Հա

Քաղաքական

19/01/2019 - 09:50

Թուրքիայի խորհրդարանը մերժել է Դինքի սպանութեան գործն ուսումնասիրող յանձնաժողով ստեղծելու` Փայլանի առաջարկը

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած հայ պատգամաւոր Կարօ Փայլանը մեջլիսին Հրանտ Դինքի սպանութեան գործն ուսումնասիրող յանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: 

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած հայ պատգամաւոր Կարօ Փայլանը մեջլիսին Հրանտ Դինքի սպանութեան գործն ուսումնասիրող յանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «Ermenihaber»-ը:

Հայ պատգամաւորը յիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանութիւնից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջութեամբ չի բացայայտւել:

Փայլանն իր առաջարկում յիշատակել է նաեւ Դինքի նկատմամբ Թուրքիայի քրէական օրէնսգրքի տխրահռչակ 301-րդ (թուրք ժողովրդին ու Թուրքիայի պետական կառոյցները վիրաւորելը) յօդւածով իրականացւած հետաքննութիւնները, որոնք Դինքին դարձրեցին ազգայնականների թիրախ:

«Հրանտ Դինքը «Ակօս» թերթում Սաբիհա Գիոքչէնի մասին հրապարակած յօդւածից (06.02.2004) յետոյ յայտնւեց ռասիստ շրջանակների թիրախում: Յօդւածից յետոյ գլխաւոր շտաբը յայտարարութիւն տարածեց, ապա Դինքը կանչւեց Ստամբուլի նահանգապետարան ու «զգուշացւեց»: Դրանից յետոյ էլ Դինքի նկատմամբ 200 թւականի ապրիլի 16-ին քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածի (թուրքական ինքնութիւնը վիրաւորելու) յատկանիշներով դատավարութիւն սկսւեց: Դատարանը դատավճիռ կայացրեց (6 ամսւայ ազատազրկման): Բարձրագոյն դատարանն էլ վճիռը հաստատեց՝ չնայած մասնագիտական զեկոյցի ու դատախազի առարկութեանը:

Այն գործընթացը, որը յանգեցրեց նրա սպանութեանը, ուղեկցւում էր մեդիայի միջոցով նրա հայկական ինքնութիւնը ռասիստ ու ազգայնամոլական խմբերի թիրախը դարձնելով: «Թուրքերի թշնամի հայ» ու այլ պիտակաւորումների միջոցով Դինքին իսկական թիրախ դարձրեցին: Կառավարութիւնը չկանգնեցրեց Դինքի թիրախաւորման գործընթացը, չքննադատեց մեդիայում նրա դէմ կիրառւող ատելութեան լեզուն, ճիշտ հակառակը՝ կառավարութեան անդամները իրենց արտայայտութիւններով աւելի նպաստեցին նրա սպանութեան համար պայմաններ ստեղծւելուն»,-  ասել է հայ պատգամաւորը մեջլիսին ներկայացրած առաջարկում:

Փայլանը նշել է, որ պետական մարմինների տարբեր ներկայացուցիչներ տեղեկացւած են եղել Դինքի սպանութեան ծրագրի մասին, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար, դեռ աւելին՝ Դինքի մարդասպանը ձերբակալւած ու Սամսունի ոստիկանութեան տեղափոխւելուց յետոյ ոստիկանութեան աշխատակիցների կողմից «հերոս»-ի պէս է ընդունւում: Փայլանը յիշեցրել է, որ դա ապացուցող լուսանկարները յայտնւել էին մամուլում:

«Անհրաժեշտ է, որ մեջլիսը դէպքի պատասխանատուներին բացայայտելուն աջակցելու, հանրային խիղճը հանգստացնելու ու այդպիսով նման ողբերգութիւնները կանխելու կամք ցուցաբերի: Այդ պատճառով էլ ցանկանում եւ պահանջում ենք, որ խորհրդարանում ուսումնասիրող յանձնաժողով ստեղծւի»,- եզրափակել է Փայլանը:

Առաջարկը դրւել է քւէարկութեան, սակայն մերժւել է կառավարող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (AKP-ԱԶԿ) եւ դրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցութեան (ԱՇԿ-MHP) քւէներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։