Հա

Քաղաքական

02/02/2019 - 13:00

Մերձաւորարեւելեան ընթացիկ զարգացումների շուրջ

Մերձաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումները կրկին մտնում են սրացման հերթական փուլ։ Տարածաշրջանում նոր լարւածութեան ստեղծման պատճառ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայից 2000-անոց ամերիկեան զօրքի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը։ Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. դեկտեմբերի կէսին յայտարարել էր  Սիրիայում ԴԱԷՇ խմբաւորման դէմ յաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկեան զօրքերի գտնւելու միակ պատճառն էր։ 

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը

Մերձաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումները կրկին մտնում են սրացման հերթական փուլ։ Տարածաշրջանում նոր լարւածութեան ստեղծման պատճառ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայից 2000-անոց ամերիկեան զօրքի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը։ Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. դեկտեմբերի կէսին յայտարարել էր  Սիրիայում ԴԱԷՇ խմբաւորման դէմ յաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկեան զօրքերի գտնւելու միակ պատճառն էր։ Իհարկէ, սա ամենեւին էլ չի նշանակում, որ այս յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Վաշինգտոնը շատ կարճ ժամանակաշրջանում դուրս կը բերի իր զօրքերը Սիրիայից։ Թէեւ նախագահ Թրամփի կողմից հնչել է յստակ պաշտօնական յայտարարութիւն, սակայն մերձաւորարեւելեան այդ երկրից ամերիկեան զօրքերի դուրսբերման գործընթացը պայմանաւորւած է նաեւ տարածաշրջանային ընթացիկ գործընթացներով, մասնաւորապէս` նրանով, թէ ինչպիսի հետեւանքներ եւ ազդեցութիւն կարող է ունենալ զօրքերի դուրսբերման վերաբերեալ հնչեցւած յայտարարութիւնը, եւ ինչ արձագանքներ ու դիրքորոշումներ կը լինեն տարածաշրջանային այլ պետութիւնների կողմից։ Այդ համատեքստում թերեւս սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ, իհարկէ, մտահոգիչ է, երբ տարածաշրջանում, կայունութեան ու խաղաղութեան պահպանման նկատառումներից ելնելով, որեւէ պետութիւն երրորդ երկրի կամ երկրների կողմից զօրքեր, տւեալ դէպքում՝ ամերիկեան, զօրքեր են մտցւում։ Սակայն շատ աւելի մտահոգիչ է, երբ տարածաշրջանից կամ որեւէ երկրից դուրս են բերւում աշխարհաքաղաքական խաղացողներից մէկի՝ ամերիկեան զօրքերը, որն, անշուշտ, առաջացնում է որոշակի ռազմաքաղաքական վակուում, ինչն էլ նախադրեալներ կարող է ստեղծել ապակայունացման եւ նոր տեղաշարժերի համար։ Թերեւս այդ յայտարարութեամբ էր պայմանաւորւած այն, որ կրկին իրավիճակը սրւեց պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնում, արդէն խօսւում է ճգնաժամային իրադրութեան փուլ մտնելու մասին, սիրիական ճակատում նոր լիցք հաղորդւեց նաեւ Իսրայէլի ու Իրանի միջեւ ընթացող, այսպէս կոչւած, «proxy» պատերազմական գործողութիւններին։ Օրերս լուրեր տարածւեցին, որ իրանական կողմը եւ «Հըզբոլլահ» շարժումը կրկին քայլեր են ձեռնարկում Իսրայէլի հետ սահմանին իրենց ռազմական ներկայութիւնը վերահաստատելու ուղղութեամբ, թէեւ յետ էին քաշւել Ռուսաստանի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների հիման վրայ:

Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին հնչած` Սպիտակ տան յայտարարութիւնից յետոյ տարածաշրջանում ձեւաւորւող ռազմաքաղաքական վակուումը տրամաբանօրէն երկար չի կարող պահպանւել։ Միեւնոյն ժամանակ նշենք, որ չպէտք է սպասել ստեղծւած վակուումի մեխանիկական լրացման միտում, քանի որ մենք գործ ունենք տարածաշրջանում շահերի բազմաշերտութեան հետ։ Սակայն անհրաժեշտ ենք համարում յստակեցնել, որ Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումն ամենեւին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ի համար Սիրիան դառնում է պակաս հետաքրքրութիւն ներկայացնող շահերի գօտի։ Խօսքը վերաբերում է զուտ ցամաքային զօրքերի դուրսբերմանը, որն ըստ ամենայնի, նպատակայարմար է` աւելի շուտ ֆինանսական հատկացումների կրճատման անհրաժեշտութիւնից ելնելով,  այլ ոչ թէ ռազմական ցամաքային ներկայութեան հարցն է, առհասարակ։ Հասկանալի է, որ Վաշինգտոնը տիրապետում է ռազմական, ռազմատեխնիկական բաւական հզօր պոտենցիալի՝ ռազմածովային ու ռազմաօդային տեսանկիւններից, ինչը հնարաւորութիւն կարող է տալ ամերիկեան կողմին օպերատիւ արձագանքելու եւ չէզոքացնելու սիրիական ու տարածաշրջանային ուղղութեամբ այն սպառնալիքներն ու մարտահրաւէրները, որոնք կարող են կանգնել ԱՄՆ պաշտպանական կամ արտաքին քաղաքականութեան առջեւ։

 

Անկարայի ակտիւացումը տարածաշրջանում

Ինչպէս արդէն նշւեց, Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերման գործընթացը կարող է արագ չընթանալ՝ կախւած տարածաշրջանում ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացներից, հնարաւոր նոր մարտահրաւէրներից ելնելով։ Այդ առումով, խորհրդանշական պէտք է համարել Սպիտակ տան ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջոն Բոլթոնի յայտարարութիւնն առ այն, որ Վաշինգտոնը պէտք է Թուրքիայից քրդերի անվտանգութեան յստակ երաշխիքներ ստանայ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողութիւն Սիրիայի տարածքում պէտք է համաձայնեցւի Վաշինգտոնի հետ:

Թէեւ այս վերջին յայտարարութեան մէջ պաշտօնական Վաշինգտոնն իր մտահոգութիւնն էր յայտնում Թուրքիայից տարածաշրջանի եւ Սիրիայի քրդերի անվտանգութեան ու անձեռնմխելիութեան երաշխիքներ ստանալու հարցերի վերաբերեալ, այդուհանդերձ, կարծում ենք, որ խնդիրներն ու շահերը շատ աւելի բազմաշերտ են, լայն եւ բաւական փոխկապակցւած, քան տարածաշրջանի քրդերի հարցն ու նրանց անվտանգութիւնը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով ու իրողութիւններով։

Իհարկէ, տարածաշրջանի քրդերի անվտանգութեան հետ կապւած հարցերը սկզբունքային են համարւում թէ՛ Վաշինգտոնի, թէ՛ Անկարայի տարածաշրջանային արտաքին քաղաքականութիւնում, սակայն դրանք ունեն տրամագծօրէն հակառակ մօտեցումներ։ Անկարան բազմիցս է յայտարարել, որ քրդերի ներկայութիւնը տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգութեանը: Յիշեցման կարգով նշենք նաեւ, որ Էրդողանը պատրաստւում էր ռազմական գործողութիւններ ձեռնարկել Սիրիայիում արդէն մինչ Թրամփի` Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի յայտարարութիւնը հնչել էր 2018թ. դեկտեմբերի 14-ին, որին դեկտեմբերի 19-ին յաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտնի յայտարարութիւնը։ Իսկ արդէն դեկտեմբերի 24-ին Սիրիայում թուրքական ուժերը Ալ Բաբ քաղաքից շարժւում են դէպի Մանբիջի սահման։ Կարեւոր ենք համարում յիշատակել, որ ԱՄՆ եւ Թուրքիայի զինւած ուժերը Մանբիջի ճանապարհային քարտէզի եւ անվտանգութեան սկզբունքների համաձայնութիւնների շրջանակներում Մանբիջի շուրջ անկախ պարեկային գործողութիւններ էին սկսել նախորդ տարւայ յունիսի 18-ից։

Միւս կողմից` հետաքրքիր զուգահեռներ կարելի է անցկացնել վերը յիշատակւած գործընթացների եւ սիրիական ուղղութեամբ ՌԴ-Թուրքիա գործակցութեան միջեւ։ Ոչ վաղ անցեալում` 2017թ. հոկտեմբերի 8-ին, Թուրքիայի զինւած ուժերը հետախուզական գործողութիւններ էին սկսում Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում: Թուրքական զինուժը պատրաստւում էր ցամաքային ստորաբաժանումներ ուղարկել սիրիական նահանգի տարածք:  Թուրքական զինուժը Իդլիբում գործողութիւններ է իրականացնում Աստանայի բանակցութիւներում Իրանի եւ Ռուսաստանի հետ ձեռք բերւած համաձայնութեան շրջանակներում: Յիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերւած համաձայնութեամբ՝ Իդլիբում «ոչ բախումային» գօտի է սահմանւել, որի երաշխաւորներից Թուրքիան վերահսկողութիւն է հաստատում նահանգի տարածքում, Ռուսաստանը՝ հետեւում նահանգի սահմաններին հրադադարի պահպանմանը: 

Այդ ամէնից ինչ է ստացւում. Անկարան կարողանում է խաղալ եւ բաւական արդիւնաւէտութեամբ խաղալ տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բեւեռների հետ։ Մի կողմից` Էրդողանը սիրիական Իդլիբի եւ, առհասարակ, Սիրիայում անվտանգութեան ապահովման հարցում որոշակի գործողութիւնների նախաձեռնման հնարաւորութիւն է ստանում` Աստանայում ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցութիւններից ելնելով, միւս կողմից` կարողանում է Վաշինգտոնի հետ քննարկել Սիրիայի քրդերի հետ կապւած հարցեր եւ ոչ միայն։ Կարծում ենք, որ վերջին գրեթէ մէկ տասնամեակում սիրիական ճգնաժամի տարիներին զգալիօրէն մեծացել է հէնց Թուրքիայի տարածաշրջանային կշիռը, նշանակութիւնը, որը կարողացել է մանեւրել տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի միջեւ եւ ստանալ առաւելագոյն քաղաքական, ռազմաքաղաքական դիւիդենդներ։ Նոյն տրամաբանութեամբ պէտք է դիտարկել նաեւ Բոլթոնի վերջին յայտարարութիւնը՝ Սիրիայի քրդերի անվտանգութեան մտահոգութեան առնչութեամբ՝ յստակ երաշխիքներ անկնալելով Անկարայի կողմից։ Կարծում ենք, որ այս յայտարարութիւնն ինքնին խօսուն է եւ ցոյց է տալիս, իսկ աւելի շուտ՝ ընդգծում Սիրիայի քրդերի հարցում եւ տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Թուրքիայի առանձնակի դերակատարութիւնը։

Աւելին` 2019 թ. յունւարի առաջին կէսին կայացաւ Թրամփ-Էրդողան հեռախօսազրոյցը, որի արդիւնքները կողմերը թէեւ դրական են գնահատել, սակայն կարծես սկզբունքային հարցերում եւ առաջին հերթին քրդերի առնչութեամբ դեռեւս առկայ են աւելի շատ հակասութիւններ, քան երկխօսութեան եզրեր։ Հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների առաջնորդները պատրաստակամութիւն են յայտնել շարունակել բանակցութիւնները Սիրիայում Թուրքիայի կողմից անվտանգութեան գօտու ստեղծման առաջարկի հեռանկարի շուրջ:

Իսկ արդէն ս.թ. յունւարի վերջերին Մոսկւայում տեղի ունեցան Պուտին-Էրդողան բանակցութիւնները, որոնց գլխաւոր թեմաներից մէկը Սիրիայի իրավիճակն էր։ Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները՝ շարունակելու բանակցութիւնները Աստանայում ձեռք բերւած եռակողմ՝ ՌԴ-Թուրքիա-Իրան պայմանաւորւածութիւններին համապատասխան։ Այդ հանդիպման ընթացքում կրկին հնչել է անվտանգութեան գօտի ստեղծելու առաջարկը, որը թէեւ արարողակարգային մակարդակով աջակցութիւն է գտել Պուտինի կողմից, այդուհանդերձ, հասկանալի պատճառներով Մոսկւային ձեռնտու չէ Սիրիայում անվտանգութեան գօտու ձեւաւորման գաղափարը՝ Թուրքիայի ուղղակի մասնակցութեամբ։ Հարցը պարզ է՝ դա թոյլ կը տան Էրդողանին առժամանակ ռազմական ներկայութիւն հաստատել Սիրիայի այդ շրջաններում։ Գուցէ իրավիճակային հարթութիւնում կողմերը գան ընդհանուր յայտարարի, բայց թերեւս ոչ աւելին:

Ոչ հրապարակային, յետկուլիսային քննարկումներում Թրամփ-Էրդողան, Պուտին-Էրդողան բանակցութիւնները, Սիրիայի իրադրութեան եւ քրդերի հիմնահարցերից զատ, ծաւալւում են նաեւ առանցքային այնպիսի թեմայի շուրջ, ինչպիսին է՝ Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարաւորութիւնը։

Յիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այդ գործարքի հետ կապւած արգելափակեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային. ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրեց 2019 թ. ռազմական բիւջէի նախագիծը, որի կէտերից մէկով էլ նախատեսւում էր ժամանակաւորապէս դադարեցնել Թուրքիային «F-35» կործանիչների մատակարարումը:  

Ելնելով վերոնշեալ իրողութիւններից, հաշւի առնելով ԱՄՆ-Թուրքիա, ՌԴ-Թուրքիա ղեկավարների միջեւ վերջին շրջանում հանդիպումների, քննարկումների յաճախակիացման միտումները՝ կարող ենք ասել, որ յետկուլիսային ձեւաչափում կողմերը վերաճշգրտում են նշեալ առանցքային հարցերի շուրջ սեփական հնարաւորութիւններն ու փոխզիջման սահմանները։ Արդիւնքում` Թուրքիան կարող է ձգտել թէ՛ Վաշինգտոնից, թէ՛ Մոսկւայից ստանալ քաղաքական, ռազմական որոշ դիւիդենդներ, քանի որ ստեղծւած իրավիճակում առաւել շահեկան դիրքում է յայտնւում հէ՛նց Թուրքիան։ Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը մեծացնում է տարածաշրջանային խաղացողների շահերի ակտիւացման ու վերադիրքաւորման  հնարաւորութիւնները։ Սա նախ մանեւրելու հնարաւորութիւն է տալիս առաջին հերթին Անկարային, քանի որ զօրքերի դուրսբերմամբ ստեղծւած վակուումը Մոսկւայի կողմից համալրման փորձերը կը հանդիպեն Վաշինգտոնի դիմակայութեանը, դա վերաբերում է նաեւ Իրանին։ Իսկ Անկարա-Վաշինգտոն յարաբերութիւններում, չնայած քրդերի հարցում առկայ տարակարծութիւններին, իրավիճակային, մարտավարական առումով կայ փոխզիջման առաւել նպաստաւոր դաշտ, քան միւսների առումով։ Էրդողանն իր հերթին յստակ գիտակցում է, որ Թրամփը պատրաստ է գնալ փոխզիջման Թուրքիայի հետ, յատկապէս` ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման վերաբերեալ ռուս-թուրքական հնարաւոր գործարքը տապալելու հարցում։ Բաւական խորհրդանշական էր նաեւ վերջերս Մոսկւայում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում այն տեղեկատւութեան արտահոսքը, ըստ որի` կողմերն անդրադարձել են 1998թ. Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ստորագրւած Ադանայի պայմանագրին, որով կողմերը համաձայնութեան են եկել համագործակցել անվտանգութեան ոլորտում եւ փոխանակւել հետախուզական տւեալներով։ Ասել է, թէ` Մոսկւան քաղաքական աջակցութիւն է ցոյց տալիս Թուրքիային, որպէսզի վերջինս ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետոյ Սիրիայի հետ սկսի բանակցութիւնները երկու երկրների միջեւ համատեղ սահմանի անվտանգութեան ապահովման հարցի շուրջ՝ հիմնւելով նաեւ Ադանայում ստորագրւած համաձայնագրի վրայ:

 

Հետեւութիւններ

  1. Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը, ըստ էութեան, ունի մարտավարական-իրավիճակային նշանակութիւն եւ դրա ռազմաքաղաքական հետեւանքները նոյնպէս չեն կարող դիտւել ռազմավարական հարթութիւնում, քանի որ զօրքերի դուրսբերումը ռազմավարական առումով փոփոխութիւններ չի ենթադրում։
  2. Սիրիական ճգնաժամի տարիներին զգալիօրէն ընդլայնւել է Անկարայի տարածաշրջանային նշանակութիւնը։ Մերձաւորարեւելեան այդ երկրից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին յայտարարութիւնը եւ դրա գործընթացը կը մեծացնեն տարածաշրջանում դիրքերի ամրապնդման հարցում Թուրքիայի հնարաւորութիւնները, հետեւաբար` նրա տարածարջանային կշիռը։

  «Yerkir.am»

Յարակից լուրեր

  • «ԵՒԱ»-ն վերջապէս ԱՄՆ-ի կինոէկրաններին
    «ԵՒԱ»-ն վերջապէս ԱՄՆ-ի կինոէկրաններին

    Անահիտ Աբադը պատրաստւում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի էկրանաւորմանը՝ ԱՄՆ-ում:

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականութիւնը
    Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականութիւնը

    Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջան Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականութիւնը:

  • ԱՄԷ-ն կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի առաքելութեանը
    ԱՄԷ-ն կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի առաքելութեանը

    Արաբական Միացեալ Էմիրութիւնները կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից ստեղծւող միջազգայի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութեանը:

  • Զարիֆ. «Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»
    Զարիֆ. «Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»

    «Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»,- այս  մասին թւիթերեան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը արձագանքելով ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների խստացման հրահանգին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։