Հա

Քաղաքական

12/11/2018 - 13:30

Դեմոկրատները մտադիր են պաշտօնական դիրքի չարաշահման հարցով հետաքննութիւն սկսել Թրամփի դէմ

ԱՄՆ դեմոկրատական կուսակցութեան անդամները մտադիր են հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանական դիրքի հաւանական չարաշահման դէպքերը: 

«alikonline.ir» - ԱՄՆ դեմոկրատական կուսակցութեան անդամները մտադիր են հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանական դիրքի հաւանական չարաշահման դէպքերը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ խօսքն այն դէպքերի մասին է, որոնք վերաբերում են նախագահի կողմից «Amazon» ինտերնետ ընկերութեանը, «The Washington Post» պարբերականին ու «CNN» հեռուստաալիքին «պատժելուն»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը պատմել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետախուզութեան հարցերով յանձնաժողովի միջոցով կը փորձի պարզել՝ արդեօք Թրամփն իշխանական դիրքի չարաշահում է թոյլ տւել «Amazon»-ին ու իրեն քննադատող մեդիայի ներկայացուցիչներին պատժելու համար:

Աղբիւրը մանրամասնում է, որ Շիֆը յունւարին կը ստանձնի Հետախուզութեան հարցերով յանձնաժողովի նախագահի պաշտօնը: Այժմ, երբ դեմոկրատները մեծամասնութիւն են կազմում Ներկայացուցիչների պալատում, կարող են նախագահի դէմ հետաքննութիւն սկսել ու պահանջել, որ նա ցուցմունք տայ:

Շիֆն ու իր կուսակիցներն այն կարծիքին են, որ Թրամփն օգտագործում է իշխանութիւնն «Amazon»-ի ղեկավար Ջէֆ Բեզոսին պատժելու համար: Նշւում է, որ նախագահը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ փոստային ծառայութեան ղեկավար Մեգան Բրենանի հետ՝ համոզելով բարձրացնել «Amazon»-ի համար փոստային հարկը:

Յատկանշական է, որ Թրամփը սուր քննադատութեան է ենթարկել «The Washington Post»-ին, որը պատկանում է Բեզոսին:

«Կարծես նախագահը փորձում է իր իշխանութիւնն օգտագործել Բեզոսին ու «The Washington Post»-ին պատժելու համար: Բացի այդ, Կոնգրեսը դեռեւս պէտք է պարզի՝ արդեօ՞ք Թրամփը փորձել է արգելափակել «AT&T»-ի եւ «Time Warner»-ի միաւորման գործարքը, որպէսզի վրէժ լուծի «Time Warner»-ի դուստր ընկերութիւն «CNN»-ից»,- ասել է Շիֆը:

Յիշեցնենք, որ Թրամփը բաւականին բարդ յարաբերութիւններ ունի «CNN»-ի հետ: Նախագահը լրատւամիջոցին մեղադրում է իր վերաբերեալ «կեղծ լուրեր» տարածելու, «ազգի դաւաճան» լինելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։