Հա

Քաղաքական

04/09/2018

«The Washington Post». «Ադրբեջանի երկարակեաց նախագահը նոյնպէս խօսում է «ֆէյք լուրերի» մասին»

Ճիշտ է, ԱՄՆ-ն զիջում է համաշխարհային առաջնորդի իր դիրքերը, սակայն ԱՄՆ նախագահի ունեցած ազդեցութիւնը շարունակում է զարմացնել: Այս մասին ասւում է «The Washington Post»-ի խմբագիր Ջեքսոն Դիլի յօդւածում:

«alikonline.ir» - Ճիշտ է, ԱՄՆ-ն զիջում է համաշխարհային առաջնորդի իր դիրքերը, սակայն ԱՄՆ նախագահի ունեցած ազդեցութիւնը շարունակում է զարմացնել: Այս մասին ասւում է «The Washington Post»-ի խմբագիր Ջեքսոն Դիլի յօդւածում: Գրում է «news.am»-ը:

Երբ Ջորջ Բուշն իր երկրորդ երդմնակալութեան գլխաւոր մեխը դարձրեց ժողովրդավարութիւնը, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ շտապեցին կրկնել նրա խօսքերն ու յայտնել ժողովրդավարութեան ուղին ընտրելու մասին: Վաշինգթոնի օրինակով, անսպասելի կերպով, ազատ ընտրութիւնների բարիքներից էին խօսում Կատարի Էմիրը եւ Ադրբեջանի երկարակեաց նախագահը:

Նախագահ Թրամփի թողած ազդեցութիւնը փոքր-ինչ այլ է. նրա պրոտեկցիոնիստական քաղաքականութիւնն ու Ամերիկան առաջինը դասելու միտումն այնքան էլ մեծ տարածում չունեն, սակայն նրա ամենասուր արտայայտութիւնը՝ «fake news»-ը, որոշ պնդումների համաձայն, դարձել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ «քաղաքական էքսպորտը» Բուշի «ազատութեան օրակարգ»-ից (freedom agenda) ի վեր: Կասկած չկայ, որ արդիւնքը նոյնը չէ, նշում է հեղինակը:

Դիլի կատարած ուսումնասիրութեան արդիւնքում պարզւել է, որ 28 երկրներում վերջին 18 ամիսների ընթացքում «կեղծ լրատւութիւն» կամ «սխալ նորութիւն» արտայայտութիւններն օգտագործւել են ընդդէմ ազնիւ լրագրողների եւ ճշմարիտ լրատւութեան: Լրատւութեան դէմ գործող քաղաքական ռեժիմների թւում է, իհարկէ, Ադրբեջանը՝ մի շարք այլ աւտոկրատիաների հետ, որտեղ անկախ լրագրողներն անընդհատ ճնշման են ենթարկւում:

Չնայած ժողովրդավար պետութիւններում եւս նման դէպքեր են արձանագրւում. օրինակ՝ Թայւանն այն մի քանի երկրներից է, որտեղ կառավարութեան կողմից կեղծ յայտարարւող լրատւութիւնը քրէականացնող օրէնքներ են ընդունւում: Երկրների շարքում են նաեւ Ֆրանսիան, Իտալիան, Հնդկաստանը: Կամբոջայի աւտոկրատ առաջնորդն ու ժողովրդավարական համարւող Լեհաստանի նախագահը շնորհակալութիւն են յայտնել Թրամփին՝ անկախ լրագրութեան եւ կեղծ լրատւութեան ուժը շեշտադրելու համար:

Խմբագիրը նշում է, որ Թրամփի սիրելի դաշնակիցներից Իսրայէլի վարչապետ Նեթանիահուն եւ Եգիպտոսի նախագահ Աբդէլ Ֆաթահ ալ Սիսին տրամաբանօրէն յաջորդ քայլն են կատարել. Սիսին «CNN»-ն անւանել է «ողբալի», մինչդեռ Նեթանեահուն մեղադրել է «CNN»-ին եւ «The New York Times»-ին «կեղծ լրատւութիւն» տարածելու մէջ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ, իր հերթին, ասել է, որ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ կապերի մասին «CNN»-ի տարածած լուրերը կեղծ են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։