Հա

Քաղաքական

12/02/2019 - 11:20

Նախիջեւան. ռազմաքաղաքական հարցեր

Եթէ ուշադիր հետեւենք, վերջին երկու տասնամեակների կտրւածքով, Նախիջեւանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումներին, ապա դժւար չէ նկատել, որ այդ ուղղութեամբ մեդիա տիրոյթում առկայ է տեղեկատւութեան սղութիւն, որը մենք պայմանականօրէն անւանում ենք տեղեկատւական վակուում։ Նախիջեւանեան գործընթացների վերաբերեալ տեղեկատւութեան խիստ սահմանափակութեան հանգամանքը թերեւս ունի ինչպէս օբեկտիւ, այնպէս էլ սուբեկտիւ դրդապատճառներ։ 

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Տեղեկատւական և այլ հարցեր

Եթէ ուշադիր հետեւենք, վերջին երկու տասնամեակների կտրւածքով, Նախիջեւանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումներին, ապա դժւար չէ նկատել, որ այդ ուղղութեամբ մեդիա տիրոյթում առկայ է տեղեկատւութեան սղութիւն, որը մենք պայմանականօրէն անւանում ենք տեղեկատւական վակուում։ Նախիջեւանեան գործընթացների վերաբերեալ տեղեկատւութեան խիստ սահմանափակութեան հանգամանքը թերեւս ունի ինչպէս օբեկտիւ, այնպէս էլ սուբեկտիւ դրդապատճառներ։ Նախ՝ տպաւորութիւն է ստեղծւում, որ նշեալ ժամանակաշրջանում տարածաշրջանային ու, առհասարակ, միջազգային գործընթացներում նւազել է Նախիջեւանի նշանակութիւնը, հետեւաբար` դրա վերաբերեալ մամուլում տեղ գտած անդրադարձները առանձնացել են տեղեկատւութեան սահմանափակութեամբ։ Միւս կողմից` թերեւս դժւար է չհամաձայնել, որ նախիջեւանեան գործընթացների ուղղութեամբ տեղեկատւական հոսքերը, խոշոր հաշւով, վերահսկելի են, ուստի այդ զարգացումների վերաբերեալ լրատւութիւնը ներկայացւում է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպէս, ինչպէս պէտք է։ Նախիջեւանի շուրջ առկայ տեղեկատւական բազան հիմնականում վերաբերում է այդ ինքնավարութեան ռազմականացման, ռազմաքաղաքական գործընթացներին, որոնք ուղղակիօրէն պայմանաւորւած են թուրքական գործօնով։ Իհարկէ, Նախիջեւանի վերաբերեալ մեդիա անդրադարձներում հանդիպում է նաեւ ինքնավարութեան տնտեսական, կումունիկացիոն հարցերին վերաբերող լրատւութիւն, որը, որպէս կանոն, առնչութիւն ունի Իրանի հետ, սակայն համեմատութեան կարգով նշենք, որ այն քանակական առումով զգալիօրէն զիջում է իր դիրքերը Նախիջեւանի ռազմականացման թեմատիկային։

Հաշւի առնելով Նախիջեւանում ընթացող ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական զարգացումների ու միտումների ուղղութեամբ Անկարայի ուղղակի ազդեցութիւնը եւ մասնակցութիւնը, կարծում ենք, որ նախիջեւանեան թեմատիկայով տեղեկատւական հոսքերը մեծ մասամբ վերահսկելի են, եւ այդ գործում զգալի է հէնց Թուրքիայի դերը։ Իհարկէ, Նախիջեւանի վերաբերեալ կարելի է տեղեկատւութիւն գտնել նաեւ տեղական հեռուստաընկերութեան, մի քանի էլեկտրոնային պարբերականների միջոցով, սակայն այստեղ նախ պահանջւում է մասնագիտական-հետազօտական մօտեցում, երկրորդ՝ ամենայն հաւանականութեամբ, այդ տւեալները կրկին վերահսկելի են եւ հանրայնացւում են, այսպէս ասած, «ֆիլտրւելուց» յետոյ։

Այստեղից կարող ենք ասել, որ նախիջեւանեան գործընթացների վերաբերեալ մեդիա դաշտում առկայ տեղեկատւութիւնը միանշանակ չէ, դրա հաւաստիութեան օբեկտիւ խնդիր կայ, ուստի հայկական մեդիա տիրոյթում միայն այդ աղբիւրների հիման վրայ դրանց ներկայացումը յանգեցնում է եւ կը յանգեցնի խնդիրների՝ տարբեր առումներով՝ տեղեկատւական, անվտանգային եւ այլն: Խնդիրն առաւել քան արդիական է եւ մտահոգիչ այն առումով, որ վերջին շրջանում նախիջեւանեան ուղղութեամբ տեղ գտած փոխհրաձգութիւնների, հայկական ու ադրբեջանական դիրքերի առաջմղման վերաբերեալ տւեալները շատ յաճախ մեխանիկօրէն արտատպւում էին հայկական մամուլում՝ հիմնւելով զուտ ադրբեջանական-նախիջեւանեան, ինչպէս նաեւ թուրքական մամուլի վրայ։ Այդ հարցում, իհարկէ, կարեւոր է նաեւ պետութիւն-փորձագիտական հանրութիւն-մեդիա տիրոյթ փոխգործակցութիւնը, որը հնարաւորութիւն կը տայ ժամանակին վերլուծելու նման տւեալները եւ հանրութեանը ներկայացնելու հնարաւորինս հաւաստի տեղեկատւութիւն։ 

Վերը նշւածի ցայտուն օրինակ էին նախորդ տարւայ կէսերին նախիջեւանեան ուղղութեամբ դիրքային փոխառաջխաղացման իրադարձութիւնները։ Պաշտօնական Բաքւի հաղորդագրութիւնների համաձայն` Ադրբեջանը Նախիջեւանում կարողացել է իր վերահսկողութեան տակ վերցնել 11 հազար հեկտար տարածք։ Իրականում սա տեղեկատւական ծուղակ էր։ Իհարկէ, այդ փուլում ադրբեջանական կողմը կարողացել է սահմանի որոշ հատւածներում անցնել դիրքային առաւել նպաստաւոր պայմանների, սակայն հայկական կողմը նոյնպէս դիրքային նպաստաւոր պայմաններ է ստացել այլ սահմանային հատւածներում։ Եւ այս ամէնում կարեւորագոյն հարցը նա է, որ կողմերի միջեւ դիրքային փոփոխութիւնների հետեւանքով պահպանւում է ուժային հաւասարակշռութիւնը, իսկ դա ցոյց է տալիս, որ ադրբեջանական աղբիւրների ներկայացրած տեղեկատւութիւնը խեղաթիւրւած է, ուռճացւած։

Ուսումնասիրութեան շրջանակում կարեւոր հարցերից մէկն էլ վերաբերում է Նախիջեւանի շուրջ իրաւական, իրաւաքաղաքական ասպեկտներին: Նախիջեւանեան թեմատիկայի ուղղութեամբ փորձագիտական դաշտում շատ է շեշտադրւում հարցի իրաւաքաղաքական, պայմանագրային կողմի կարեւորութիւնը: Կարծում ենք, որ միջազգային յարաբերութիւններում այսօր բաւական խնդրայարոյց իրավիճակ է ստեղծվել առհասարակ իրաւաքաղաքական մեխանիզմների արդիւնաւէտութեան հիմնահարցերի վերաբերեալ: Քիչ չեն դէպքերը, երբ առկայ են գործող պայմանագրեր, նոյնիսկ՝ միջազգային նշանակութեան, սակայն իրականում դրանք չեն պահպանւում: Ասելիքն այն է, որ եթէ տւեալ դէպքում Նախիջեւանի հարցում, ենթադրաբար, ունենանք ուժային հաւասարակշռութեան խախտում կամ ֆորսմաժորային իրավիճակ, չենք կարծում, որ այդ ուղղութեամբ առկայ իրաւաքաղաքական, պայմանագրային սկզբունքները, կէտերը լինեն որոշիչ:

 

Ռազմականացման միտումները` Նախիջեւանում

Նախեւառաջ մեզ համար առաջնահերթ խնդիր է հասկանալ՝ ի վերջոյ, Նախիջեւանը Հայաստանի դիտանկիւնից ներկայանում է որպէս ռեսո՞ւրս, թէ՞ խնդիր։ Հարցի նման ձեւակերպումը եւ դրա ուղղութեամբ անհրաժեշտ փորձագիտական վերլուծութիւններն ու գնահատականները հնարաւորութիւն կը ստեղծեն համապարփակ ու օբեկտիւ գիտելիքներ ունենալու այդ ուղղութեամբ։ Դա, ըստ էութեան, առանձին, համապարփակ հետազօտութիւն է: Ինչեւէ, անդրադառնալով մեր նիւթին, նշենք, որ Հայաստանի անվտանգութեան տեսանկիւնից առաւել մտահոգիչ են վերջին տասնամեակում Նախիջեւանի ռազմականացման միտումները, որոնք իրենց ազդեցութիւնն են թողնում տարածաշրջանում ուժերի յարաբերակցութեան, հաւասարակշռութեան՝ մինչ այժմ գործող ստատուս քւոյի պահպանման գործընթացի վրայ։

Նախիջեւանում ռազմատեխնիկայի կուտակման եւ սպառազինման գործընթացն աւելի ակտիւ փուլ անցաւ յատկապէս 2016-ի ապրիլեան ռազմական գործողութիւններից յետոյ, որի հետեւանքով տարածաշրջանը յայտնւեց որակապէս նոր ռազմաքաղաքական իրավիճակում։ Փորձագիտական հանրութեան մի հատւածի գնահատականներով՝ ՆԻՀ ռազմականացման ակտիւ գործընթացն ուղղակիօրէն պայմանաւորւած է Հայաստանի կողմից «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների ձեռք բերմամբ, ասել է թէ՝ հայկական կողմը հրթիռակոծման սպառնալիքի տակ է պահում Բաքուն, ադրբեջանական կողմը՝ Երեւանը` Նախիջեւանից:

Դժւար չէ նկատել, որ ՆԻՀ ռազմականացման գործընթացում առանձնայատուկ դերակատարում ունի Թուրքիան, որն արտայայտւում է հարցի ինչպէս ռազմատեխնիկական, այնպէս էլ ռազմաքաղաքական բաղադրիչի հարթութիւնում։ Աւելին` ՆԻՀ ռազմականացման գործընթացն ուղղորդում է հէնց պաշտօնական Անկարան։

Ներկայացնենք որոշ տւեալներ. 2013թ. դեկտեմբերի 20-ին յայտնի դարձաւ, որ ՆԻՀ 5-րդ բանակային կորպուսի հիման վրայ ստեղծւելու է «առանձին համազօրային բանակ», որն, ըստ ադրբեջանական պաշտօնական աղբիւրների, ծառայելու է ՆԻՀ պաշտպանական համակարգի արդիւնաւէտութեան բարձրացման, մէկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին։ Իսկ արդէն 2014թ. մայիսի 19-ին կայացաւ ինքնավարութեան տարածքում տեղակայւած «առանձին համազօրային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրօշի տրամադրման հանդիսաւոր արարողութիւնը։ Նշենք, որ միջազգային պրակտիկայում համազօրային բանակը զինւորական միաւոր է, որն ունակ է ինքնուրոյն լուծել մարտական խնդիրներ: Ի դէպ, ՆԻՀ-ում տեղակայւած կորպուսը բաւական մարտունակ է եղել, ինչը, թերեւս, պայմանաւորւած է կորպուսի՝ թուրքական զինւորական հրամանատարութեան անմիջական վերահսկողութեան տակ գտնւելու հանգամանքով։

Մտահոգիչ է նաեւ վերջին շրջանում Նախիջեւանում նոր ռազմական գնդի ձեւաւորման փաստը, որի բացման արարողութեանն անձամբ ներկայ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Վերջին տարիներին ՆԻՀ-ում ակտիւօրէն ընթացող` ռազմական տեխնիկայի եւ սպառազինութիւնների կուտակման գործընթացի համատեքստում խօսւում է շուրջ 300-350, իսկ որոշ աղբիւրներով` 400 միաւոր ռազմական տեխնիկայի մասին, այդ թւում՝ հրթիռային համակարգերի, հրետանու, զրահամեքենաների: Առաւել անհանգստացնող է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիւ համակարգերի (ՀԿՌՀ), թուրքական «Ռոկեթսան» ընկերութեան մի քանի միաւոր T-300 Kasirga, ինչպէս նաեւ T-122 Sakarya ՀԿՌՀ-ների մատակարարումը Նախիջեւանին։ Հաշւի առնելով սահմանի ոչ այնքան մեծ հեռաւորութիւնը Երևանից (ընդամէնը 60 կմ)՝ իսկապէս, սա լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս: 2017թ. օգոստոսին համացանցում յայտնւեց Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից ռուսական արտադրութեան Սու-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանիւթ:

Ռազմական տեխնիկայի եւ սպառազինութիւնների կուտակումներին զուգահեռ, վերջին տարիներին ՆԻՀ-ում կանոնաւոր բնոյթ են ստացել զօրավարժութիւնները, որոնք անցկացւում են նաեւ Թուրքիայի հետ համատեղ։ 2014թ. ապրիլի կէսերին ՆԻՀ-ում Ադրբեջանի իշխանութիւններն անցկացրին լայնամասշտաբ զօրավարժութիւններ, որոնց մասնակցում էին աւիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային, հրետանային զօրքերը եւ այլ զօրատեսակներ: Զօրավարժութիւնների ընթացքում ստուգւելու էր Նախիջեւանում տեղակայւած զօրամասերի պատրաստւածութիւնը: 2016թ. հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում մեկնարկեցին հրամանատարաշտաբային զօրավարժութիւնները: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ զօրավարժութիւնների ընթացքում զօրամասերը եւ ստորաբաժանումներն իրականացնելու էին ՆԻՀ տարածքը պաշտպանելու խնդիրներ, փորձարկւելու էին հակառակորդի յարձակումը եւ սպառնալիքները կանխարգելելու միջոցառումներ, հրթիռահրետանային համակարգերի, օդուժի եւ սպառազինութեան այլ միջոցներով ստորաբաժանումներն իրականացնելու էին պայմանական հակառակորդի պաշտպանութեան խորքում տեղակայւած ռազմավարական օբեկտների ոչնչացման խնդիրներ: Իսկ 2016թ. նոյեմբերին Ադրբեջանում անցկացւած լայնամասշտաբ զօրավարժութիւններին տագնապի ազդանշանով ներգրաււած էին նաեւ ՆԻՀ առանձին համազօրային բանակի ստորաբաժանումները։ Զօրավարժութիւններն անցկացւում էին օպերատիւ նշանակութեան շրջանակներում՝ առանձին համազօրային բանակի զօրամասերի եւ հրետանային ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ 2017թ. յունիսին ՆԻՀ-ում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զօրավարժութիւններ, որոնց նպատակն էր փորձի փոխանակման միջոցով զարգացնել զօրքերի համակարգման գործընթացը, գնահատել համատեղ գործողութիւնների ներուժը: 2017թ. նոյեմբերի երկրորդ կէսին Արցախին եւ Նախիջեւանին կից շրջաններում անցկացւեցին հերթական ադրբեջանական զօրավարժութիւնները։ Նախիջեւանի ուղղութեամբ զօրավարժութիւնների ընթացքում ցուցադրւեցին Տ–72 տանկեր, «Գրադ» եւ «Սմերչ» հրթիռային համալիրներ, հրետանի, Դ-30 թնդանոթներ, թռիչքներ իրականացրին Սու-25 ռազմական ինքնաթիռները, Մի 24/35 ուղղաթիռները։

 

Արձագանքման քայլեր

Նախիջեւանի ռազմականացման միտումները մտահոգիչ են ոչ միայն ՀՀ պաշտպանական անվտանգութեան, այլեւ, առհասարակ, հարաւկովկասեան տարածաշրջանում կայունութեան պահպանման տեսանկիւնից։ Խնդրի լրջութիւնը շեշտւեց վերջին կէս տասնամեակում արցախեան ուղղութեամբ սահմանային լարւածութեան դինամիկայի եւ ապրիլեան ռազմական գործողութիւնների ֆոնին։ Միեւնոյն ժամանակ, հայկական կողմն իր հերթին վերջին շրջանում զգալի աշխատանքներ է իրականացնում ՆԻՀ-ից եկող ռազմական, ռազմաքաղաքական վտանգներն ու մարտահրաւէրները զսպելու եւ հակազդելու ուղղութեամբ։ Առանձնակի կարեւորութիւն պէտք է տալ ՆԻՀ-ի հետ սահմանին հայկական զինուժի կողմից, առանց հրադադարի ռեժիմի խախտման, նոր դիրքեր հսկողութեան տակ վերցնելու հանգամանքին (շուրջ 100 քառ. կմ): Փորձագիտական գնահատականներով՝ Նախիջեւանի ուղղութեամբ նոր դիրքեր վերցնելու իրողութիւնն արձագանքն էր 2014թ. յունիսի սկզբին Նախիջեւանի սահմանային լարւածութեան մեծացմանը, որի հետեւանքով հայկական կողմն ունեցաւ երկու զոհ։ Հարցի առնչութեամբ ՀՀ ՊՆ-ն գրեթէ բաց տեքստով ակնարկեց, որ Նախիջեւանում ազատ գործում են թուրքական վարձկաններ, այսինքն՝ Թուրքիայի միջամտութեամբ փորձ է արւում Նախիջեւանի հատւածում հայ-ադրբեջանական սահմանային իրադրութիւնը, որը մինչ այժմ համարւել է հայ-ադրբեջանական սահմանի ամենահանգիստ հատւածը, դուրս բերել համեմատական հանգիստ վիճակից։ Հաշւի առնելով ՆԻՀ-ում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայութիւնը, առանձին համազօրային բանակի՝ Թուրքիայի ԶՈւ-ի առանձնայատուկ ուշադրութեան ներքոյ գտնւելու իրողութիւնը (առկայ են թուրք սպայական բարձրաստիճան կազմ, զինւորական խորհրդատուներ)՝ հայկական կողմի վերահսկողութեան սահմանումը նշեալ դիրքերի նկատմամբ մարտավարական-դիրքային, ինչպէս նաեւ ռազմավարական լուրջ ձեռքբերում պէտք է համարել։ Արդէն խօսւեց նախորդ տարւայ կէսերին կողմերի միջեւ նախիջեւանեան ուղղութեամբ դիրքային պայքարի մասին, որի արդիւնքում կողմերը տարբեր հատւածներում կարողացան ունենալ որոշակի դիրքային նոր փոփոխութիւններ, սակայն դա չխախտեց ուժային հաւասարակշռութիւնը, ինչպէս ապատեղեկատւութեան հիման վրայ մատուցում են ադրբեջանական աղբիւրները։

Նախիջեւանի զարգացումները լուրջ մտահոգութեան տեղիք են տալիս նաեւ ՌԴ-ին, քանի որ Թուրքիայի ռազմաքաղաքական «ներկայութեան» ընդլայնումը Նախիջեւանում ռազմավարական նշանակութեան մարտահրաւէր է Ռուսաստանին՝ սպառնալով թուլացնել վերջինիս ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։ Այս տեսանկիւնից, ՆԻՀ համատեքստում, թուրք-ադրբեջանական տանդեմին ի հակադրութիւն, գրեթէ հիմնականում համընկնում են Հայաստանի եւ ՌԴ ռազմաքաղաքական շահերը, ինչը փաստում են վերջին շրջանում հայ-ռուսական համատեղ հակազդման նախաձեռնութիւնները։ Տեղին է յիշատակել 2016թ. նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միացեալ զօրամիաւորման մասին պայմանագիր ստորագրումը։ Միացեալ զօրախմբում ընդգրկւելու են Գիւմրիում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան եւ հայաստանեան ռազմական ստորաբաժանումներ, մասնաւորապէս՝ հայկական զինւած ուժերի 5-րդ բանակային կորպուսը։ Հայ-ռուսական միացեալ զօրամիաւորումը գործում է 2000 թւականից, եւ նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զօրամիաւորման իրաւական հիմքը։ Հայկական կողմը չի թաքցնում, որ անհրաժեշտութեան դէպքում հայկական զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի հրամանով զօրամիաւորումը կարող է պատասխանել նաեւ թուրքական կողմից եկող վտանգներին։ Կարեւոր է նաեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ «Հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում հակաօդային պաշտպանութեան միաւորւած տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» (ՀԱԿՏ ՀՕՊ համակարգ) համաձայնագրի իրաւաքաղաքական յենքի ձեւաւորումը (համաձայնագիրը ստորագրւել է 2015թ. դեկտեմբերի 23-ին)։ Համաձայնագրի 6-րդ յօդւածի համաձայն՝ «հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում հակաօդային պաշտպանութեան միաւորւած համակարգի զօրքերի եւ հակաօդային պաշտպանութեան այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մէջ մտնող զօրքերի համատեղ գործողութիւնների համակարգումն իրականացնում է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի գլխաւոր հրամանատարը»: Համաձայնագիրը հնարաւորութիւն է տալիս օգտագործելու ՌԴ ԶՈւ օդատիեզերական զօրքերի ներուժը` ընդհուպ մինչեւ միջուկային զէնքի կիրառում: Համաձայնագրի օգնութեամբ հայկական կողմը կը ստանայ Հայաստանում գտնւող ՀՕՊ ռուսական ռեսուրսները, այդ թւում` կործանիչ աւիացիան։  

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Իսրայէլի այլընտրանքային դաշնակիցը
    Իսրայէլի այլընտրանքային դաշնակիցը

    Գրեթէ երկու տասնամեակ է, ինչ Իսրայէլի արտաքին քաղաքականութիւնում սկսել են առաւել մեծ կարեւորութիւն տալ Միջին Ասիային ու Հեռաւոր Արեւելքին։ Այդ միտումը նկատելի է նաեւ հրէական սփիւռքի քաղաքական, ռազմավարական մօտեցումներում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հէնց Միջին Ասիայում ու Հեռաւոր Արեւելքում են հիմնւում հրէական սփիւռքի կոորդինացման տարածաշրջանային տարբեր կենտրոններ։

  • «Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել, եւ արդիւնքում թերագնահատւել է Մերձաւոր Արեւելքում Թեհրանի պոտենցիալը». Կարէն Վերանեան
    «Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել, եւ արդիւնքում թերագնահատւել է Մերձաւոր Արեւելքում Թեհրանի պոտենցիալը». Կարէն Վերանեան

    «Tert.am»-ը տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի հետ զրուցել է Պարսից ծոցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերեալ:

  • Թուրքիան դառնում է անկանխատեսելի
    Թուրքիան դառնում է անկանխատեսելի

    Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։

  • Երբ Անկարան ձեռք բերի «S-400» համալիրները...
    Երբ Անկարան ձեռք բերի «S-400» համալիրները...

    Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալւի, եթէ ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկւող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաեւ հայաստանեան մեդիայում։ Թէեւ պէտք է նշել, որ դրանք տեղեկատւական բնոյթի են, իսկ վերլուծականներ գրեթէ բացակայում են։

  • «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը
    «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը

    Յունիսի 25-ին Բահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգւած` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անւանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանաւորւած Իսրայէլում անցկացւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։