Հա

Քաղաքական

22/10/2018 - 13:10

Մէյ. ««Brexit»-ի վերաբերեալ համաձայնագիրը պատրաստ է 95 տոկոսով»

«Brexit»-ի վերաբերեալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծւած չէ Հիւսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: Այդ մասին, ինչպէս յայտնել է բրիտանական կառավարութեան ղեկավարի դիւանատունը, Միացեալ Թագաւորութեան վարչապետ Թերեզա Մէյը հոկտեմբերի 22-ին կը տեղեկացնի բրիտանացի խորհրդարանականներին: 

«alikonline.ir» - «Brexit»-ի վերաբերեալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծւած չէ Հիւսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: Այդ մասին, ինչպէս յայտնել է բրիտանական կառավարութեան ղեկավարի դիւանատունը, Միացեալ Թագաւորութեան վարչապետ Թերեզա Մէյը հոկտեմբերի 22-ին կը տեղեկացնի բրիտանացի խորհրդարանականներին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ի մի բերելով ամբողջ արւածը, «Brexit»-ի վերաբերեալ պայմանագրի եւ դրա կանոնակարգային փաստաթղթերի 95 տոկոսը համաձայնեցւած է,- Մէյի խօսքից հոկտեմբերի 22-ին մէջբերում է արել «Reuters» գործակալութիւնը:- Հարցերի ճնշող մեծամասնութեան շուրջ գործարքի բովանդակութիւնն այժմ պարզ է»: Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խօսքով՝ չի ստորագրւի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հիւսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միութեան կազմում պահպանելու մեխանիզմը:

Լոնդոնը, ինչպէս յիշեցրել է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանութիւնների առաջարկը, ըստ որի Հիւսիսային Իռլանդիան յայտնւէր մաքսային միութեան գօտում, որը գոյութիւն ունենար Միացեալ Թագաւորութեան մնացած տարածքից առանձին: Աւելի վաղ Թերեզա Մէյը յայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը «Brexit»-ից յետոյ, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտութիւնը կը լինի: «Ներկայում քննարկւում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարաւորութիւն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտութիւն կը լինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թւականը մենք արդէն յարաբերութիւնների նոր համակարգ ունենանք»,- ասել է Մէյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի աւարտը սպասում է 2020 թւականի վերջին, ինչպէս որ դա պլանաւորւել էր:

Մինչդեռ «Brexit»-ի խնդրով ԵՄ-ի գլխաւոր բանակցորդ Միշէլ Բառնիէն նշել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եւրոմիութիւնից Միացեալ Թագաւորութեան դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ բանակցութիւնների վերջնական ձախողման պատճառը: Խօսելով բրիտանական կողմի հետ բանակցութիւնների ընթացքի մասին՝ Բառնիէն ընդգծել է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխաւոր խոչընդոտներից մէկը մնում է Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի հարցը:

«Ես ցանկանում եմ հասնել համաձայնութեան, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում է բոլորի շահերին, բայց դեռեւս շատ լուրջ խնդիր է մնում` երաշխաւորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղութեան ու կայունութեան պայմաններից մէկն է ողբերգական անցեալից յետոյ»,- յաւելել է քաղաքական գործիչը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ բանակցութիւնները Բելգիայի մայրաքաղաքում սկսւել են յունիսի 19-ին, այն բանից գրեթէ մէկ տարի անց, երբ Միացեալ Թագաւորութիւնում այս հարցի շուրջ անցկացւած հանրաքւէում 51.9 տոկոս արդիւնքով յաղթանակ տարան եւրոինտեգրացման հակառակորդները: Երկխօսութիւնը պէտք է շարունակւի մինչեւ 2018 թւականի նոյեմբեր, ինչից յետոյ կողմերը կէս տարի կունենան ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ազգային խորհրդարաններում վաւերացնելու համար: Բուն «Brexit»-ը պէտք է իրագործւի 2019 թւականի մարտի 29-ին, ինչից յետոյ կը սկսւի անցումային շրջանը, որը կը տեւի մինչեւ 2020 թւականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։