Print this page
11/09/2018 - 08:50

Էրդողան. «Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանութիւնների հետ որեւէ համագործակցութիւն»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սիրիական հակամարտութեան թեմայով Թեհրանում տեղի ունեցած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից յետոյ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանութիւնների հետ որեւէ համագործակցութիւն։ 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սիրիական հակամարտութեան թեմայով Թեհրանում տեղի ունեցած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից յետոյ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանութիւնների հետ որեւէ համագործակցութիւն։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է թուրքական «demokrathaber.org» կայքը, Էրդողանը նաեւ խուսափել է պատասխանել լրագրողների այն հարցին, թէ ինչպէս կը վարւի Թուրքիան, եթէ Սիրիայում նոր նախագահական ընտրութիւնների ժամանակ կրկին յաղթի գործող նախագահ Բաշշար Ասադը։

«Մենք այստեղ Ասադի մասին չենք խօսում։ Կարեւոր է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ամբողջ ներուժն ընտրութիւններում․ Սիրիայում գտնւողները, դրսում եղածները, ինչպէս է ձեւաւորւելու այդ համակարգը՝ պէտք է դա տեսնենք»,- ասել է Էրդողանը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թուրքիայի ընդդիմութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:

Նա նաեւ նշել է, որ Ասադի ռեժիմի դաշնակիցը հանդիսացող Իրանին ու Ռուսաստանին իրենք յայտնել են, որ Իդլիբում գտնւող «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբաւորմանը հարւածելու պատրւակով Իդլիբի խաղաղ բնակչութեան վրայ յարձակումներն անընդունելի են։

«Դա կլինի մարդկային մեծ դրամա եւ ներգաղթեալների նոր հոսքի պատճառ։ Թուրքիան չպէտք է վճարի դրա գինը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Հալէպից ու Արեւելեան Ղուտայից դուրս եկած զինւած գրոհայիններն այժմ մեծ մասամբ գտնւում են հէնց Իդլիբում, եւ նրանք նոյնպէս կարող են հատել Թուրքիայի սահմանը։

Յարակից լուրեր