Հա

Քաղաքական

20/10/2018 - 14:40

Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

«alikonline.ir» - Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Իրանի Միջուկային համաձայնագրից Միացեալ Նահանգների դուրս գալու որոշումը։

Ըստ Դ. Թրամփի, Իրանի Միջուկային համաձայնագիրը, որը կնքւել էր ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրօք, «խիստ անյաջող եւ ձախողւած» է։

Իսկ արդէն օգոստոսի 6-ին պաշտօնական Վաշինգտոնը վերականգնեց Իրանի դէմ պատժամիջոցները՝ յայտարարելով, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նաեւ այն երկրների դէմ, որոնք կը շարունակեն համագործակցել Իրանի հետ այն բանից յետոյ, երբ ուժի մէջ մտնեն ԱՄՆ-ի կողմից սահմանւած պատժամիջոցները։

Օրերս էլ Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը հայկական, վրացական եւ ադրբեջանական ընկերութիւններին հորդորեց իրանական որոշ ընկերութիւնների հետ առեւտրային յարաբերութիւններ չձեւաւորել։

«168.am»-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

«Բայց խօսել այն մասին, որ հէնց այդ պատժամիջոցները կարող են զգալիօրէն շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը՝ տեղին չէ։ Այս համատեքստում մենք Իրանի հետ պէտք է աշխատենք՝ հաշւի չառնելով Իրանի եւ այլ երկրների յարաբերութիւները, որովհետեւ մեր երկու պետութիւնների միջեւ առկայ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը կենսական նշանակութեան են թէ՛ հայկական, թէ՛ իրանական կողմի համար»,- ասաց իրանագէտը։

Նրա խօսքով՝ պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերաբերելու է Իրանի նաւթի արտահանմանը, եւ Միացեալ Նահանգների վարչակարգը յայտարարել է, որ դրանք պարտադիր կիրառւելու են։

Ըստ իրանագէտի՝ Իրանի ընդանուր արտահանման զգալի հատւածը կազմում է հէնց նաւթը եւ նաւթամթերքները, եւ այս համատեքստում ակնյայտ է, որ Իրանի տնտեսութեան վրայ այդ պատժամիջոցները որոշակի ազդեցութիւն կը թողնեն։

«Պէտք է նկատենք, որ Եւրոմիութեան երկրները չեն պատրաստւում հետեւել ԱՄՆ պատժամիջոցներին եւ շարունակում են մնալ ոչ միայն Միջուկային համաձայնագրի կողմ, այլեւ փորձ են կատարում շրջանցել ամերիկեան պատժամիջոցները, քանի որ դրանք միջազգային բնոյթ չունեն։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա խնդրի լուծումը շատ պարզ է՝ Հայաստանում այն ընկերութիւնները, որոնք աշխատում են Միացեալ Նահանգների հետ, գուցէ ունենան դժւարութիւններ Իրանի հետ գործարքներ իրականացնելիս։

Սակայն հայկական ընկերութիւնների զգալի մասը Միացեալ Նահանգների հետ առեւտուր կամ որեւէ այլ բիզնես գործարքների մէջ չէ, հետեւաբար՝ այդ ընկերութիւնները որեւէ վախ կամ անհանգստութիւն չպէտք է ունենան Իրանի հետ իրենց հետագայ համագործակցութիւնը շարունակելու առումով։ Մենք նոյնիսկ կարող ենք հայկական բիզնեսին խորհրդատւութիւն տրամադրել առ այն, եթէ միեւնոյն ընկերութիւնն աշխատում է երկու երկրների հետ, ապա կարելի է այդ ամէնն այնպէս կազմակերպել, որպէսզի ըստ էութեան ունենանք երկու ընկերութիւններ, որոնցից մէկը կաշխատի՝ Իրանի, միւսը՝ ԱՄՆ-ի հետ»,- շեշտեց Վարդան Ոսկանեանը։

Յիշեցնենք, որ Իրանի Միջուկային համաձայնագիրը կնքւել է 2015 թւականի յուլիսի 14-ին Իրանի եւ վեց գերտէրութիւնների միջեւ՝ Միացեալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։