Հա

Քաղաքական

06/09/2018

Ս. Տարասով. «Փաշինեանը ոչնչացնում է Հայաստանի պետականութիւնը, եւ Մոսկւան սկսել է Բաքւի հետ խօսել ՀԱՊԿ թեմայով, քանի որ հիմա Ադրբեջանը շատ նպաստաւոր դիրքում է»

«Tert.am»-ի հետ զրոյցում ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկւայում Նիկոլ Փաշինեան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին եւ հարցին, թէ ինչո՞ւ է Մոսկւան բանակցում Բաքւի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցութեան մասին:

«alikonline.ir» - «Tert.am»-ի հետ զրոյցում ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկւայում Նիկոլ Փաշինեան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին եւ հարցին, թէ ինչո՞ւ է Մոսկւան բանակցում Բաքւի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցութեան մասին:



Պարո՛ն Տարասով, սեպտեմբերի 8-ին Մոսկւայում Փաշինեան-Պուտին հանդիպումն է: ՀՀ եւ ՌԴ քաղաքագիտական շրջանակներում կայ ձեւաւորւած կարծիք, որ քննարկւելու է նաեւ Ղարաբաղեան հարց: Մանաւանդ, որ դրան նախորդել էր Պուտին-Ալիեւ հանդիպումը:

- Պուտինը Սոչիում Ալիեւի հետ խօսել է որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրի ղեկավար եւ Մոսկւան ղարաբաղեան հակամարտութեան հարցում իր ոչ մի նախագիծ չի առաջադրում: Արցախեան հարցով զբաղւում է Մինսկի խումբը եւ Մոսկւային ոչինչ չի խանգարում զարգացնել իր յարաբերութիւններն Ադրբեջանի հետ:

Երկրորդ. երբ վերյիշում ես, թէ ինչեր է ասել պարոն Փաշինեանն արցախեան հարցով, մարդու մազերը բիզ-բիզ է կանգնում: Նա սկզբում ասում էր, որ Ղարաբաղը հակամարտութեան կողմ է, ինչից յետոյ տեղի ունեցաւ Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ նախկին պայմաններով: Այսինքն՝ հին սխեմայով:

Երրորդ. պարզւում է, որ Զոհրաբ Մնացականեանի եւ Մամեդեարովի միջեւ բանակցութիւնները վերաբերում են տարածքային խնդիրներին… հիմա նայէք քարտէզին ու ասացէք խնդրեմ՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ տարածքային խնդիրներն ի՞նչ կապ ունեն, եթէ խօսքը Ղարաբաղի մասին է: Այսինքն՝ առանց Ղարաբաղի տարածքային խնդիրնե՞ր են լուծում:

Մէկ այլ բան. գիտէք, որ սեպտեմբերի 2-ը Արցախի անկախութեան տօնն էր եւ ինչ՝ Նիկոլ Փաշինեանը նամակ է գրում (ուղերձ) եւ նախանշում եռանկիւնի՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք: Ինչից յետոյ Ալիեւը, թուրքալեզու պետութիւնների 6-րդ գագաթնաժողովին յանկարծ խիստ դրական է արտայայտւում Փաշինեանի դիրքորոշման վերաբերեալ՝ ասելով՝ հաւատում է, որ ՀՀ իշխանութիւնները կը ցուցաբերեն կառուցողական դիրքորոշում: Հիմա հարց՝ որտեղի՞ց Ալիեւին այդքան սէր ու լաւատեսութիւն Փաշինեանի հանդէպ:

Հետեւաբար, ես գտնում եմ, որ Փաշինեանն ինքը չգիտի՝ ինչ անել Ղարաբաղի հարցով, քանի որ վերջին 2-3 ամիսներին, 2-3 իրարամերժ յայտարարութիւն է արել եւ հիմա ուզում է ամէն ինչ գցել Մոսկւայի վրա: Մենք ենք ամէն ինչում մեղաւոր»… Խաչատուրո՞վ, Մոսկւան է մեղաւոր, Քոչարեա՞ն՝ Մոսկւան, Ղարաբա՞ղ՝ Մոսկւան: Եւ սա միայն իմ կարծիքը չէ, սա բոլոր ռուսաստանեան քաղաքագէտների դիրքորոշումն է:

 

Այդուհանդերձ, հանդիպումն ի՞նչ օրակարգ է ունենալու: Ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ քննարկւելու է նաեւ Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով անդամակցութեան հարցը:

- Բանակցութիւնների օրակարգն ինձ յայտնի չէ, քանի որ ո՛չ ռուսաստանեան, ո՛չ հայկական կողմերը դրանք չեն հրապարակել: Առաջին մասով՝ հայ-ռուսական խնդիրների մեծ փունջ կայ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, գիտէք՝ վերջերս Սոչիում տեղի ունեցան Պուտին-Ալիեւ բանակցութիւնները, որոնք շատ արդիւնաւէտ էին: Գրեթէ բոլոր ոլորտներում, այդ թւում՝ ռազմատեխնիկական, համագործակցութեան ընդլայնման մասին 16 փաստաթուղթ ստորագրւեց, ինչը ռեկորդային թիւ է: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ակնյայտօրէն գնում է ՌԴ-ի հետ մերձեցման:

Ինչպէս գիտէք՝ օրերս ելոյթ ունեցաւ Սերգէյ Լաւրովը, որն իր մտահոգութիւնը յայտնեց Հայաստանում իրավիճակի վերաբերեալ, այդ թւում՝ Խաչատուրովի յայտնի պատմութեանը առնչւող: Ձեզ յայտնի է, որ մեր կողմից սա դիտւում է որպէս ՀԱՊԿ հեղինակութեանը մեծագոյն հարւած եւ գնահատւում որպէս Հայաստանի կողմից ընթացակարգերի խախտում: Եւ ասեմ, որ հիմա ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի միջեւ ընթանում են բանակցութիւններ, որպէսզի ՀԱՊԿ ղեկավարութիւնը փոխանցւի այբբենական կարգով յաջորդ երկրին՝ Բելառուսին: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանի կողմից մի գեներալի՝ միւսով փոխարինելը չի երաշխաւորում, որ վաղը՝ ինչ-ինչ պատճառներով այդ նոր գեներալը նոյնպէս քրէական հետապնդման չի ենթարկւի: Ինչպէս գիտէք՝ հէնց այնպէս գեներալ չեն դառնում, մարդիկ իրենց պատմութիւններն են ունենում, իրենց մասնակցութիւնն են ունեցած լինում ինչ-որ իրադարձութիւնների: Սա մեր ինչի՞ն է պէտք, եւ միայն նրա համար, որ հայերը գրագէտ չեն վարւում: Սա շատ լուրջ խնդիր է, եւ անյայտ է, թէ ինչու Փաշինեանն ու թիմը գնացին սրան: Մանաւանդ, որ Փաշինեանն ունի Մնացականեանի նման որակաւորւած նախարար, որը կարող էր նրան յուշել ընթացակարգերի մասին: Եւ պարզ է՝ որ կամ Զոհրաբ Մնացականեանը չի կարողացել պաշտպանել իր դիրքորոշումը, կամ ամէն ինչ արւել է առանց նրա:

Այդ իսկ պատճառով, հետայսու, ՀԱՊԿ-ը նման հարւածներից զերծ պահելու համար ամենաողջամիտ քայլը կը լինէր ՀԱՊԿ նախագահութիւնը Հայաստանի կողմից Բելառուսին փոխանցելը: Մանաւանդ, որ այստեղ խօսքը միայն ՌԴ-ի մասին չէ, այլ միւս երկրների նախագահների, որոնք այս ամէնը նոյնպէս շատ վատ ընդունեցին:

 

Բայց Հայաստանը համաձայն չէ եւ բազմիցս ասւել է, որ մինչեւ մեր նախագահութեան ժամկէտ լինելու է ՀՀ ներկայացուցիչ:

- Հասկացէք՝ Հայաստանը խախտել է ընթացակարգերը, որոնք կան, ոչ մի տեղ չեն անհետացել: Եւ սա է մեր բարկութեան պատճառը, ոչ թէ այն, որ Մոսկւան պաշտպանում է Խաչատուրովին:Սա ռազմաքաղաքական դաշինք է: Պատկերացրէք՝ եթէ նման բան տեղի ունենար Ստոլտենբերգի հետ կամ վաղը ինչ-որ աղջիկ յայտարարի, որ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի կողմից սեռական ոտնձգութեան է ենթարկւել: Թող նախքան քրէական հետապնդումը փոխէին Խաչատուրովին: Թէ չէ Փաշինեանն այս ամէնից յետոյ կանգնում, յայտարարում է, թէ իր կարծիքով ճիշտ կը լինէր, որ զինւորականների փոխարէն ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարութիւնը ստանձնէին պետութիւնների ղեկավարները՝ հերթով: Սա «չայխանայ» չէ, նման կառոյցներում այդպէս չեն վարւում: Մի խօսքով՝ Հայաստանը «պարտւել է» այս հարցում:

Երկրորդ. Ադրբեջանն, այ՛ո, պոտենցիալ կերպով կարող է ներգրաււել ՀԱՊԿ-ում՝ դիտորդի կարգավիճակով: Իհարկէ, Հայաստանն ունի վետոյի իրաւունք, բայց, եթէ խօսքը լիարժէք անդամութեան մասին է, ոչ թէ դիտորդի կարգավիճակի: Եւ իմ տպաւորութըամբ՝ ՀԱՊԿ-ում փաստաթղթերն այնպէս են կազմւած, որ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը կարող է անցկացւել քւէարկութեամբ: Եւ պարզ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը կողմ կը լինեն: Եւ, ուզէք-չուզէք, Ադրբեջանը սրանով հնարաւորութիւն կունենայ ՀԱՊԿ ինչ-ինչ միջոցառումների ներկայ լինելու դիտորդի կարգավիճակով: Հետեւաբար, արդէն իսկ հնարաւորութիւն կունենայ այս կառոյցի ներսում Հայաստանի դէմ ինչ-ինչ սահմանափակումներ դնել:

 

Բայց չէ՞ որ Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերեալ պաշտօնական որեւէ յայտարարութիւն չի արւել, այլ Մեջլիսի ինչ-որ երկրորդական պաշտօնեայ վերլուծութիւն է արել, թէ ինչքան լաւ կը լինէր, եթէ այդպէս լինէր:

- Ընթանում է հրապարակային քննարկում: Եւ հարցն անգամ դա չէ, այլ միայն այն փաստը, որ Ադրբեջանը, որը մշտապէս դէմ էր արտայայտւում, սկսել է այս մասով «զոնդաժ», արդէն իսկ շատ բաների մասին է խօսում: Եւ այստեղ կայ նաեւ հարցի երկրորդ՝ սկզբունքային կողմը: Այն է՝ ինչո՞ւ է Մոսկւան, այնուամենայնիւ, Բաքւի հետ այս հարցով բանակցութիւններ վարում: Բանն այն է, որ հիմա Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծւել՝ Հայաստանի քաղաքական իշխանութիւնների թուլացմամբ: Ձեր նոր իշխանութիւնը թոյլ է, աւելին՝ լեգիտիմ չէ, քանի որ Փաշինեանը փողոցի ալիքով է եկել իշխանութեան, խորհրդարանում չունի մեծամասնութիւն: Եւ, տեսականօրէն, խորհրդարանը ցանկացած պահի նրան կարող է անվստահութիւն յայտնել: Հետեւաբար, հիմա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ բանակցել, քանի որ Փաշինեանին, միգուցէ, վաղը հեռացնեն: Կամ՝ ինչպէ՞ս նրա հետ բանակցել, եթէ նա ոչնչացնում է իշխանութեան ենթակառուցւածքները: Աւելին՝ նա Հայաստանի պետականութիւնն է ոչնչացնում, ինչը Մոսկւային շատ մեծ անհանգստութիւն է պատճառում, եթէ նկատի ունենանք, որ Հայաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Եւ Հայաստան-ՀԱՊԿ փոխյարաբերութիւնները նախկինում Հարաւային Կովկասում շատ բաներ էին կանխորոշում, իսկ հիմա դա չկայ: Եւ սա էլ կը քննարկւի Պուտին-Փաշինեան բանակցութիւններում: Մեր կանխատեսումներով՝ սեպտեմբերի 8-ին Պուտին-Փաշինեան բանակցութիւները ծայրաստիճան կոշտ են լինելու: Այն պարզ պատճառով, որ Փաշինեանը ՌԴ իշխանութիւնների քաղաքական վստահութեան պաշարը սպառելու եզրին է: Ասեմ, որ առաջին անգամ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահը խնդրեց, որ «դուք՝ ՀՀ նոր իշխանութիւննե՛ր, զբաղւէ՛ք, պատրաստէ՛ք ճգնաժամից դուրս գալու ծրագիր, բարեփոխումներ, ներկայացրէք մեզ, կաջակցենք եւ հիմա անցեալը փորփրելու ժամանակը չէ»: Բայց պարոն Փաշինեանը հէնց վերադարձաւ Հայաստան, անմիջապէս եղաւ Քոչարեանի կալանաւորումը: Եւ այստեղ էլ կար ընթացակարգի խնդիր, եթէ ուզում էին Քոչարեանին «վերցնել», թող նախ փոփոխէին Սահմանադրութիւնը եւ դրանից յետոյ նրա նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշէին: Եւ հիմա ընկեր Փաշինեանը ուզում է տպաւորութիւն ստեղծել, թէ Մոսկւան միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պաշտպանում է Քոչարեանին, Խաչատուրովին: Սա կեղծիք է:

 

Ամէն դեպքում, «եռացող» Հայաստանի մասին խօսող Լաւրովի մասին հարց տւած լրագրողին երէկ Նիկոլ Փաշինեանն ընդհատեց ասելով, որ շոգ է: Ամէն դէպքում, Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնները եւս դիտարկւում են որպէս միջամտութիւն ՀՀ ներքին գործերին:

- Ռուսաստանը չի միջամտում, մեկնաբանում է, որի իրաւունքն ունի իւրաքանչիւր երկիր: Մոսկւան Հայաստանում իրավիճակի վերաբերեալ իր գնահատականն է տալիս: Նոյնկերպ, Հայաստանը կարող է գնահատական տալ ռուսաստանեան ցանկացած իրադարձութեան եւ դա չի նշանակում, որ ՀՀ-ն միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին: Այլ հարց կը լինէր, եթէ Մոսկւան հանդէս գար ինչ-ինչ պահանջներով, պայմաններ առաջ քաշեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։