Հա

Քաղաքական

19/08/2018 - 11:10

Սատանովսկի. «Ռուսաստանը յիշում է իր թիկունքին Թուրքիայի հասցրած հարւածը»

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակասութիւնները շարունակւում են աճել։ Թուրքիայում ամերիկացի հոգեւորականի ձերբակալութիւնը, ԱՄՆ-ի պատասխան պատժամիջոցները` թուրքական մետաղի եւ ալիւմինի տուրքերը բարձրացնելու տեսքով, դրան յաջորդած լիրայի անկումը լուրջ փորձութիւն են դարձել ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների յարաբերութիւնների ամրութեան համար։

«alikonline.ir» - Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակասութիւնները շարունակւում են աճել։ Թուրքիայում ամերիկացի հոգեւորականի ձերբակալութիւնը, ԱՄՆ-ի պատասխան պատժամիջոցները` թուրքական մետաղի եւ ալիւմինի տուրքերը բարձրացնելու տեսքով, դրան յաջորդած լիրայի անկումը լուրջ փորձութիւն են դարձել ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների յարաբերութիւնների ամրութեան համար։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Այս ֆոնին աչքի են զարնում Ռեջեբ Էրդողանի՝ Վաշինգտոնի հետ դիւանագիտական վէճում ռուսական քարտը խաղարկելու փորձերը։ Թուրքիայի նախագահը յայտարարել է Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների հետ քննարկում սկսելու մտադրութեան մասին` առեւտրում ազգային արժոյթների անցում կատարելու հարցով։

Այնուհետեւ խօսել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն` յայտարարելով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմը չեղեալ յայտարարելու հարցը։ Միաժամանակ, Մոսկւայում նման ռեւերանսներին վերաբերում են բաւական զուսպ լաւատեսութեամբ։

Մերձաւոր Արեւելքի խնդիրների ինստիտուտի նախագահ Եւգենի Սատանովսկու կարծիքով՝ պէտք է չափազանց զգոյշ լինել Թուրքիայի հետ ընթացիկ յարաբերութիւնների բնութագրում։ Այդ յարաբերութիւնները շատ արագ փոխւում են, ու Մոսւայի եւ Անկարայի մերձեցման մասին ինչ-որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։

«Պահ է եղել, երբ Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւններն ուղղակի կատարեալ են թւացել։ Բայց Սիրիայի երկնքում ողբերգութիւն է եղել, թուրքերը խոցել են ռուսական ինքնաթիռը, եւ յարաբերութիւնները սկսել են արագ փչանալ։ Դրանից յետոյ այդ մասին յիշողութիւնը մնացել է։ Այո, ընթացիկ ռեժիմում ամերիկացիները մերձեցնում են Ռուսաստանին եւ Թուրքիային։ Բայց ԱՄՆ-ն նոյն յաջողութեամբ իր դէմ է տրամադրում ամբողջ աշխարհը»,- նշեց Սատանովսկին։ Նրա խօսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ են եւ երկարատեւ։

«ԱՄՆ-ի քաղաքականութիւնն այդպիսին է։ Այն շատ կոշտ է, եսակենտրոն, քանդում է յարաբերութիւնների համաշխարհային համակարգը։ ԱՄՆ-ի ներկայ վարչակազմը քարը քարին չի թողնում այն ամէնից, ինչ արւել է հյետպատերազմական շրջանում»,- յաւելեց նա։

Փորձագէտը հոռետեսօրէն է տրամադրւած այն հարցում, թէ կը կարողանան արդեօ՞ք Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ներկայ պայմաններում մշակել Մերձաւոր Արեւելքում անվտանգութեան նոր մոդել, ուրւագծել տարածաշրջանային քաղաքականութեան նոր գծեր։

Նա կարծում է, որ Մերձաւոր Արեւելքը եղել եւ կը մնայ մարդկութեան գլխացաւանքը, քանի Աֆրիկան լրջօրէն չի դրսեւորւել։ Իսկ երբ աֆրիկեան խնդիրները լցւեն Եւրոպա, ահա այդ ժամանակ մերձաւորարւելեան գործընթացները մանկական թոթովանք կը թւան, համոզւած է Սատանովսկին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։