Ադրբեջանի զինւած ուժերը հրաձգային զէնքից կրակ են արձակել Արենի գիւղի ուղղութեամբ:
«alikonline.ir» - Ադրբեջանի զինւած ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գիւղի շրջանում, հակառակորդի կրակակէտերը ճնշւել են պատասխան գործողութիւններով, «Sputnik» Արմենիային ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը:
«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տաւուշում, կրակոցներն աւելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զէնքից, բայց ի տարբերութիւն Տաւուշի, այնտեղ գնդակները մինչեւ գիւղ չեն հասնում»,- ասաց Յովհաննիսեանը:
Նրա խօսքով՝ սահմանի մօտ գիւղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպէս Տաւուշի մարզում, կէտերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշւել են: Ինչպէս նշեց Յովհաննիսեանը, սովորաբար ադրբեջանական զինւած ուժերը կրակում են ուշ երեկոյեան կամ ցերեկը՝ կապւած գիւղատնտեսական աշխատանքների հետ: Այս դէպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյեան:
«Արենի ՎայնԱրտ» հիւրանոցի սեփականատէր Դաւիթ Սիմոնեանն էլ «Sputnik» Արմենիային յայտնեց, որ կրակոցները շատ յաճախ են լինում, գրեթէ ամէն օր կրակում են:
«Բաւական յաճախ են կրակում, տուրիստներն այդ ձայների տակ են քնում ու արթնանում»,- ասաց Սիմոնեանը:
Նա նշեց, որ դա ոչ մի խնդիր չի ստեղծում, բաւականին հեռու է, միայն ձայնն է լսւում: Սիմոնեանի խօսքով՝ կոնկրետ այգիների վրայ չեն կրակում, երկու սարերի դիրքերից միմեանց վրայ են կրակում, իսկ այգիներն այդ սարերի միջեւ են գտնւում: