Հա

Քաղաքական

27/08/2018 - 14:20

«Երջանիկ եմ, որ ապրում եմ այս լուսանկարում եղած մարդկանց հետ». թուրք սիւնակագիրը՝ Արատ Դինքի ու Կարօ Փայլանի մասին

Թուրք սիւնակագիր Մուրադ Սեւինչը «diken.com.tr» կայքի իր սիւնակում անդրադարձել է օրերս Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի ու ոստիկանութեան միջեւ բախմանը։

«alikonline.ir» - Թուրք սիւնակագիր Մուրադ Սեւինչը «diken.com.tr» կայքի իր սիւնակում անդրադարձել է օրերս Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի ու ոստիկանութեան միջեւ բախմանը։ Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնի է՝ «Շաբաթօրեայ մայրեր»-ի ակցիայի ժամանակ ոստիկաններին դիմակայած Փայլանը փորձել է պաշտպանել ու թոյլ չտալ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Փայլանի ու նրա մի քանի կուսակիցների ջանքերի շնորհիւ ոստիկաններին, ի վերջոյ, չի յաջողւել բաժանմունք տանել Արատ Դինքին։

Նշենք, որ «Շաբաթօրեայ մայրեր»-ի նախաձեռնութիւնն իրենից ներկայացնում է 1980-90-ական թւականներին՝ քրդական շարժման լարւած ժամանակաշրջանում կալանաւորւած ու բանտերում անյայտ կորած կամ քաղաքական սպանութիւնների զոհ անձանց մայրերի բողոքի ակցիաները, որոնք անցկացւում են 1995-ից ի վեր ամէն շաբաթ օր՝ Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։

Անցեալ շաբաթ «Շաբաթօրեայ մայրեր»-ի 700-րդ ակցիան էր։

«Փորձում են փրկել Հրանտ Դինքի որդուն՝ Արատին։ Ոստիկանը, որը պետական աշխատող է, ում պարտականութիւնների սահմանները գծւած են օրէնքով, ասում է՝ «Հապա արի այստեղ, արա՛», պատգամաւորները տէր են կանգնում, չեն թողնում։ Այս լուսանկարը պէտք է ապագայում պատմի այս օրերի մասին, որոնք պետութիւնը կը նկարագրի որպէս «անհամութիւն» կամ «լարւածութիւն»,- գրում է սիւնակագիրը՝ նկատի ունենալով համացանցում տարածւած լուսանկարը՝ Արատ Դինքի, Կարո Փայլանի ու միւս ընդդիմադիր պատգամաւորների մասնակցութեամբ։

«Ես՝ որպէս 80 միլիոնից մէկը, երջանիկ եմ, որ ապրում եմ այս լուսանկարում եղած մարդկանց հետ նոյն հողում եւ որ մահանալու ենք կրկին նոյն հողում։ Պատիւ ունեմ»,- եզրափակել է Սեւինչը։

Դէպքը մեկնաբանել են նաեւ բազմաթիւ թուրք իրաւապաշտպաններ, գրողներ ու հրապարակախօսներ։

Յայտնի թուրք իրաւապաշտպան Այշէ Գիւնայսուն սոցցանցերից մթկի իր էջում վրդովմունք է յայտնել նաեւ այն ընդդիմադիր քուրդ շրջանակների նկատմամբ, որոնք պնդում են, թէ «այս անգամ տէր են կանգնել հային»։

«Մի բան կայ, չեմ կարող չգրել։ Արատ Դինքին ոստիկանների ձեռքը չտւեցին՝ ապրեն, այդ տեսարանն ինձ էլ ամբողջ օրը ստիպեց արտասւել, բայց մէկ էլ տեսնեմ՝ «Տեսէք, այս անգամ հային ծեծել չտւեցինք» ու նման՝ իրենք իրենց գովաբանող մեկնաբանութիւններ են հրապարակում տեսանիւթին կից։ Կամ էլ՝ «Դէ մենք Հրանտի յուղարկաւորութեանը հարիւր հազարներով եկել էինք», «Հօրը սպանեցին, տղային չենք տայ» եւ այլն․․․ Տո Հրանտին լաւ էլ սպանել տւեցիք։ Որ յուղարկաւորութեան օրւայ մասին եք անընդհատ խօսում, իսկ մինչեւ սպանւելը քանի՞ հոգի էիք կողքին։ 1915-ն էլ մի կողմ դնենք, դրանից յետոյ էլ՝ Հանրապետութեան պատմութեան ամբողջ ընթացքում ծեծել տւեցինք հային։ Դէ լաւ է, որ մի նեղութիւն էք քաշել, փաթաթւել էք Արատ Դինքին, հիմա անընդհատ դա էք ասելու», - գրել է Գիւնայսուն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։