Print this page
11/09/2018

Աւստրալացի պրոֆեսոր. «Հոլոկոստից առաջ օսմանեան հրեաներն աջակցում էին Հայոց Ցեղասպանութեան «ճարտարապետին»»

1915-ի գարնանը Թալէաթն ամէն ինչ անում էր, որ միջազգային հարթակում խնդիրներ չլինեն, որպէսզի հարւածի հայերին, իսկ հրեաները վախենում էին նոյն ճակատագրին արժանանալ, ուստի չէին ողջունում ո՛չ հայամէտ, ո՛չ էլ զոհամէտ որեւէ գործողութիւն: Յունիսին Իսրայէլի Քնեսեթում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար քւէարկութիւնը չեղարկւեց՝ կառավարութեան բաւարար աջակցութեան բացակայութեան պատճառով:

«alikonline.ir» - 1915-ի գարնանը Թալէաթն ամէն ինչ անում էր, որ միջազգային հարթակում խնդիրներ չլինեն, որպէսզի հարւածի հայերին, իսկ հրեաները վախենում էին նոյն ճակատագրին արժանանալ, ուստի չէին ողջունում ո՛չ հայամէտ, ո՛չ էլ զոհամէտ որեւէ գործողութիւն: Յունիսին Իսրայէլի Քնեսեթում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար քւէարկութիւնը չեղարկւեց՝ կառավարութեան բաւարար աջակցութեան բացակայութեան պատճառով: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «Times of Israel»-ի լրագրող Օ'Մալլին:

Յօդւածում նշւում է, որ Աւստրալիայի Նիւքասլի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Քիսէրը «Times of Israel»-ին ասել է, որ Թուրքիայի հետ փոփոխական յարաբերութիւնների պատճառով Իսրայէլը չի կարողացել անել այն, ինչ բազմաթիւ հրեաներ բարոյապէս ցանկանում էին անել. հրապարակավ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը Քնեսեթում: Քիսէրը հեղինակել է «Թալէաթ փաշա. Ժամանակակից Թուրքիայի հայրը եւ Ցեղասպանութեան ճարտարապետը» գիրքը, արժանացել է Հայաստանի նախագահի մրցանակի՝ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան մէջ մեծ ներդրման համար:

Օ'Մալլին գրում է, որ Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս չճանաչելու՝ Իսրայէլի վերջին որոշումն արժանացել է պատմաբանների, ակադեմիկոսների, գրողների եւ մարդու իրաւունքների ակտիւիստների քննադատութեանը (նրանցից շատերը հէնց Իսրայէլից են):

Երուսաղէմի Եադ Վաշեմ Հոլոկոստի թանգարանի ակադեմիական խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր Եհուդա Բաուերը յունիսին տւած հարցազրոյցներից մէկում ասել է, որ Իսրայէլի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելը դաւաճանութիւն է: Իսկ Քիսէրի կարծիքով՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը շատ աւելի մեծ կարեւորութիւն ունի, քան իսրայէլա-թուրքական յարաբերութիւնների մասին քննարկումները. հրեաները պատմականօրէն մեծ դեր են խաղացել Օսմանեան կայսրութեան քարոզչութեան տարածման հարցում, մինչդեռ հայերը շարունակ մորթւում էին:

Քիսէրի խօսքով՝ Թալէաթը ցեղասպանութեան ժամանակահատւածում Ստամբուլում եւ այլուր վայելում էր «առանձնայատուկ հրեական մամուլի» յարգանքը. մասնաւորապես՝ Գերմանիայում «Deutsche Levante-Zeitung»-ը եւ նմանատիպ այլ թերթեր Թալէաթին գովաբանում էին՝ «կարկառուն առաջնորդ» եւ «կայսերական Թուրքիայի փրկիչ» լինելու համար: Պրոֆեսորի խօսքով՝ չնայած այս գովասանքը բաղկացած էր կեղծ քարոզչութիւնից ու ստերից, սակայն բազմաթիւ գերմանացիներ հաւատում էին հրեական մամուլին ու դրա քայքայիչ տրամաբանութեանը:

Պատմաբանը յիշում է, թէ օսմանեան թուրքերին հաւատարիմ քանի հրեաներ էին աչք փակում հայերի տառապանքի վրայ: Նրանց թւում էին այնպիսի դէմքեր, ինչպիսին էր Ալֆրէդ Նոսիգը, որի օգնութեամբ հիմնադրւել են Ընդհանուր հրեական գաղութացման կազմակերպութիւնը (AJK) եւ Սիոնիստական կազմակերպութիւնը (ZO), որոնց նպատակն էր Միջին Արեւելքում եւ այլուր հրեական լոբբինգն ու օսմանեան թուրքերի ու հրեաների միջեւ սերտ յարաբերութիւնների քարոզչութիւնը: Սակայն, Քիսէրի կարծիքով, պէտք է հաշւի առնել այն, որ այդ ժամանակահատւածը կարեւոր անցումային շրջան էր հրեական պատմութեան մէջ. հրեաները փորձում էին աջակցութիւն գտնել հնարաւոր ամէն տեղից, որպէսզի իրականանայ սիոնիզմի գլխաւոր նպատակը՝ Պաղեստինում հրեական պետութեան հիմնումը:

Իր գրքում Քիսէրը գրում է Հայոց Ցեղասպանութեան եւ հրեաների Հոլոկոստի միջեւ մի շարք նմանութիւնների մասին: Նրա խօսքով՝ Թալէաթը Հիտլերը չէր, սակայն երկուսն էլ ներկայացնում էին այնպիսի հասարակութիւններ, պետութիւններ ու քաղաքական կուսակցութիւններ, որոնք ողջունում էին բռնութիւնը, որով կարելի էր յաղթահարել այն, ինչ իրենք անւանում էին ճգնաժամ եւ պարտութիւն:

«Թալէաթը միակուսակցական ռեժիմի վարպետ էր: Միակուսակցական կառավարումն էր ուժգին խեղաթիւրում առանձին խմբի մասին պատկերացումը»,- ասել է պատմաբանը:

Յարակից լուրեր