Հա

Քաղաքական

20/01/2019 - 11:40

«Մենք կը ստեղծենք այն խաղաղութիւնն ու եղբայրութիւնը, որին դու այդքան կարօտ էիր». Թուրքիայի «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը ուղերձ է յղել Դինքի մահւան 12-րդ տարելիցի կապակցութեամբ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը ուղերձ է հրապարակել պոլսահայ լրագրող եւ մտաւորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցի կապակցութեամբ: 

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը ուղերձ է հրապարակել պոլսահայ լրագրող եւ մտաւորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցի կապակցութեամբ: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

«Մենք երբեք չենք մոռացել «փոքր երեխային մարդասպան դարձնող այդ մութ համակարգը», խաղաղութեան համար պայքարելիս քեզ մէջքի ետեւից խփողներին ու մարդասպաններին պաշտպանողներին: Քո անունը մենք ապրեցնում ենք մեր պայքարում: Հրանտ ախպարիկ, մենք կը ստեղծենք այն խաղաղութիւնն ու եղբայրութիւնը, որին դու այդքան կարօտ էիր»,- գրւած է կուսակցութեան «Twitter»-ի եւ «Facebook»-ի պաշտօնական էջերում կատարւած հրապարակման մէջ:

Միեւնոյն ժամանակ Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցի կապակցութեամբ գրառում է կատարել նաեւ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը: Նա, մասնաւորապէս, մէջբերել է Հրանտ Դինքի յայտնի խօսքերը ժողովուրդների փոխադարձ յարգանքի ու միմեանց հասկանալու անհրաժեշտութեան մասին:

«Եկէք նախ իրար հասկանանք: Եկէք նախ միմեանց ցաւերի հանդէպ յարգանք ցուցաբերենք: Եկէք նախ իրար ապրեցնենք»... 12 տարի եղաւ: Չենք հրաժարւելու, ախպարի՛կ»,- գրել է Փայլանը:

Յիշեցնենք, որ Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցով սպանւել է 2007 թւականի յունւարի 19-ին՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Նրա սպանութեան գործով դատավարութիւնը շարունակւում է մինչ օրս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։