Հա

Քաղաքական

27/08/2018

«Թուրքիան՝ Արեւմուտքի համար գլխացաւանք». «BBC»-ի յօդւածը

Թուրքիան կարեւոր է Արեւմուտքի համար, սակայն Վաշինգտոնում եւ ԵՄ որոշ երկրներում այժմ փորձում են հասկանալ, թէ կոնկրետ որքանով: 

«alikonline.ir» - Թուրքիան կարեւոր է Արեւմուտքի համար, սակայն Վաշինգտոնում եւ ԵՄ որոշ երկրներում այժմ փորձում են հասկանալ, թէ կոնկրետ որքանով: Այս մասին ըստ «news.am»-ի՝ նշւում է «BBC»-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի յօդւածում:

Ամերիկացի որոշ փորձագէտներ անգամ վստահ չեն, որ Թուրքիան կարող է համարւել ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Թուրքիան ՆԱՏՕ-ի նշանակալից անդամ է, եւ այդ երկրի ռազմաբազաները կարեւոր են Միջին Արեւելքում ԱՄՆ-ի օդային օպերացիաների համար: Այն ՆԱՏՕ-ի արեւելեան թեւի շուրջ հսկայական տարածք է ներառում, քանի որ Սեւ ծովի տարածքի ռազմավարական նշանակութիւնն աճում է Ռուսաստանի ակտիւացմանը զուգահեռ:

Թուրքիան նաեւ ԵՄ-ի ամենակարեւոր արեւելեան հարեւաններից է, չնայած ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի փորձերն առայժմ անյաջող են՝ մասամբ նաեւ Էրդողանի աւտորիտար վարչակարգի պատճառով, գրում է Մարկուսը: Անկարայի դերը նաեւ նշանաւորւում է ներգաղթեալների հոսքը դէպի Եւրոպա կանգնեցնելու հարցում:

Թուրքիան այժմ լուրջ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում՝ կապւած ԱՄՆ-ի հետ լարւած յարաբերութիւնների եւ թուրքական լիրայի արժեզրկման հետ: Սակայն արդեօ՞ք կարող է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցութիւնը հարցականի տակ դրւել: Հեղինակի կարծիքով՝ իրականում ՆԱՏՕ-ն անդամութիւնից զրկելու կանոնակարգ չունի, եւ Թուրքիան ինքը կարող է որոշել լքել դաշինքի շարքերը:

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միւս դաշնակիցների միջեւ յարաբերութիւնները ժամանակ առ ժամանակ լարւել են՝ կապւած միմեանց ցուցաբերած աջակցութեան մակարդակի հետ այս կամ այն հակամարտութիւնում: Այժմ, ի հակադրութիւն ԱՄՆ-ի հետ անհաշտութեան, Թուրքիան փորձում է աւելի սերտ համագործակցութււն հաստատել Մոսկւայի հետ, չնայած, հեղինակի խօսքով՝ դժւար է պատկերացնել, որ Մոսկւան Թուրքիային կապահովի նոյն անվտանգութեան երաշխիքներով, տեխնիկական աջակցութեամբ եւ բարձր վարկանիշով, ինչ ՆԱՏՕ-ն:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այստեղ եւս ամեն ինչ բարդ է. մի կողմից ԵՄ բազմաթիւ պետութիւններ քննադատում են Թուրքիայում մարդու իրաւունքների խախտման դէպքերը, սակայն միւս կողմից ԵՄ-ն տնտեսապէս սերտ կապւած է Թուրքիային:

Եւրոպական բազմաթիւ բանկեր լուրջ ներգրաււածութիւն ունեն երկրի տնտեսութեան մէջ, ուստի լիրայի արժեզրկումը դրանց կողքով չի անցնի, գրում է հեղինակը: Վերջերս երկու յոյն զինւորների եւ «Amnesty International» կազմակերպութեան տեղի ղեկավարի ազատ արձակումով Թուրքիան ցոյց տւեց, որ չի ցանկանում ԵՄ-ի հետ լարւած յարաբերութիւններ ունենալ, ինչպիսիք այժմ ունի ԱՄՆ-ի հետ: Բացի այդ՝ Թուրքիայի ձեռքում է շարունակում մնալ ներգաղթեալների խաղաքարտը՝ յատկապէս հիմա, երբ Թուրքիային սահմանակից Իդլիբի շրջանում լարւած վիճակ է, որը կարող է ներգաղթեալների նոր հոսքի պատճառ դառնալ:

2016 թւականից ի վեր Թուրքիան մեծ դեր է խաղացել ներգաղթեալների հոսքը զսպելու հարցում, որի դիմաց ԵՄ-ն տրամադրել է մեծ ֆինանսական աջակցութիւն: Ուստի, հեղինակի կարծիքով՝ մօտ ապագայում ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները կարող են լաւանալ ԱՄՆ-ի հետ լարւածութեանը զուգահեռ: Սակայն հետագայի համար Թուրքիայի այժմեան ուղղւածութիւնը հեռու է Արեւմուտքից:

Բազմաբեւեռ աշխարհի պարագայում, երբ Վաշինգտոնն այլեւս տարածաշրջանային մեծ համբաւ չի վայելում, եւրոպացիները կարող են ժամանակաւոր առաւելութիւն ձեռք բերել: Սակայն Էրդողանը Թուրքիան տանում է արեւմտեան արժէքներին եւ ազատական ժողովրդավարութեանը հակասող ճանապարհով, ինչն ի վերջոյ կը պայմանաւորի ԵՄ-ի հետ յարաբերութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։