Հա

Քաղաքական

26/08/2018 - 10:20

Մահացել է Ջան Մակքէյնը

Երէկ՝ օգոստոսի 25-ին, 81 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ամերիկացի հանրապետական ճանաչւած քաղաքական գործիչ, սենատոր Ջան Մակքէյնը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 25-ին, 81 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ամերիկացի հանրապետական ճանաչւած քաղաքական գործիչ, սենատոր Ջան Մակքէյնը:

Վիէտնամական պատերազմի վետերանն ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու էր: 1967 թւականին Հանոյի մօտակայքում նրա ինքնաթիռը խոցւել է Հիւսիսային Վիէտնամի ուժերի կողմից: 5 տարի անց է կացրել վիէտնամական գերութեան մէջ եւ 1973 թւականին, ըստ Փարիզի համաձայնագրի, ազատ է արձակւել:

1981 թւականին Մակքէյնը զինւորական ծառայութիւնից յետոյ անցել է թոշակի, իսկ 1982 թւականին Հանրապետական կուսակցութեան շարքերում ընտրւել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1986 թւականին Արիզոնա նահանգից ընտրւել է սենատոր՝ այդ պաշտօնում վերընտրւելով հինգ անգամ՝ 1992, 1998, 2004, 2010 եւ 2014 թթ.:

2007 թւականի յունւարից եղել է զինւած ուժերի կոմիտէում փոքրամասնութիւնների աւագ ներկայացուցիչ: 2015 թւականին դարձել է ԱՄՆ սենատի զինւած ուժերի կոմիտէի ղեկավարը:

2000 թւականին փորձել է Հանրապետական կուսակցութեան կողմից իր թեկնածութիւնը դնել նախագահական ընտրութիւններում, սակայն կուսակցական մրցակցութիւնում պարտւել է Ջորջ Բուշ կրտսերին:

2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրութիւններում եղել է հանրապետականների թեկնածուն՝ պարտւելով դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային:

Նա ճանաչւած էր իր քաղաքական սկզբունքայնութեամբ եւ կայուն հայեացքներով, եւ Հանրապետական կուսակցութեան շարքերում համարւում էր բարոյականութեան դրօշակակիրը:

Մակքէնն աչքի էր ընկնում իր ընդգծւած հակառուսական, հակաչինական եւ հակաիրանական հայեացքներով: Նա համարւում էր նախագահ Դոնալդ Թրամփի ամենասուր քննադատներից մէկը:

Մէկ տարի առաջ բժիշկները նրա մօտ ուղեղի չարորակ քաղցկեղային ուռուցք յայտնաբերեցին:

Դրանից յետոյ, բուժման նպատակով, Մակքէյնը վար դրեց սենատորի իր լիազօրութիւնները: Օգոստոսի 24-ին նրա ընտանիքը հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ տեղեկացնելով, որ հաշւի առնելով իր տարիքն ու առաջացած հիւանդութիւնը, Ջան Մակքէյնն ինքնակամ որոշել է դադարեցնել բուժման կուրսերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։