Ամերիկեան օդուժին պատկանող երկու «F-15» ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելւած ֆոսֆորային զինամթերքով աւիահարւած է հասցւել Դեր Զոր նահանգի ուղղութեամբ:
«alikonline.ir» - Ամերիկեան օդուժին պատկանող երկու «F-15» ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելւած ֆոսֆորային զինամթերքով աւիահարւած է հասցւել Դեր Զոր նահանգի ուղղութեամբ: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:
Նման յայտարարութեամբ հանդէս է եկել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լէյտենանտ Վլադիմիր Սաւչենկոն:
Ինչպէս հաղորդւում է, աւիահարւածներն իրականացւել են Հաջին քաղաքի ուղղութեամբ: Յարձակման հետեւանքով ուժեղ հրդեհներ են բռնկւել:
Սաւչենկոյի խօսքով՝ տուժածների կամ հնարաւոր զոհերի մասին տեղեկութիւնները ճշտւում են:
Գեներալ-լէյտենանտը յիշեցրել է, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինութեան կիրառումն արգելւում է 1949 թւականի Ժնեւեան կոնւենցիայի յաւելեալ արձանագրութեամբ: Ֆոսֆորային ռումբերը համարւում են զանգւածային ոչնչացման զէնք:
Ռուս գեներալի յայտարարութեանն անմիջապէս արձագանգել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը, որը հերքել է ՌԴ ՊՆ ներկայացուցչի յայտարարութիւնը:
Ըստ Ռոբերթսոնի՝ այս պահի դրութեամբ Պենտագոնը չունի որեւէ տեղեկութիւն սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառման փաստի վերաբերեալ: Նա նաեւ յաւելել է, որ նշւած նահանգում տեղակայւած ամերիկեան բանակի ստորաբաժանումներից ոչ մէկը չունի նմանատիպ զէնք: