Հա

Քաղաքական

28/10/2018 - 13:00

Զէնքի «սով»․ ինչպէ՞ս եւ ումի՞ց է Ադրբեջանն ամերիկեան ուղղաթիռներ գնել

Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թէ տեխնիկայի մարտական ունակութիւնները, այլ գնումների աշխարհագրութեան ընդլայնումը։

Ադրբեջանը օրերս կրկին պարծենում էր իր ամերիկեան ուղղաթիռներով, թէեւ դրանք դեռ «անզէն» են։

«alikonline.ir» - Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թէ տեխնիկայի մարտական ունակութիւնները, այլ գնումների աշխարհագրութեան ընդլայնումը։

Ադրբեջանը օրերս կրկին պարծենում էր իր ամերիկեան ուղղաթիռներով, թէեւ դրանք դեռ «անզէն» են։

Երբ լրատւամիջոցները յայտնեցին, որ Ադրբեջանն ամերիկեան (մի վարկածով՝ մարտական) «MD-530F» ուղղաթիռներ է գնել, հարց ծագեց` ուղղաթիռները ռազմակա՞ն են։ Ու եթէ այո, ապա որտեղից են դրանք գնել՝ հաշւի առնելով հակամարտութեան կողմերին զէնք վաճառելու ամերիկեան արգելքը։

Հայաստանի արտգործնախարարութիւնը յայտնեց, որ այդ ուղղաթիռները քաղաքացիական նշանակութիւն ունեն, նախատեսւած են արտակարգ իրավիճակներում կիրառելու համար ու ռազմական նշանակութիւն չեն կարող ունենալ, նոյնիսկ եթէ երրորդ երկրների միջոցով են ձեռք բերւել։

«Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում «Razm.info» հարթակի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկեանը նշեց, որ ուղղաթիռների «ծագման» մասին 100%-ոց տեղեկութիւն չկայ, բայց Ադրբեջանի հնարաւոր մատակարարները յայտնի են։

«Ամենահաւանականը Չեխիան ու Իտալիան են։ Ադրբեջանը շատ սերտօրէն է համագործակցում «Չեխոսլովակ գրուպ» (CZECHOSLOVAK GROUP) ընկերութեան հետ, որից արդէն «Դանա» ու «RM-70» համազարկային կրակի ռեակտիւ համակարգեր է գնել»,- ասաց Խաչիկեանը։

Նրա խօսքով՝ դրա դուստր ընկերութիւնը զբաղւում է օգտագործւած կամ նոր «Bell-412» ու «MD 530F» ուղղաթիռների վաճառքով ու սպասարկմամբ։

Հաշւի առնելով այդ համագործակցութեան փորձը՝ հնարաւոր է` ուղղաթիռները հէնց այդ ընկերութիւնից են ձեռք բերել։

«Այլ հաւանական տարբերակ է Իտալիան։ Այնտեղ էլ են «Bell-412» հաւաքում, դրանով զբաղւում է «Bell» ընկերութիւնը։ Ադրբեջանն այդ ընկերութեան հետ էլ համագործակցութեան փորձ ունի»,- ասաց Խաչիկեանը։

Նա նշեց, որ թէեւ առաջին անգամ «Bell-412»-ները ցուցադրւել են Բաքի շքերթում, համացանցում աւելի ուշ յայտնւած լուսանկարները վկայում են, որ դրանք ռազմական չեն։ Ուղղաթիռների վրայ չկային ո՛չ գնդացիրներ, ո՛չ էլ կառավարւող հրթիռներ։

Տեսականօրէն այդ ուղղաթիռները Ադրբեջանում կարող են մարտականի վերածել։ Դժւար թէ վաճառողների կարգադրութիւնները սահմանափակեն Ադրբեջանին, յատկապէս, որ յստակ յայտնի չէ՝ որտեղից են դրանք բերւել։

Խաչիկեանը նշեց նաեւ, որ Ադրբեջանը տեխնիկա գնելիս հաշւի է առնում դրա ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական նշանակութիւնը։

«Ուղերձը մօտաւորապէս հետեւեալն է․եթէ ուզենանք զէնք գնել, ապա ումից ուզենք, կը գնենք։ Միւս կողմից էլ երեւում է, որ «Bell-412» ուղղաթիռները նոր չեն։ Երեւում է, որ տեղ-տեղ ներկը թափւած է, վիճակն այն չէ»,- նշեց վերլուծաբանը։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներում զէնք գնելու ցանկացած հնարաւորութիւն օգտագործել։

Եթէ չի յաջողում դա անել, ապա յաճախ փաստերով չապացուցւած յայտարարութիւններ են հնչում, ինչպէս օրինակ Իրանի դէպքում։ Բաքւում ասել էին, որ Թեհրանն իբր պատրաստում էր Ադրբեջանին զէնք վաճառել ապրիլեան պատերազմից անմիջապէս յետոյ, բայց այդ տեղեկութիւնը հերքւել էր։

«Բանն այն է, որ տարբեր երկրներից զէնք գնելը կամ նման մտադրութիւն յայտնելը Բաքւի քարոզչութեան մի մասն է՝ Արցախի քաղաքականութեան հետ կապւած։ Նպատակը Երեւանի ու Ստեփանակերտի վրայ հոգեկան ճնշում գործադրելն է»,- ասաց Տօնոյեանը։

«MD 530F»-ը բազմաթիրախային ուղղաթիռ է, որը մշակել է ամերիկեան «McDonnell Douglas Helicopter» ընկերութիւնը։ Ուղղաթիռը «McDonnell Douglas Model 500» մէկ շարժիչանոց թեթեւ բազմաթիրախային ուղղաթիռների հետագայ զարգացումն է։

Դեռ ամռանը Ադրբեջանը զօրահանդէսներից մէկի ժամանակ ցուցադրել էր նաեւ «Bell-412»-ը (ոչ խորհրդային/ռուսական արտադրութեան առաջին ուղղաթիռները, որոնք գնել է)։ Այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն յայտարարել էր, որ Ադրբեջանի գնած «Bell-412» ուղղաթիռները ԱՄՆ-ում չեն արտադրւել։

ԱՄՆ-ում օրէնսդրական մակարդակով արգելւած է հակամարտող երկրներին զէնք մատակարարել։ Այս արգելքը գործում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի դէպքում։ Բացի այդ, արդէն մօտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձեւը, որը կառավարութեանն արգելում է որեւէ աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին, եթէ այդ օգնութիւնը կարող է Հայաստանի դէմ կիրառւել։

Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը Հարաւային Կովկաս կատարած այցելութեան ժամանակ ասել էր, որ չի բացառում 907-րդ բանաձեւի դադարեցման հնարաւորութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։