Հա

Քաղաքական

04/09/2018

Ռազմական փորձագէտ. «Եթէ Թուրքիան ռազմաբազա հիմնի Նախիջեւանում, այդ տեղեկութիւնը հաստատւի՝ չեմ կարծում, որ ՌԴ-ի կողմից սուր արձագանգ կը լինի»

Ռազմական փորձագէտ Դաւիթ Յարութիւնովն այդքան էլ ստոյգ չի համարում թուրքական մամուլի կողմից հրապարակւած տեղեկատւութիւնը, ըստ որի՝ Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջեւանի տարածքում:

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Դաւիթ Յարութիւնովն այդքան էլ ստոյգ չի համարում թուրքական մամուլի կողմից հրապարակւած տեղեկատւութիւնը, ըստ որի՝ Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջեւանի տարածքում: Այս մասին նա նշեց «tert.am»-ի հետ զրոյցում:

«Տեղեկատւութիւնն այդքան էլ ստոյգ չի կարելի համարել՝ հաշւի առնելով, որ հրապարակումը պաշտօնական ինֆորմացիա չէ եւ հիմնւած է փորձագիտական մտքի վրայ, բայց, այդուհանդերձ, Նախիջեւանում Թուրքիայի ռազմական ներկայացւածութիւնը նոր բան չէ, իհարկէ, ռազմաբազայի տեսքով չէր, բայց ներկայութիւն որոշակի ունեցել է»,- ասաց փորձագէտը:

Թէ ինչպէս կարձագանգի Ռուսաստանը, Դաւիթ Յարութիւնովը նշեց, եթէ յանկարծ նման տեղեկատւութիւնն իրականութիւն դառնայ, չի կարծում, որ ՌԴ-ի կողմից սուր արձագանգ կը լինի: «ՌԴ-ի եւ Թուրքիայի յարաբերութիւնները հիմնականում պայմանաւորւած են սիրիական հակամարտութեան գործոնով, երկու կողմն էլ լուրջ կարիք է զգում միմեանց հետ Սիրիայում համագործակցելու, եւ վերջին շրջանում մի շարք խնդիրներ եղան, որոնք կարող էին պոտենցիալ լարւածութիւն առաջացնել, բայց չբերեցին դրան եւ այս տեսակէտից ելնելով, եթէ այդ տեղեկատւթիւնը որոշակի հետեւանքներ ունենայ, դառնայ պաշտօնական ինֆորմացիա, կամ աւելի յստակ տեղեկատւութիւններ յայտնւեն, ես չեմ կարծում, որ ՌԴ-ի կողից շատ սուր արձագանգ կը լինի, որովհետեւ կրկնում եմ, որ նրանց համար Սիրիայի հարցում Թուրքիայի հետ համագործակցութիւնը շատ աւելի անհրաժեշտ է»,- ասաց նա:

Հարցին, թէ թուրքական ռազմաբազայի տեղակայումը Նախիջեւանում ինչ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, ռազմական փորձագէտը պատասխանեց, որ մեծ հաշւով Հայաստանի համար Թուրքիայի հետ ռազմական հակամարտութիւնը լրջագոյն խնդիր է ռազմական տեսանկիւնից: «Մենք նման խնդրին այդքան էլ պատրաստ չենք, եւ հիմնականում ուժերը ուղղւած են Ադրբեջանի հետ հակամարտութեան վրայ: Իսկ նշւած թուրքական ներկայութիւնը Նախիջեւանում այդքան էլ խնդիր չէ, որովհետեւ լարւածութիւնը հիմնականում տեսնում էինք ղարաբաղեան շփման գծում: Հիմա իրավիճակը փոխւել է, որովհետեւ վերջին մէկ, երկու ամիսներին Ադրբեջանը նաեւ լարւածութիւն էր առաջացնում Նախիջեւանի հետ սահմանին»,- ասաց նա:

Դաւիթ Յարութիւնովը նշեց, որ այսինքն, եթէ ենթադրենք, որ կը լինի ռազմական հակամարտութիւն, որը կը ներառի Նախիջեւանը, հայկական կողմը կարող է թուրքական ԶՈՒ-ի հետ էլ հակամարտութեան մէջ մտնել, ինչը լուրջ խնդիր է:

«Բայց այդ դէպքում արդէն կը լինի խնդիր, որը ուզած, թէ չուզած դուրս կը գայ հայ-ադրբեջանական հակամարտութեան շրջանակներից, եթէ նման սցենար լինի եւ կը ներառի նաեւ ՌԴ-ին, իհարկէ, մի փոքր հիպոթետիկ է այդ մասին խօսել, բայց ուզած-չուզած կը ստեղծի իրավիճակ, որի ժամանակ ՌԴ-ն եւ ՀՀ-ն կը պարտաւորւեն իրենց պարտաւորութիւնները կատարել»,-ասաց նա:

Ի դէպ, ըստ Յարութիւնովի՝ նման տեղեկատւութիւնը պատահական չէ, որի նպատակն է ցոյց տալ ազդեցութիւնների համար պայքար Ադրբեջանի շուրջ, ինչպէս Իրանի, ՌԴ-ի, այնպէս էլ Թուրքիայի կողմից:  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։