Հա

Քաղաքական

25/08/2018 - 10:40

Մերկէլի Բաքու այցի նախօրէին Գերմանիայում քննադատել են Ադրբեջանի իշխանութիւններին

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի Բաքու նախատեսւած այցի նախօրէին դաշնային կառավարութեան մարդու իրաւունքների լիազօրւած ներկայացուցիչ Բերբէլ Քոֆլէրը նշել է Ադրբեջանում մարդու իրաւունքների անբաւարար իրավիճակի մասին: 

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի Բաքու նախատեսւած այցի նախօրէին դաշնային կառավարութեան մարդու իրաւունքների լիազօրւած ներկայացուցիչ Բերբէլ Քոֆլէրը նշել է Ադրբեջանում մարդու իրաւունքների անբաւարար իրավիճակի մասին: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «Deutsche Welle»-ն:

Այս երկրում քաղաքացիական իրաւունքները դեռեւս շատ դէպքերում սահմանափակ են, ինչպէս եւ լրատւամիջոցների, հաւաքների եւ խօսքի ազատութիւնը, «Redaktionsnetzwerks Deutschland» խմբի մէջ մտնող հրատարակութիւններին տւած հարցազրոյցում ասել է նա:

Ադրբեջանում մարդու իրաւունքների հետ կապւած իրավիճակն ընդհանուր առմամբ խնդրահարոյց է, ասել է Քոֆլէրը: Ընդդիմութեան ներկայացուցիչները, իրաւապաշտպանները եւ քննադատող լրագրողներն ահաբեկւած են սպառնալիքներով, ձերբակալութիւններով եւ որոշ դէպքերում իշխանութիւններից կախւած դատական մարմինների հետապնդումներով:

Նրանք, ովքեր բացայայտ քննադատում են կառավարութեանը, բանտարկւում են կամ հեռացւում են քաղաքացիական ծառայութիւնից, երկրից հեռացած քաղաքական ակտիւիստների ընտանիքի անդամների վրայ ճնշում է գործադրւում:

Յիշեցնենք, որ Ադրբեջան այցը կը լինի Անգելլա Մերկէլի Անդրկովկասի երկրների շրջագայութեան վերջնական մասը: Մինչ այդ Գերմանիայի կանցլերը այցելել էր Վրաստան եւ Հայաստան: Բաքւում Գերմանիայի կառավարութեան ղեկավարը կը հանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Agence France-Presse»-ը նշում է, որ Գերմանիայի համար Ադրբեջանը հիմնականում հետաքրքիր է որպէս էներգիայի մատակարար: Այս համատեքստում դրա նշանակութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կը մեծանայ նաեւ Տրանսանատոլիական գազամուղի շինարարութեան շնորհիւ, որը կը ձգւի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով մինչեւ յունական սահման: Ենթադրւում է, որ այս խողովակաշարի միջոցով հնարաւոր կը լինի որոշ չափով նւազեցնել Եւրոպայի կախւածութիւնը ռուսական գազից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։