Հա

Քաղաքական

12/09/2018 - 14:20

Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալեանսը

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խօսքով` «բաց ու անկեղծ նշւում է մեր հետագայ գործակցութեան ճանապարհը», նաեւ` «մեր ջանքերի շարունակութիւնը կայունութիւն ու անվտանգութիւն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»: Տպաւորութիւն կար, որ Մոսկւան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալիանսին կայունութիւն հաղորդել ու ժամանակի մէջ ընդայնել աշխարհագրութիւնը:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄԵԱՆ

 

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խօսքով` «բաց ու անկեղծ նշւում է մեր հետագայ գործակցութեան ճանապարհը», նաեւ` «մեր ջանքերի շարունակութիւնը կայունութիւն ու անվտանգութիւն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»: Տպաւորութիւն կար, որ Մոսկւան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալիանսին կայունութիւն հաղորդել ու ժամանակի մէջ ընդայնել աշխարհագրութիւնը:

Ալեանսն աննախադէպ է` մի կողմում ԱՄՆ-ի պաշտօնական դաշնակից ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, միւս կողմում` ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնւող Իրանն ու Ռուսաստանը: Հրապարակաւ` նրանց միաւորում է ԴԱԷՇ-ի դէմ պայքարը, իրականում երեքն էլ առանձին ու սեփական շահեր ունեն:

Թեհրանում կատարւեց անսպասելին` արարողակարգային նկարահանումներից յետոյ խոսափողներն ու տեսախցիկները չանջատւեցին եւ հանդիպումն անցաւ ուղիղ եթերում: Գաղտնիք չէր, որ Մոսկւան ու Թեհրանը հակւած էին Իդլիբի խնդրի ուժային լուծմանը, իսկ Անկարան դէմ էր` պնդելով, որ մարտական գործողութիւններից յետոյ Թուրքիա է ուղղւելու փախստականների հոսքը: Բայց դա պաշտօնական պատճառաբանութիւն էր. խնդիրը միայն փախստականները չեն, եթէ Սիրիայի կառավարական զօրքերը մտնում են Իդլիբ, Անկարան պէտք է հեռանայ այնտեղից:

Ռուսաստանն ու Իրանն ունեն իրաւական փաստաթղթեր Դամասկոսի հետ, իսկ Թուրքիայի ռազմական ներկայութիւնը յարաբերականօրէն լեգիտիմացնում են միայն Աստանայի պայմանաւորւածութիւնները: ԱՄՆ-ի զինուժի ներկայութիւնը Սիրիայում միջազգային իրաւունքի տեսակէտից սամմիթում որակւեց ագրեսիա:

Ռոհանին յայտարարեց, որ «ԱՄՆ-ի ներկայութիւնը Սիրիայում անօրինական է, դա ագրեսիա է, որ բարդացնում է խաղաղութեան հաստատումը երկրում» եւ Վաշինգտոնից պէտք չէ «սպասել դրական դեր սիրիական հարցում»: Իրանի նախագահի խօսքով` Թեհրանը «կը պահպանի ներկայութիւնը Սիրիայում Դամասկոսի խնդրանքով»:

«The Washington Post »-ը, յղում անելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների յայտարարութիւններին, գրում է. «Դոնալդ Թրամփը, որ նախկինում պնդում էր ամերիկեան զօրքերը Սիրիայից արագ դուրս բերելու անհրաժեշտութիւնը, հիմա համաձայնել է նոր ռազմավարութեանը, որ նախատեսում է այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական անժամկէտ ներկայութեան պահպանումը»: Վաշինգտոնը «դէմ է սիրիական կառավարական զօրքերի յարձակմանը Իդլիբի վրայ», որովհետեւ համարւում է, որ Դամասկոսի վերահսկողութեան վերականգնումը նահանգում փաստացի կը դառնայ Սիրիայի ռազմական դիմակայութեան աւարտը: Պուտինը Թեհրանում յիշեցրեց, որ նահանգում բաւականաչափ քաղաքացիական անձինք կան, եւ դա պէտք է հաշւի առնել: Ռոհանին ակտիւօրէն չէր առարկում, որ ինչ-որ փոխզիջումային բանաձեւի գաղափարի մասին է յուշում: Արտաքուստ կողմերը դրական տրամադրւածութիւն դրսեւորեցին Սիրիայի իրավիճակի կարգաւորման հարցում` տարածքային ամբողջականութեան պահպանումով, ընդգծելով միջսիրիական երկխօսութեան կարեւորութիւնը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրայ` հետագայում Ժնեւում շարունակելու համար:

«Իրատես»

 

Յ.Գ. Ցանկացողները կարող են ՌԴ նախագահի« kremlin.ru» կայքում ծաօթանալ հանդիպման եւ՛ տեսագրութեանը, եւ՛ սղագրութեանը` համոզւելու, որ Էրդողանի ու Պուտինի տեսակէտները բոլորովին տարբեր են. Էրդողանը փախստականների անւան տակ պաշտպանում է ահաբեկիչներին, ու Պուտինը դա ասում է համարեայ բաց տեքստով: Փաստը մնում է փաստ, որ Պուտինը չի նահանջել եւ յայտարարել է, որ Ռուսաստանն ահաբեկիչներին ոչինչ չի զիջի: Էրդողանին մնացել է համաձայնելը: Իդլիբը անցնելու է Դամասկոսի վերահսկողութեան տակ. դա այլեւս կասկածի տեղիք չի տալիս: Երէկ Էրդողանը յայտարարել է, որ բացառում է Սիրիայի իշխանութիւնների հետ որեւէ համագործակցութիւն եւ անընդունելի է համարել Իդլիբում գտնւող «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբաւորմանը հարւածելու պատրւակով Իդլիբի խաղաղ բնակչութեան վրայ յարձակումները: Թուրքիան Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակի» զինեալներին, որ աջակցել են Թուրքիային Սիրիայի հիւսիսում «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութիւնների ժամանակ: Դժւար է ասել` ի՞նչ մնաց ալեանսից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։