Հա

Քաղաքական

06/12/2018 - 13:10

Իրա՞ն․ ամերիկեան նաւթային հսկաների հեռանալը չի վերաբերում միայն Ադրբեջանին

Եթէ հաստատւի այն տեղեկութիւնը, որ «Exxon Mobil» եւ «Chevron» խոշոր ամերիկեան նաւթային ընկերութիւնները լքում են Ադրբեջանը եւ մտադիր են վաճառել Ազերի-Չիրագ-Գիւնեշլի (ԱՉԳ) նաւթահանքում իրենց մասնաբաժինները, ապա ակնյայտ կը դառնայ, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական ցնցումները սարերի յետեւում չեն։ 

«alikonline.ir» - Եթէ հաստատւի այն տեղեկութիւնը, որ «Exxon Mobil» եւ «Chevron» խոշոր ամերիկեան նաւթային ընկերութիւնները լքում են Ադրբեջանը եւ մտադիր են վաճառել Ազերի-Չիրագ-Գիւնեշլի (ԱՉԳ) նաւթահանքում իրենց մասնաբաժինները, ապա ակնյայտ կը դառնայ, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական ցնցումները սարերի յետեւում չեն։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Հիմքեր չկան չհաւատալու միջազգային կոնսորցիումում ամերիկեան նաւթային հսկաների մասնաբաժինը վաճառելու մտադրութեան մասին տեղեկութեանը։ Թէկուզ այն պատճառով, որ տեղի, տարածաշրջանային եւ համաշխարհային ԶԼՄ-ներում  այդ թեմայով բազմաթիւ հրապարակումներում յղում են անում լուրջ եւ հեղինակաւոր աղբիւրի՝ «Reuters» գործակալութեանը։

 

Ադրբեջանը կանգնած է լուրջ մարտահրաւէրի առաջ

Ելնենք նրանից, որ «Exxon Mobil»-ում եւ «Chevron»-ում աղբիւրները, որոնք «Reuters»-ին տեղեկութիւն են հաղորդել էներգակիրների շուկայի ադրբեջանական հատւածից ամերիկեան խոշորագոյն կորպորացիաների հեռանալու համար, ճիշտ են ասել, այլ ոչ թէ խաղացել են ԱՉԳ հանքի բաժնետոմսերը էժանացնելու վրայ։

Այդ դէպքում տարածաշրջանում պէտք է ակնկալել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխութիւններ։ Առաջին հերթին՝ կապւած նրա հետ, որ ամերիկեան ընկերութիւնների հեռանալը լուրջ հարւած կը դառնայ Ադրբեջանի համար միջազգային քաղաքական ասպարէզում ունեցած ազդեցութեան առումով։

Բանն այն է, որ տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մէկը, որը վերջին տարիներին հնարաւոր ամէն ինչ արել է, որպէսզի պահպանի էներգակիրների ահռելի պաշարներ ունեցող երկրի վարկը, յանկարծ կարող է յայտնւել կոտրւած տաշտակի առաջ։

Կասպից աւազանի անհամար նաւթային եւ գազային պաշարների մասին յայտարարութիւնները կարող են ուղղակի առասպել դառնալ, որը օճառի պղպջակի նման կը պայթի այն վայրկեանին, երբ «Exxon Mobil»-ն իսկապէս արժեթղթերի շուկայում վաճառի ԱՉԳ հանքավայրի բաժնետոմսերի իր 6.8 տոկոսը եւ վերցնի իր 2 միլիարդ դոլարը։

Դա կը սպառնայ միջազգային քաղաքական կառոյցներում ադրբեջանական դիւանագիտական պատւիրակութիւնների ազդեցութեան նւազմամբ։

Չէ՞ որ վերջին հաշւով այդպիսին է ներկայ գլոբալ միջազգային քաղաքականութիւնը. միջազգային քաղաքական ասպարէզում քո շահերի եւ դիրքորոշման հետ հաշւի են նստում միայն այն ժամանակ, երբ դու կա՛մ հարուստ ես, կա՛մ վայելում ես համաշխարհային գերտէրութիւնների աջակցութիւնը։

Իսկ Ադրբեջանը, կորցնելով «Exxon Mobil»-ի եւ «Chevron»-ի նման ներդրողներին, կը զրկւի ազդեցութեան երկու առանցքային լծակներից։ Աւելի շուտ` գործիքներից, որոնք թոյլ կը տան առաջ մղել իրենց շահերը քաղաքական ասպարէզում․․․

 

Ամերիկեան կորպորացիաները 25 տարի ամուր կառչել են տարածաշրջանից եւ յանկարծ հեռանում են

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա հիմա պէտք է խոստովանել, որ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւնները սարերի յետեւում չեն։ Եւ այդ փոփոխութիւնները կարող են առաջիկայում թեքել մի շարք գլոբալ քաղաքական վեկտորներ, որոնք վերջին 25 տարիներին որոշել են տարածաշրջանային անվտանգութիւնը։

Հասկանալի է, որ տարածաշրջանում անվտանգութիւնը շատ երերուն է եղել, եթէ հաշւի առնենք լարւածութեան այնպիսի օջախների առկայութիւնը, ինչպիսիք են Արցախը, Նախիջեւանը, Հարաւային Օսեթիան եւ Աբխազիան։

Սակայն պէտք է խոստովանել, որ որքան երերուն լինի իրավիճակը, Ռուսաստանի, Իրանի եւ համաշխարհային հանրութեան ջանքերով, ընդհանուր առմամբ, յաջողւել է պահպանել հաւասարակշռութիւնը պատերազմի եւ խաղաղութեան սահմանագծին՝ յատկապէս արցախեան հակամարտութեան գօտում։

Եւ հիմա, երբ յանկարծ պարզւում է, որ ամենախոշոր ամերիկեան կորպորացիաները փակում են իրենց նաւթային բիզնեսը, այդ հանգամանքը չի կարող տագնապ չառաջացնել։

Սակայն եթէ սթափ նայենք ստեղծւող իրավիճակին, ապա պէտք է հասկանանք, որ ամերիկեան կորպորացիաները հեռանում են էներգակիրների տարածաշրջանային շուկայից ոչ ղարաբաղեան խնդրի պատճառով։

Պարզ է, որ արցախեան առաջնագծին նաւթային եւ գազային խողովակների մօտ լինելը (մօտ 30 կմ«) չէր կարող չյուզել խոշոր արեւմտեան ներդրողներին։

Սակայն նոյն «Exxon Mobil»-ը եւ «Chevron»-ը գնացել են այդ ռիսկին, հասկանալով, թէ ինչպիսի առաւելութիւններ է խոստանում այդ բիզնեսը»: Եւ 25 տարի առաջ, երբ նոր էր ստորագրւել հրադադարի եւ զինադադարի մասին պայմանագիրը արցախեան հակամարտութեան գօտում, ամերիկացիներն ամէն դէպքում ռիսկի են գնացել։

25 տարւայ ընթացքում շատ բան է փոխւել․ պարբերաբար կրակոցներ են հնչում, այս կամ այն կողմից զոհեր են լինում, եւ միւս կողմից 2016 թ.-ի ապրիլին տեղի է ունեցել թէժացում, որը ընթացքում հակամարտութեան կողմերն ընդամենը մի միլիմետր էին հեռու լիամասշտաբ պատերազմից․․․

Բայց նոյնիսկ այն ժամանակ, երբ թէժ մարտեր էին ընթանում Թալիշում՝ նաւթատարից ընդամենը 30 կմ. հեռաւորութեան վրայ, արեւմտեան ներդրողները չէին էլ մտածում բաժնետոմսերը վաճառել ու իրենց ներդրումները դուրս բերել մի երկրից, որն այդ ժամանակ, թւում էր, պատերազմի շեմին է։

 

Մի՞թէ խնդիրն աշխարհաքաղաքականութեան մէջ է, իսկ աւելի կոնկրետ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայութեան մէջ

Ուրեմն ի՞նչ է պատահել հիմա. հիմա, երբ ադրբեջանական նաւթային հատւածում  հիմնական ներդրող «British Petroleum» նաւթագազային ընկերութիւնը բառացիօրէն վերջերս է պայմանագիր ստորագրել Բաքւի հետ մինչեւ 2040 թ.-ը:

Խնդիրն Արցախում չէ, այլ մէկ այլ տեղ։

Ամենայն հաւանականութեամբ, Իրանում, աւելի ճիշտ՝ այդ երկրի շուրջ, որի հետ ԱՄՆ-ի յարաբերութիւնները չափազանց սրւել են։

Բոլորին հասկանալի է, որ ոչ մի դէպքում չի կարելի բացառել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ զինւած բախումը։

Իրադարձութիւնների նման զարգացման դէպքում Բաքւի համար հեշտ չի լինի, քանի որ ակնյայտ է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի ռազմական բախման դէպքում Ադրբեջանը Վաշինգտոնի կողմից կը դիտւի որպէս հարթակ յարձակում կատարելու համար։

Այդ դէպքում իրանական հրթիռների տեսքով «պատասխանը» իրադարձութիւնների զարգացման աւելի քանի հաւանական սցենար է։

Եւ բոլորովին բացառւած չէ, որ խոշորագոյն ամերիկեան նաւթային կորպորացիաների ղեկավարութիւնը ԱՄՆ իշխանութեան վերնախաւում ուղղակի ակնարկել են, որ նման հանգուցալուծում կարող է լինել։ Ահա նրանք էլ որոշել են շառից-փորձանքից հեռու դուրս բերել իրենց բազմամիլիոն ներդրումային կապիտալները։

Աստւած տայ, որ իրավիճակը նման զարգացում չստանայ եւ« Exxon Mobil»-ի եւ  «Chevron»-ի հեռանալու պատճառը լինի այն հանգամանքը, որ Ապշերոնի նաւթային պաշարները սպառման եզրին են եւ խոշոր միջազգային կապիտալն այստեղ անելիք չունի․․․

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։