Հա

Քաղաքական

05/09/2018 - 10:50

Անկարայի նախիջեւանեան փորացաւը. Ռուսաստանը թոյլ կը տա՞յ նրան ռազմակայան կառուցել իր քթի տակ

Նախիջեւանում ռազմակայանի բացման թեման արդէն մի քանի ամիս է՝ քննարկւում է։ Թուրքիան ու Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անկլաւի տարածքում համատեղ զօրավարժութիւններ են անցկացնում։

«alikonline.ir» - Նախիջեւանում ռազմակայանի բացման թեման արդէն մի քանի ամիս է՝ քննարկւում է։ Թուրքիան ու Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անկլաւի տարածքում համատեղ զօրավարժութիւններ են անցկացնում։

Լրատւամիջոցներում կրկին սկսել են խօսել Նախիջեւանում Անկարայի ռազմակայանի հաւանական տեղակայման մասին։ Մասնաւորապէս, այս մասին գրել է «Sözcü» պարբերականը։

Հրապարակման մէջ նշւում էր, որ Սոմալիից ու Կատարից յետոյ Թուրքիան կարող է ռազմակայան բացել նաեւ Նախիջեւանում։ Հեղինակը նշում էր, որ արդէն երկար ժամանակ է տեղակայման թեման շրջանառւում է, ու այս քննարկումներն ակտիւացել են Հայաստանում ռուսական ռազմական հենակէտի գործառոյթների ընդլայնումից յետոյ (որը տեղի է ունեցել  2010 թ.ին)։

Յատկանշական է, որ պաշտօնական Անկարան դեռ չի մեկնաբանում այդ թեման։ Թուրքագէտ Վարուժան Գեղամեանի կարծիքով` դժւար սակաւաթիւ ընդդիմադիր թերթերից մէկը այդքան ներքին տեղեկութիւն ունենայ։ Գեղամեանն ասում է, որ դեռ 2010 թւականից թուրքական մամուլում ու փորձագէտների շրջանում խօսում են Նախիջեւանում ռազմական հենակէտ ունենալու մասին։

«Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում փորձագէտը նշեց, որ եթէ Թուքիայի իշխանութիւնները ուզենային տեղեկութեան «արտահոսք» ապահովէին, ապա կանէին դա լոյալ ԶԼՄ-ների միջոցով` «Sabah»-ի, «Hurriyet»-ի, այլ ոչ թէ «Sözcü»-ի միջոցով, որը վառ արտայայտւած ընդդիմադիր բնոյթի է:

Վերջին ամիսների ընթացքում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Նախիջեւանի ուղղութեամբ բազմիցս սրւել է։ Ադրբեջանական զինուժն ապրիլ-մայիս ամիսներին իր դիրքերը մօտեցրեց հայկականին։ Հիմա, երբ իրավիճակը քիչ թէ շատ կայուն է, Թուրքիայում սկսեցին խօսել անկլաւի տարածքում իրենց ստորաբաժանումների տեղակայման մասին։

Ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանի կարծիքով` Նախիջեւանում թուրքական կայանի տեղակայումը, ինչը տեսականօրէն լրիւ հնարաւոր է, կարող է լուրջ վտանգ ներկայացնել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Մոսկւայի համար։ Հաշւի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, դժւար չէ գլխի ընկնել ինչպէս կարձագանքի Ռուսաստանն այն բանին, որ ՆԱՏՕ-ի նոր կայան յայտնւի հարաւային սահմանների անմիջական հարեւանութեամբ։

«Նախիջեւանում թուրքական կայանի բացումը դա ՆԱՏՕ-ի ուղիղ ներխուժում է Հարաւային Կովկաս` դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այդ ներխուժումը լրիւ տեղաւորւում  է Վաշինգտոնի` Ռուսաստանին ծնկի բերելու տրամաբանութեան մէջ։ Բնականաբար, Մոսկւան բաւականին խիստ կարձագանքի, եթէ Անկարան որոշի դիմել այդպիսի քայլի»,- նշեց Նահապետեանը։

Նա նշում է, որ թէեւ հիմա Ռուսաստանն ու Թուրքիան մտերմացել են, Մոսկւան շարունակում  է դիտարկել Անկարային որպէս  աշխարհաքաղաքական, ռազմավարական  հակառակորդի ու ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից մէկի։ Իսկ Մոսկւայի քայլերը, ուղղւած  Թուրքիայի հետ առանձին ոլորտներում համագործակցութեան ամրապնդմանը, նպատակ ունեն առաւելագոյնս թուլացնել Թուրքիա-ՆԱՏՕ կապերն ու չեզոքացնել հարաւարեւելեան դաշինքի դրօշը։

Բազայի տեղակայումը Նահապետեանի խօսքով՝  նոր լուրջ լարւածութիւն կը մտցնի ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում։ Նախիջեւանում թուրքական զօրքերի առաջացումը լրջօրէն կը խախտի ռազմական բալանսը։ Ադրբեջանի օգնութեամբ Թուրքիան տարածաշրջանում ռազմաքաղաքական գործօն է դառնում։

Նահապետեանը նշեց, որ պէտք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Անկարան անդադար փորձեր է անում ակտիւացնել իր դերակատարութիւնը արցախեան կարգաւորման մէջ։ Արցախի հարցով բանակցութիւնները, ինչպէս յայտնի է, ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձեւաչափով։ Վերջին տարիներին Թուրքիան փորձում է խցկւել այդ ձեւաչափի մէջ։

Փորձագէտը կարծում է, որ Նախիջեւանում ռազմակայանի տեղակայման պէս արցախեան գործընթացին Թուրքիայի միջամտութեան սպառնալիքն աւելի զգալի կը դառնայ։ Ադրբեջանը շահագրգռւած է, որ բանակցութիւնների ձեւաչափը փոխւի։ Իսկ թուրքական բանակն իր տարածք հրաւիրելով Բաքուն միջնորդների վրայ ճնշում գործադրելու լրացուցիչ յաղթաթուղթ է ստանում` ձեւաչափը վերանայելու նպատակով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։