովուրդը վճռական է իր ինքնավարութեան իրաւունքի համար պայքարելու հարցում։ Այս մասին ասաց Թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի նախագահ Զահիրադդին Իբրահիմը` անդրադառնալով Թալիշ-Մուղանեան ինքնավար Հանրապետութեան վտարանդի կառավարութիւն կազմաւորելու մասին վերջերս արւած յայտարարութեանը։

«Դրանով մենք աշխարհին յայտարարում ենք, որ Ալիեւի իշխանութիւնը ոչ միայն չի հանդիսանում թալիշ ժողովրդի իշխանութիւնը, այլեւ դրա թշնամին է, որովհետեւ Ալիեւն ու Ադրբեջանի իշխանութիւնը 25 տարի շարունակ թալիշ ժողովրդի ոչնչացման քաղաքականութիւն են վարում»,- ասաց Իբրահիմը։

Նրա խօսքով` թալիշական ինքնավար Հանրապետութեան հռչակումից 25 տարի անց էլ ինքնահռչակ այդ երկրի իշխանութիւնները ստիպւած են մնալ պարտադրւած էմիգրացիայի մէջ, քանի որ Ադրբեջան վերադառնալն անհնար է։ Ինքնավար Հանրապետութիւն հռչակելու առաջին իսկ փորձից յետոյ, նրա խօսքով՝ թալիշ ակտիւիստներին համատարած բանտարկեցին։ Շատերը ստիպւած եղան փախչել Ադրբեջանից ու մինչ օրս մնում են օտարութեան մէջ։

«Ալիեւն Ադրբեջանում միապետութիւն է հաստատել, երկրում չկայ ազատ մամուլ, թալիշ ժողովուրդը զրկւած է ազգատեաց պետական քաղաքականութեան դէմ իր տեսակէտը յայտնելու իրաւունքից։ Ադրբեջանում արգելւած է անգամ թալիշ եզրոյթը։ Մեր պատմութիւնը վերագրւում է թուրքերին, մեր պատմական յուշարձանները ոչնչացւում են, պատմական դէմքերի գերեզմանաքարերը գողացւել, աւերւել են։ Ամէն ինչ արւում է թալիշ ժողովրդին աշխարհի երեսից ջնջելու համար,- պատմեց թալիշ զրուցակիցը,- մեր ակտիւիստները բազմիցս դիմել են կառավարութեանը` ազգային հեռուստաալիք ունենալու թոյլտւութիւն ստանալու, թալիշերէն դասաւանդում թոյլ տալու խնդրանքով։ Այս բոլոր դիմումներն անտեսւել են։ Մեր ակտիւիստներն էլ անընդհատ ճնշման ու սպառնալիքների տակ են։ Շատերը վտարւել են Ադրբեջանից ու զրկւել քաղաքացիութիւնից»,- ասաց թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի նախագահը։

Այս իրավիճակում Երեւանի պետական համալսարանում թալիշագիտութեան ամբիոնի առկայութիւնն ու թալիշերէնի դասաւանդումը Իբրահիմ Զահիրադդինն իր ժողովրդի համար ճակատագրական է համարում, քանի որ Ադրբեջանի պետական մակարդակով տարւող էթնոցիդի պայմաններում սա, նրա խօսքով, այս պահին ազգային ինքնութիւնն ու պատմութիւնը պահպանելու միակ հնարաւորութիւնն է։

Թալիշ-Մուղանեան ինքնավար հանրապետութիւնն Ադրբեջանի տարածքում հռչակւել է 1993թւականին։ Ադրբեջանի այն ժամանակւայ նախագահ Հէյդար Ալիեւը լուծարեց այն եւ տարբեր ճնշումներ կիրառեց անկախացման գործընթացը նախաձեռնող ղեկավարների նկատմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։