Print this page
06/09/2018 - 12:40

Չաւուշօղլու. «Ռուսաստանի ու Իրանի նպատակն Իդլիբը գրաւելն է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն, խօսելով Սիրիայի հիւսիսային Իդլիբ շրջանում սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութեան մասին, յայտարարել է, որ Սիրիայի իշխանութիւններին աջակցող Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իդլիբը, գրում է թուրքական «Հիւրրիէթ» պարբերականը։

«alikonline.ir» - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն, խօսելով Սիրիայի հիւսիսային Իդլիբ շրջանում սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութեան մասին, յայտարարել է, որ Սիրիայի իշխանութիւններին աջակցող Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իդլիբը, գրում է թուրքական «Հիւրրիէթ» պարբերականը։ Գրում է «tert.am»-ը:

«Մենք անմիջական կապի մէջ ենք բանակցային գործընթացում Ասադի ռեժիմի երաշխաւորը հանդիսացող Ռուսաստանի ու Իրանի հետ։ Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց նպատակն Իդլիբը գրաւելն է։ Այս ամէնը լուրջ ռիսկեր է պարունակում։ Ամէն կողմից սա ողբերգութիւն է դառնալու։ Յարձակումից յետոյ մենք կապի ենք դուրս եկել Ռուսաստանի հետ, ասել ենք, որ այդ ամէնը սխալ է։ Թեհրանում գագաթնաժողովին ընդառաջ նման բան անելը ճիշտ չէ»,- ասել է Չաւուշօղլուն։

Սեպտեմբերի 4-ին յայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դէմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արւում է նահանգը զինւած ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:

Յատկանշական է, որ ռմբակոծումից ժամեր առաջ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողութեան տակ գտնւող Իդլիբ նահանգի դէմ «անխոհեմ» յարձակում գործելուց:

Նախօրէին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ սիրիական Իդլիբում կարող է բնակչութեան կոտորած տեղի ունենալ, եւ իրադարձութիւնների նման զարգացման դէպքում Թուրքիան կարող է կանգնել նոր միգրացիոն ճգնաժամի առաջ։

Յայտնի է, որ Իդլիբում գործող ընդդիմադիր ծայրայեղական խմբաւորումները հիմնականում վայելում են Թուրքիայի աջակցութիւնը։ Իդլիբը համարւում է ընդդիմադիր ծայրայեղականների վերջին խոշոր հենակէտը Սիրիայում, որտեղից նրանք պարբերական յարձակումներ են գործում սիրիական բանակի դիրքերի վրայ։

Յարակից լուրեր