Հա

Քաղաքական

13/09/2018 - 12:40

Ո՞վ եւ ինչո՞ւ է Թուրքիայում լուրեր տարածում Նախիջեւանի ռազմաբազայի մասին

Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրէին, թուրքական «Sözcü» թերթում Զէյնաբ Գիւրջանլին գրեց, որ «Անկարայում խօսում են Նախիջեւանում ռազմաբազա բացելու նախապատրաստութիւնների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծւում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձեւերով յայտնւելով ադրբեջանական ու հայկական կայքերում:

ԱՆԱՀԻՏ ԱՂԴԱՄԵԱՆ

 

«alikonline.ir» - Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրէին, թուրքական «Sözcü» թերթում Զէյնաբ Գիւրջանլին գրեց, որ «Անկարայում խօսում են Նախիջեւանում ռազմաբազա բացելու նախապատրաստութիւնների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծւում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձեւերով յայտնւելով ադրբեջանական ու հայկական կայքերում:

Թեման ի յայտ եկաւ Անկարայի ու Մոսկւայի յարաբերութիւնների վատացումից յետոյ, երբ սիրիական տարածքում թուրքական հակաօդային պաշտպանութիւնը ռուսական ռմբակոծիչը խփեց: Նորից այդ թեմայով խօսեցին այս տարւայ յունիսին, երբ Նախիջեւանում Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական զօրավարժութիւններն էին: Այն ժամանակ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի յայտնութիւնը գոնէ ինչ-որ հիմնաւորում ունէր:

Բաքւում, օրինակ, յայտարարում էին, որ Անկարայի հետ ռազմական ալեանսը պայմանաւորւած է «Հայաստանի հետ ռազմավարական հաւասարակշռութիւնը պահպանելու ցանկութեամբ, որ ռազմաքաղաքական ալեանսի մէջ է Ռուսաստանի հետ»: Ի՞նչ է եղել հիմա: Գիւրջանլիի հրապարակման վրայ կարելի էր ուշադրութիւն չդարձնել, առաւելեւս, որ նա չէր յիշատակում` ինչ աղբիւրներից թուրքական ղեկավարութեան մտադրութիւնների մասին տեղեկութիւնը ստացել: Սակայն նրան արագ արձագանգեց Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, պաշտօնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հագի Պեկին: «Turan»-ին հարցազրոյցում նա ասաց. «Նախիջեւանում տեղակայւած է Ադրբեջանի զինւած ուժերի կորպուսը, Անկարան անհրաժեշտ աջակցութիւն է ցոյց տալիս: Այնտեղ մեր ռազմական խորհրդականներն են, Թուրքիան սերտօրէն համագործակցում է սահմանապահ զօրքերի եւ յատուկ նշանակութեան ուժերի հետ Նախիջեւանում:

Երբ Բաքւից հնարաւոր չէ զօրքերի համար վառելիք ուղարկել, Անկարան, երբեմն նաեւ Իրանը, վառելիքով են ապահովում ինքնավարութեան զինւած ուժերին»: Գեներալը ուշադրութիւն էր դարձրել, որ «Նախիջեւանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, միւս կողմից` Թուրքիային» եւ Անկարայի «աջակցութիւնը Նախիջեւանի զինւորականներին անհանգստացնում է Երեւանին, բայց չպէտք է անհանգստութիւն հարուցի», իսկ «իր սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա յայտնւելը կարող է հարուցել Թեհրանի որոշակի անհանգստութիւնը»:

Բացի այդ` Պեկին հարց էր տալիս` ինչո՞ւ բազա ստեղծել Նախիջեւանում, երբ Թուրքիայի հարեւան քաղաքներում` Դորգուբէյազիդում, Կարսում ու Էրզրումում տեղակայւած են թուրքական բանակի ուժերը: Եթէ նոյնիսկ նկատի առնենք որոշ հայ փորձագէտների ենթադրեալ սցենարը, որ Ադրբեջանը կարող է հարւածել Նախիջեւանից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսւելու դէպքում, դա կը լինի հարւած Հայաստանի տարածքին, որ համարժէք պատասխան կը ստանայ ՀԱՊԿ-ից: Մոսկւայի ու Երեւանի պայմանագրի համաձայն` Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, ապահովում է նաեւ Հայաստանի հանրապետութեան անվտանգութիւնը սահմանի ամբողջ շրջագծով:

Այդ պատճառով հիմա իրադարձութիւնների վտանգաւոր զարգացում եւ ռազմական ագրեսիա հնարաւոր չէ: Ինչպէս նաեւ` որ Թուրքան իբր պատրաստւում է աշխարհաքաղաքական ճեղքումի կովկասեան ուղղութեամբ: Անկարան հիմա աշխարհաքաղաքական ուրիշ գերակայութիւններ ունի` կապւած Սիրիայի կոնֆլիկտի կարգաւորման ամենատարբեր հեռանկարների հետ, որոնց հասնել հնարաւոր չէ առանց Ռուսաստանի ու Իրանի հետ ալեանսի պահպանման:

Այլ հարց է, որ որոշակի ուժեր այդ երկրում յոյս ունեն, որ Անկարան, եթէ ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դէմ, կարող է «երկրորդ ճակատ» բացել Թեհրանի դէմ Նախիջեւանի պլացդարմից: Գուցէ հէնց այդ նկատառումով է յայտնւել Գիւրջանլիի հրապարակումը Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի մասին: Ադրբեջանցի քաղաքագէտ Ռասիմ Մուսաբեկովը հաստատում էր, որ «ԱՄՆ-ը Իրանի հետ յարաբերութիւնները սրւելու պատճառով, գուցէ նաեւ կողջունի Թուրքիայի ռազմական ներկայութիւնը Նախիջեւանում»:

Բայց այլ հարցեր էլ կան: Հիմա Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրները ոչ միայն իրար են կապւում, այլեւ ապագայում կարող են առնչւել քրդական հարցին: Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ «տարածաշրջանը, որ մենք անւանում ենք Մերձաւոր Արեւելք, արդէն փաստացի ծնել է քրդական անկախ պետութիւն» եւ «խօսքը պէտք է վերաբերի 1920-ի Սեւրի պայմանագրին, որ նախատեսում էր Հայկական մեծ պետութեան ստեղծում»: Այդ ենթատեքստում ընկալւում են որոշ հայ փորձագէտների տագնապները Նախիջեւանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից: Կարծես թէ նրանք գտնում են, որ շուտով սկսելու է աշխատել ժամացոյցը, որով քանդւում են Մոսկւայի ու Կարսի 1921-ի պայմանագրերը: Առայժմ Նախիջեւանի կարգավիճակի երաշխաւոր է ոչ միայն Թուրքիան, այլեւ Ռուսաստանը: Դրանով ամէն ինչ ասւած է, կասկած չկայ, որ Մոսկւան ու Անկարան այդ շրջանի իրավիճակը ուշադրութեան կենտրոնում են պահում:

«Իրատես»

 

Յ. Գ.- Թէ որքանով է Ռուսաստանը Նախիջեւանի իրավիճակը վերահսկում, վկայում էր նաեւ հայկական խաչքարերի սպանդը տարիներ առաջ, եւ Բաքւի` սեփական դիրքերում հայերին յաղթելու այս տարւայ փորձը: Ոչ ոք չի կարող բացառել, որ Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակւելու դէպքում Ադրբեջանը նաեւ Հայաստանի վրայ կարող է կրակ բացել Նախիջեւանից` կայ, թէ չկայ ՀԱՊԿ-ը: Դա կը գերադասւի չհամարել ագրեսիա, որի դէպքում է միայն ՀԱՊԿ-ը խորհուրդ հաւաքում` որոշելու ինչ անել, եթէ կայ ագրեսիայի ենթարկւած երկրի դիմումը: Իսկ պատերազմում ամէն ժամը վճռորոշ է ու ամէն պահ զինւոր է սպանւում: Իսկ թէ Բաքուն ինչքան է «վախենում» ՀԱՊԿ-ից, որտեղ բոլորն իր «ռազմավարական դաշնակիցներն» են` Բելառուսից` Ղազախստան, Ռուսաստանից` Ղրղզստան, թողնենք Ալիեւին:

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

  • Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը
    Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը

    Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։