Հա

Քաղաքական

02/09/2018

«The New York Times»-ի վերլուծաբան. «Էրդողանն ու Թրամփը` նոր աշխարհակարգի ֆոնին»

Թրամփի վարչակազմը չպէտք է կտրուկ քայլերով անկայուն դարձնի Թուրքիայի եւ այլ հզօր դաշնակիցների հետ իր յարաբերութիւնները: Այս մասին «The New York Times»-ում գրում է թուրքագէտ-պատմաբան եւ ռազմավարական վերլուծաբան Նիք Դանֆորթը:

«alikonline.ir» - Թրամփի վարչակազմը չպէտք է կտրուկ քայլերով անկայուն դարձնի Թուրքիայի եւ այլ հզօր դաշնակիցների հետ իր յարաբերութիւնները: Այս մասին «The New York Times»-ում գրում է թուրքագէտ-պատմաբան եւ ռազմավարական վերլուծաբան Նիք Դանֆորթը: Գրում է «news.am»-ը:

Սառը պատերազմի սկզբից ի վեր համաշխարհային գերտէրութիւն ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի դէմ պայքարում աջակցութիւն փնտրող Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները հաւասարը հաւասարաին չէին: Սակայն ոչ էլ դրանք երբեւէ այնքան անհաւասար էին, որքան շատերն Անկարայում այժմ կարծում են: Օրինակ` մեծ զայրոյթ էր կուտակւել, երբ Ամերիկան փորձում էր կանխարգելել կամ պատժել Թուրքիայի ներխուժումը Կիպրոս, սակայն միեւնոյնն է` դաշինքը պահպանւեց:

Հիմա, երբ ԽՍՀՄ-ը չկայ, եւ հակաամերիկեան քարոզչութիւնն աճում է Թուրքիայում, նոյնատիպ ռազմավարական տարակարծութիւնը դժւար է յաղթահարել. երկու կողմերն էլ իրենց համարում են տուժող: Ամերիկացի հոգեւորական Բրանսոնին ազատելու համար ԱՄՆ-ի կողմից սահմանւած պատժամիջոցներից, Թուրքիայի արտգործնախարարի խօսքով, միայն ՆԱՏՕ-ի դաշնակցութիւնը կը տուժի, մինչդեռ Սպիտակ տունը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իսկական դաշնակիցը Բրանսոնին երբեւէ չէր ձերբակալի:

Հեղինակի կարծիքով` Էրդողանը, չզիջելով ու Բրանսոնին բաց չթողնելով, ապացուցեց, որ պատրաստ է տնտեսական աղէտի, միայն թէ իրականանայ Թուրքիայի անկախութեան իր պատկերացումը: Այս քայլը ցոյց է տալիս ոչ միայն Էրդողանի ազգայնական միտումները, այլեւ բազմաբեւեռ աշխարհի արագ ձեւաւորումը:

Էրդողանը փորձում է իր տեղն ամրագրել յետամերիկեան աշխարհակարգում: Նա յոյս ունի, որ Թուրքիայի տնտեսութիւնը կը դիմանայ, մինչեւ Ամերիկայի գլխաւորած աշխարհակարգի փլուզւելը:

Թրամփի նոր սակագներից եւ Իրանի դէմ նոր պատժամիջոցներից տուժած երկրների հետ սերտ համագործակցելու մասին յայտարարելուց յետոյ Անկարան շտապում է բարձրաձայնել նաեւ Արեւմտեան եւ ոչ Արեւմտեան երկրների դրական արձագանքի մասին: Առնւազն խօսքով Եւրոպայի առաջնորդները դրական են տրամադրւած. Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վերջերս խոստացել է ամրացնել Թուրքիայի հետ առեւտրային կապերը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Եւրոպան պէտք է պատասխանի Թրամփի տնտեսական քայլերին` Սւիֆթ համակարգի համար սեփական փոխարինողը ստեղծելով:

Զարմանալի չէ նաեւ, որ Ռուսաստանն արագ Թուրքիայի կողմից հանդէս եկաւ` կրկին փորձելով իրականացնել ազգային տարադրամով փոխանցումներ անելու իր վաղեմի ցանկութիւնը: Սակայն, հեղինակի խօսքով, այսպիսի փոխարինող աղբիւրները սահմանափակ են: Եթէ, օրինակ, Թուրքիայի ճգնաժամը խորանայ այնքան, որ անհնարին լինի Չինաստանի եւ Կատարի օգնութեամբ այն կարգաւորել, ապա Վաշինգտոնը կարող է յետ պահել միջազգային ֆինանսական կազմակերպութիւններին Թուրքիային ձեռք մեկնելուց:

Թուրքիայի ճգնաժամի տարածման մտավախութիւն ունեցող եւրոպական երկրները կարող են պարզապէս ֆինանսական աջակցութիւն ցուցաբերել: Սակայն նրանք էլ իրենց խնդիրներն ունեն Էրդողանի հետ. Էրդողանն արդէն իսկ ստիպւած է եղել ազատ արձակել կալանաւորւած գերմանացի լրագրողի եւ երկու յոյն զինւորի:

Յօդւածում նշւում է, որ անգամ Բրանսոնի ազատ արձակման պարագայում ԱՄՆ-ն եւ Թուրքիան դեռ կը շարունակեն յարաբերութիւններ պարզել: Անկարան, ամենայն հաւանականութեամբ, կը յայտնաբերի Վաշինգտոնի դէմ  աւելի ինքնուրոյն եւ թշնամական քաղաքականութեան գինը, իսկ Վաշինգտոնը կիմանայ այն բարձր գինը, որը Թուրքիան պատրաստ է վճարել:       

Հեղինակի կարծիքով, խնդիրը նրանում է, որ երբ սա տեղի ունենայ, Սպիտակ տունն աւելի կտրուկ միջոցների կը դիմի եւ կաւելացնի Թուրքիայի դէմ ճնշումը, եւ ապա կը պահանջի իր ռազմավարական դաշնակիցներից նոյն բանն անել: Իսկ այդպէս Վաշինգտոնն աւելի կը հեռացնի իրենից այն գործընկերներին, որոնց օգնութեամբ կը կարողանար երկարատեւ ճնշում գործադրել: Կայուն եւ հաւասարակշռւած մօտեցումը, որի արդիւնքում աշխարհիը կը լինի Վաշինգտոնի կողմից, աւելի հաւանական է, որ կապահովի պայմանները, որոնք Անկարային կը ստիպեն ի վերջոյ գիտակցել ԱՄՆ-ի հետ համագործակցելու առաւելութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։