Հա

Քաղաքական

19/08/2018 - 11:30

Գերմանիա-Ռուսաստան մերձեցում եւ Մերկէլի այց Հարաւային Կովկաս. աշխարհում իրավիճա՞կ է փոխւել

Անգելլա Մերկէլը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ Գերմանիայի մշտական կապերը չափազանց կարեւոր են եւ անհրաժեշտ, ինչպէս նաեւ հաղորդել, որ Պուտինի հետ հանդիպումից յետոյ մտադիր է այցելել Հարաւային Կովկաս։ Արդեօ՞ք կապ կայ։ Եւ եթէ այո, ապա ինչպիսի՞։ 

«alikonline.ir» - Անգելլա Մերկէլը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ Գերմանիայի մշտական կապերը չափազանց կարեւոր են եւ անհրաժեշտ, ինչպէս նաեւ հաղորդել, որ Պուտինի հետ հանդիպումից յետոյ մտադիր է այցելել Հարաւային Կովկաս։ Արդեօ՞ք կապ կայ։ Եւ եթէ այո, ապա ինչպիսի՞։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

 

«Մեզեբերգեան» համաձայնագիրը տեղ ունի՞ Բեռլինի արւարձանում

Ամերիկեան ԶԼՄ-ների ճնշող մեծամասնութիւնը բաւական քննադատօրէն են վերաբերում Պուտինի եւ Մերկէլի գալիք հանդիպմանը Մեզեբերգի նախագահական պալատում, որը գտնւում է Բեռլինի մօտ։

Վերլուծաբանների անհանգստութիւնն արդարացւած է։ Ոչ ոք չի երաշխաւորում, որ այդ հանդիպումը չի աւարտւի ԱՄՆ-ի դէմ Ռուսաստանի եւ Գերմանիայի իւրայատուկ միութեան կնքումով, որն արդէն որոշ ԶԼՄ-ների կողմից ստացել է «Մեզեբերգեան» համաձայնագիր անւանումը։

Հրապարակումներում նշւում են մի շարք հարցեր, որոնք մտադիր են քննարկել երկու տէրութիւնների առաջնորդները։ Բանն այն է, որ Ուկրայինայի (նորմանդական քառեակ), Սիրիայի (Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի գագաթաժողով) հետ մէկտեղ յիշատակւում են նաեւ Իրանի դէմ պատժամիջոցները, որոնք ամերիկացիները փորձում են պարտադրել Եւրոմիութեանը, եւ որոնց դէմ են հանդէս գալիս հէնց Գերմանիան եւ Ֆրանսիան։

Վերջին հաշւով՝ Վաշինգտոնի դժգոհութիւնը կրտսեր եւրոպական գործընկերների պահւածքից կարելի է հասկանալ։ Միակողմանի դուրս գալով իրանական Միջուկային համաձայնագրից՝ Սպիտակ տանը յոյս ունէին, որ ոչ միայն համոզելով, այլ նաեւ ճնշում գործադրելով կը հասնեն նրան, որ Եւրոմիութիւնը կը միանայ Իրանի դէմ կոշտ պատժամիջոցներին։

Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Եւրոպացիները համարձակւել են դէմ գնալ ամերիկացի գործընկերոջ կամքին, որը հնարաւոր ամէն ինչ անում է, որպէսզի մեծացնի ամերիկեան բաժինը էներգակիրների եւրոպական շուկայում։

Կապւա՞ծ է արդեօք Հարաւային Կովկաս Մերկէլի այցը Բեռիլինի եւ Վաշինգտոնի միջեւ ծագած խնդիրների հետ։

Բացառւած չէ, որ Եւրոմիութիւնը հրաժարւի մասնակցել նաեւ Իրանի դէմ պատժամիջոցների երկրորդ փուլին։ Յիշեցնեմ, դրանք վերաբերում են իրանական էներգակիրներ գնելու արգելքին եւ կը սկսեն գործել ընթացիկ տարւայ նոյեմբերից։

Այդ առումով Բեռլինի մօտ հասունացել է Մոսկւայի հետ բանակցութիւնների համար լուրջ թեմա։ Եւ բանը միայն «Հիւսիսային հոսք 2»-ը չէ, որը դեռ մէկ տարի առաջ Վաշինգտոնի համար տհաճ անակնկալ էր դարձել։ Ամերիկացի վերլուծաբաններին աւելի շատ հետաքրքրում է այն, որ Մեզեբերգում Պուտինը եւ Մերկէլը կը քննարկեն Թեհրանի դէմ պատժամիջոցները։ Եւ այստեղ սկսւում է ամենահետաքրքիրը։

Ռուս առաջնորդի հետ բանակցութիւններից յետոյ Մերկէլը կուղեւորւի Հարաւային Կովկաս։ Օգոստոսի 23-ին նա կայցելի Թբիլիսի, օգոստոսի 24-ին՝ Երեւան, օգոստոսի 25-ին՝Բաքու։ Եթէ ինչ-որ մէկը կարծում է, որ այդ այցը ոչ մի կապ չունի Իրանի շուրջ ծաւալւած իրադարձութիւնների եւ ամերիկյան պատժամիջոցների հետ, սխալւում է։

Եւ այն, որ տարածաշրջանային եւ եւրոպական ԶԼՄ-ները գրեթէ ոչ մի տեղեկատւութիւն չունեն Գերմանիայի առաջնորդի այցի նպատակների մասին, եւս մի կողմնակի ապացոյց է, որ այդ տարածաշրջանային այցը կապւած է հէնց իրանական գործերի հետ։ Ամէն դէպքում, դրա հաւանականութիւնն աւելի քան բարձր է։

 

Գերմանիան Հարաւային Կովկասում հետաքրքրւում է լոգիստիկ նախագծերով

Բանը ոչ միայն էներգակիրների մէջ է, յանուն որոնց կանցլերը լիովին կարող էր սահմանափակւել միայն Բաքու այցելելով՝ ներկայացնելով Եւրոմիութիւն բնական գազի ու նաւթի առաքումների այլընտրանքային տարբերակները՝ շրջանցելով ամերիկեան պատժամիջոցները։

Երեւում է՝ գերմանացիներին հետաքրքրում են նաեւ Հարաւային Կովկասով Իրան եւ Պարսից ծոց արտադրանքի առաքումները։

Փորձառու եւ հեռատես քաղաքական գործիչների համար (իսկ Մերկէլն այդ շարքից է) ընդունւած չէ բոլոր ձւերը մի զամբիւղի մէջ դնել, իսկ տարածաշրջանով անցնող աւելորդ գազատարը, որը միանում է Կասպիական աւազանի նաւթային ու գազային գօտիներին, երբեք չի խանգարի։

Չի խանգարի նաեւ աւտոմոբիլային, ինչպէս նաեւ երկաթուղային ճանապարհը, որը թոյլ կը տայ ԵՄ ամենազարգացած երկրին դուրս գալ Պարսից ծոց, այդտեղից էլ՝ Պակիստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի սպառողական շուկաներ։

Իհարկէ, նման դասաւորութիւնը կարող է միայն վարդագոյն երազանք թւալ, բայց չպէտք է մոռանալ, որ հիմա ամէն վայրկեան աշխարհում իրավիճակը փոխւում է։ Օրինակ`դեռ երկու տարի առաջ ով կարող էր մտածել, որ Գերմանիան կը սկսի Ռուսաստանի հետ համատեղ ծրագրեր կառուցել՝ անտեսելով ԱՄՆ-ին։ Ամերիկացների վարկածն այդպիսին է։

Եւ այն, որ Գերմանիայի կանցլերին Հարաւային Կովկասում կուղեկցի գերմանացի գործարարների մեծ խումբ, կարող է վկայել գործնական հարցերում ինչ-որ առաջխաղացումների մասին։ Ամէն դէպքում, տեսնենք, թէ ինչպիսին կը լինեն Մերկէլի այցի արդիւնքները եւ դրանք ինչպէս կազդեն տարածաշրջանում իրավիճակի հետագայ զարգացման վրայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։