Հա

Քաղաքական

23/01/2019 - 12:00

«Stratfor». «Եթէ հայ-ռուսական յարաբերութիւնները խախտւեն, այլ ուժեր կարող են ներխուժել կովկասեան երկիր եւ թուլացնել Ռուսաստանի դիրքերը»

Ամերիկեան «Stratfor» վերլուծական կենտրոնն անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների ու տնտեսական համագործակցութեան զարգացումներին:

«alikonline.ir» - Ամերիկեան «Stratfor» վերլուծական կենտրոնն անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների ու տնտեսական համագործակցութեան զարգացումներին: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Ինչպէս կենտրոնի վերլուծաբաններն են նշում, ամուր կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հիմնաքար են եղել Կովկասում, սակայն Երեւանի եւ Մոսկւայի միջեւ լարւածութիւնը կարող է զգալիօրէն վնասել յարաբերութիւններին:

Յօդւածում նշւում է, որ Գիւմրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայւած է 5000 ռուս զինւոր, բացի այդ, Ռուսաստանը զգալի ազդեցութիւն ունի Հայաստանի տնտեսական հատւածի վրայ՝ էներգետիկ խողովակաշարերից մինչեւ հեռահաղորդակցութիւն: «Ռուսաստանը նաեւ Հայաստանի խոշորագոյն առեւտրային գործընկերն է, որին բաժին է հասնում ընդհանուր առեւտրի 25 տոկոսը: Յամենայն դէպս, վերջերս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնը հարցականի տակ է դրել Երեւանի եւ Մոսկւայի միջեւ ձեւաւորւած ամուր յարաբերութիւնները»,- ասւում է յօդւածում:

Վերլուծաբանների կարծիքով՝ երկու երկրի յարաբերութիւնների վրայ ազդել է յատկապէս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի նկատմամբ սկսւած քրէական հետապնդումը:

Յօդւածագիրը նկատում է, որ լարւածութեան աղբիւրներից մէկը ռուսական զինուժի՝ հայկական գիւղում իրականացրած զօրավարժութիւներն էին, որոնց յաջորդել են բնակիչների բողոքի ցոյցերը եւ Մոսկւային ուղղւած Փաշինեանի կշտամբանքն առ այն, որ բնակիչներին նախապէս չեն զգուշացրել դրանց մասին:

Ինչպէս աղբիւրը նշում է, երկու երկրի յարաբերութիւնների վրայ ներազդող գործօններից մէկը 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի այցն էր եւ նրա յայտարարութիւնը Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զէնք վաճառելու հաւանականութեան մասին:  

«Անհամաձայնութիւններ կան նաեւ հայ-ռուսական համագործակցութեան այլ ոլորտներում, այդ թւում՝ էներգետիկ հատւածում: Տարաձայնութիւնները վտանգի տակ են դնում Հայաստանի ռազմական կապերը Ռուսաստանի հետ, թէեւ դրանք կարող են ազդել նաեւ գազի մատակարարումների վրայ»,- նկատում է յօդւածագիրը:

«Եթէ հայ-ռուսական յարաբերութիւնները շարունակեն խախտւել, այլ ուժեր, ինչպիսիք են Միացեալ Նահանգները, Իրանը եւ Թուրքիան, կարող են ներխուժել կովկասեան երկիր եւ թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Այնուամենայնիւ, Մոսկւայի եւ Երեւանի միջեւ տարաձայնութիւններն այն հանգամանքն է, որը միւս երկրները կարող են շահարկել Հայաստանի հետ յարաբերութիւնները եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրենց դիրքերը բարելաւելու համար: ԱՄՆ-ի՝ զէնք վաճառելու առաջարկին զուգահեռ Իրանը կարող է մեծացնել իր բնական գազի արտահանումը Հայաստան, մինչդեռ Եւրոմիութիւնը նոյնպէս աւելի շատ տնտեսական եւ քաղաքական առաջարկներ է արել երկրին: Սա մի բան է, որը Հայաստանը կարող էր առաւել լրջօրէն դիտարկել, թէեւ դա կը խորացնէր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարւածութիւնը: Միւս կողմից՝ Թուրքիան կարող է նորից փորձել յարաբերութիւնների կարգաւորման հարցում լուրջ քայլ անել 2009-ի նմանօրինակ երկկողմ ջանքերից յետոյ, թէեւ նման քայլն ամէն դէպքում կախւած կը լինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորումից: Այս ամէնն, իր հերթին, կը ստիպի Ռուսաստանին կենտրոնանալ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնելու վրայ՝մեծացնելով տարածաշրջանում աւելի մեծ ապակայունացման հաւանականութիւնը»,- եզրափակում է հեղինակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։