Հա

Քաղաքական

02/09/2018 - 14:20

Թուրք-իրանական նոր ելեւէջները

Սիրիայի հարցի շուրջ դիւանագիտական եւ այլ ոլորտներում իրավիճակը կրկին թէժանում է։ ՄԱԿ-ը Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից պահանջել է կանխել Իդլիբ նահանգում հնարաւոր բախումները։ Նոյն օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի յատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան յայտարարել է, որ Իդլիբում կուտակւել են «Ալ Ղաիդա» եւ «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպութիւնների ոչ սիրիացի անդամ աւելի քան 10 հազար մարտիկներ։

ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆԵԱՆ

 

Սիրիայի հարցի շուրջ դիւանագիտական եւ այլ ոլորտներում իրավիճակը կրկին թէժանում է։ ՄԱԿ-ը Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից պահանջել է կանխել Իդլիբ նահանգում հնարաւոր բախումները։ Նոյն օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի յատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան յայտարարել է, որ Իդլիբում կուտակւել են «Ալ Ղաիդա» եւ «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպութիւնների ոչ սիրիացի անդամ աւելի քան 10 հազար մարտիկներ։

Այդ նահանգը հիմնականում ընդդիմադիր ուժերի, այդ թւում՝ Թուրքիայի հովանաւորութիւնն ու բազմակողմանի աջակցութիւնը վայելող «Սիրիայի ազատ բանակ»-ի վերահսկողութեան տակ են։ Վերջինս բազմիցս, ինչպէս օրինակ՝ հալէպեան դէպքերի ժամանակ, համագործակցել է «Ալ Նոսրա»-ի հետ։ Միաժամանակ Սիրիայի կառավարական ուժերը նախապատրաստւում են ազատագրել նաեւ այդ նահանգը։ Այս առնչութեամբ դի Միստուրան նախազգուշացրել է բնակելի տարածքներում յիշեալ ուժերի դէմ ծանր զէնքեր չկիրառել, քանի որ մեծ է հաւանականութիւնը, որ կը զոհւեն զգալի թւով խաղաղ բնակիչներ։

Նա շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել քիմիական զէնքի կիրառումը, միաժամանակ յաւելել, որ թէ՛ իշխանութիւնը եւ թէ՛ «Ալ Նոսրա»-ն քիմիական զէնք արտադրելու հնարաւորութիւն ունեն։ Միւս կողմից Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալէմը Մոսկւայում յայտարարել է, որ կառավարութիւնը քիմիական զէնք չունի եւ չի կիրառելու, սակայն պատրասւում է երկիրը լիովին մաքրազարդել ահաբեկիչներից։

Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը օգոստոսի 29-ին, նախօրօք չյայտարարւած այցով, ժամանել է Անկարա։ Թէեւ ԶԼՄ-ները նշել են, որ այցի նպատակը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին Իրան այցելելու՝ նախագահ Հասան Ռուհանիի հրաւէրը յանձնելն է, սակայն, ամենայն հաւանականութեամբ, Էրդողանի եւ ԱԳ նախարար Չաուշօղլուի հետ հանդիպմանը քննարկւել են Սիրիայի եւ ԱՄՆ-ի կողմից կիրառւած սահմանափակումների հարցերը։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Թաւրիզ քաղաքում տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Գագաթնաժողովի օրակարգում Սիրիայի հարցն է, ինչի շուրջ սա նրանց 3-րդ հանդիպումն է։
Թուրք-իրանական փոխյարաբերութիւններն առնւազն վերջին տասնամեակի ընթացքում գլխաւորապէս ընթացել են յանուն իրենց աշխարհաքաղաքական ազդեցութիւնը Միջին Արեւելքում, մասնաւորապէս Սիրիայում տարածելու, իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու լուրջ մրցակցութեամբ։

Սակայն ներկայ դրութեամբ, երբ ԱՄՆ-ն այդ երկրների դէմ տարբեր պատճառներով կիրառել է տնտեսական սահմանափակումներ, առնւազն կարճաժամկէտ կտրւածքով մերձեցրել է նրանց, խիստ կարեւորելով տնտեսական ոլորտի համագործակցութիւնը։ Սա այն դէպքում, երբ Սիրիայի հարցում նրանք բարիկադի տարբեր կողմերում են։ Եթէ Իրանը լիովին հովանաւորում է նախագահ Բաշշար Ասադի կառավարութեանը եւ աջակցում նրան, ապա Թուրքիան հովանաւորում է ընդդիմութեանը եւ մշտապէս ջանքեր է գործադրել Ասադի իշխանանկութեան եւ թուրքամէտ իշխանութեան հաստատման ուղղութեամբ։

Այսուհանդերձ բացառւած չէ նաեւ, որ Սիրիայի հարցում եւս նրանց տեսակէտներում փոխզիջումներ տեղի ունենան։ Մանաւանդ որ վերջին շրջանում Իրանի խորհրդարանում քննադատութիւններ, նախազգուշացումներ են հնչել Ռուսաստան-Սիրիա առաւել մերձեցման վերաբերեալ։

Եւ ահա, թաւրիզեան գագաթնաժողովին ընդառաջ Սիրիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկւա, իսկ Իրանինը՝ Անկարա, արդեօ՞ք դա պատահականութիւն է, թէ՞ թուրք-իրանական փոխյարաբերութիւնների մերձեցում։ Բացի այդ, առայժմ պաշտօնական Թեհրանի քաղաքականութիւնը Սիրիայի հարցում անփոփոխ է։ Թէեւ ներկայ դրութեամբ Թուրքիան Իրանի եւ Ռուսաստանի հետ գտնւում է ԱՄՆ-ի կողմից տնտեսական սահմանափակումների նոյն ճամբարում, սակայն, հաշւի առնելով որոշ հանգամանքներ, այդ թւում՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական լայնածաւալ կապերը, սկսած սպառազինութիւնից մինչեւ կենցաղային իրեր, Էրդողանը վաղ թէ ուշ կը կարգաւորի ԱՄՆ-ի հետ փոխյարաբերութիւնները եւ դուրս կը գայ այդ ճամբարից։

Յատկապէս որ կոշտ դիրքերից անմիջապէս նահանջելու հարցում Էրդողանը հարուստ փորձառութիւն ունի։ Այլ կերպ ասած, թուրք-իրանական փոխյարաբերութիւնների ներկայ սերտացումը, ինչը պայմանաւորւած է ԱՄՆ-ի սահմանափակումներով, չի կարող երկարաժամկէտ լինել եւ ռազմավարական բնոյթ կրել, մասնաւորապէս տարածաշրջանային կոնֆլիկտներում, ինչպէս, օրինակ, Սիրիայի եւ Արցախի հարցերում։

Ըստ ամենայնի, թուրք-իրանական փոխյարաբերութիւնների ընթացքի վրայ նշանակալից դեր կունենան նաեւ սեպտեմբերի 7-ին Թաւրիզում տեղի ունենալիք գագաթնաժողովի արդիւնքները։ Եթէ Թեհրանն ու Անկարան կարողանան ընդհանուր յայտարարի գալ այնպիսի հարցերում, ինչպիսին Իդլիբն է, որտեղ թուրքամէտ ուժեր կան, ընդդիմութեան եւ փախստականների հարցերում, ապա քաղաքական մակարդակով փոխյարաբերութիւնների որոշ սերտացում եւս կարելի է ակնկալել, ինչպէս նշում են փորձագէտները։ Այսուհանդերձ, սեպտեմբերին ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում Թրամփ-Էրդողան հնարաւոր հանդիպման ընթացքում համաձայնութեան գալու հնարաւորութիւնն աւելի մեծ է, քան թաւրիզեան հանդիպմանը։

«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։