Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Բաքւի ազատագրման 100-րդ տարեդարձին» նւիրւած միջոցառման իր ելոյթում կրկին շեշտել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:
«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Բաքւի ազատագրման 100-րդ տարեդարձին» նւիրւած միջոցառման իր ելոյթում կրկին շեշտել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար այն պայմանն է, առանց որի չի լինի, սա պէտք է իմանան»,- ասել է նա:
Պարզելու՝ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Թուրքիայի նախագահի խօսքերն այն բանից յետոյ, երբ հայ-թուրքական արձանագրութիւնների կնքման ընթացակարգը պաշտօնապէս դադարեցւած է, «panorama.am»-ի թղթակիցը զրուցեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի հետ։
Վերջինս նկատեց, որ Էրդողանը յայտարարութիւնը խիստ ժամանակավրէպ է, քանի որ վերաբերում է օրակարգից վաղուց դուրս եկած թեմայի։
«Թուրքիայի պետական-պաշտօնական քարոզչութեան մէջ հակահայակական ուղղւածութիւնը եւ ղարաբաղեան խնդիրը հայ-թուրքական խնդրին շաղկապելն արւում է ադրբեջանական կողմին սիրաշահելու եւ այդ երկրի որոշակի կոմպլեքսները յաղթահարելու նպատակով։ Անկախ նրանից՝ արդեօք հայ-թուրքական յարաբերութիւնների հարցն այս պահին գտնւո՞ւմ է քաղաքական օրակարգում կամ Էրդողանի արտայայտած մտքերը որքանո՞վ են արդիական, այնուամենայնիւ, Ադրբեջանի ղեկավարութեան հետ հանդիպման ընթացքում թուրքական կողմը մշտպէս կրկնում է այս յայտարարութիւնը՝ ասես այն պետական արարողակարգի մի մասը լինի»,- ասաց թուրքագէտը։
Ռուբէն Մելքոնեանի խօսքով, թուրք բարձրաստիճան պաշտօնեաների նմանօրինակ յայտարարութիւնները շոյում են ադրբեջանցիների ինքնասիրութիւնը, ինչպէս նաեւ քաջալերում այդ երկրի ապակառուցողական դիրքորոշումը։
«Կարծում եմ՝ Էրդողանն իր այս յայտարարութեամբ շարունակել է քաղաքական գործընթացների իներցիան՝ ամենեւին ուշադրութիւն չդարձնելով, որ այդ օրակարգն այսօր քաղաքական ակտուալութիւն չունի, եւ իր յայտարարութիւնն ուղղակի ժամանակավրէպ է՝ առանց որեւէ արդիւնաւէտութեան»,- ամփոփեց Ռուբէն Մելքոնեանը։