Հա

Քաղաքական

12/01/2019 - 12:10

Ալիեւը յայտարարել է` ղարաբաղեան հակամարտութեան կողմերը միայն Բաքուն ու Երեւանն են

Իլհամ Ալիեւը կրկին մեկուսացումով է սպառնացել Հայաստանին՝ յայտարարելով, որ երբեք չի թաքցրել Ադրբեջանի քաղաքականութիւնն ու իրական մտադրութիւնները։ 

«alikonline.ir» - Իլհամ Ալիեւը կրկին մեկուսացումով է սպառնացել Հայաստանին՝ յայտարարելով, որ երբեք չի թաքցրել Ադրբեջանի քաղաքականութիւնն ու իրական մտադրութիւնները։ Գրում է «Sputnik» Արմենիան: 

Ղարաբաղեան հակամարտութեան կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Ինչպէս յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները, երէկ կառավարութեան ընդլայնւած նիստում այս մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ 

Նրա խօսքով՝ Հայաստանի նոր իշխանութիւնն ի սկզբանէ «փորձել է խոյս տալ բանակցութիւններից»՝ յայտարարելով, որ Բաքուն պէտք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երեւանի այդ փորձերը։ 

Ալիեւը կարծում է, որ հակամարտութեան կարգաւորման միջնորդները չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր իշխանութեան նման մօտեցմանը, եւ արդիւնքում բանակցային գործընթացը «վերականգնւել» է։ 

«Արդիւնքում բանակցութիւններն ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Բանակցային գործընթացի համար միայն այդ ձեւաչափն է ընդունելի»,- նշել է Ալիեւը։ 

Նա նաեւ Հայաստանին սպառնացել է հետագայ մեկուսացումով՝ յայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքւի քաղաքականութիւնն ու իրական մտադրութիւնները։ 

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները եւ ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչեւ մեր հողերը չազատագրւեն»,- ասել է նա։ 

Ալիեւը նշել է, որ Հայաստանը ստեղծւած ծանր ճգնաժամային իրավիճակում մէկ ելք ունի՝ բարելաւել Ադրբեջանի հետ յարաբերութիւնները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։