Հա

Քաղաքական

02/03/2019 - 14:50

Սպիտակ տան «դարի գործարքը»

Փետրւարի վերջերին մեկնարկեց ԱՄՆ նախագահ Թրամփի աւագ խորհրդական Ջարէդ Քուշնէրի այցելութիւնների շարքը Մերձաւոր Արեւելք: Այցելութեան նպատակը պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման` Թրամփի վարչակազմի առաջարկ-փաթեթի տնտեսական հարցերի շուրջ բանակցութիւնների, քննարկումների կազմակերպումն էր:

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Փետրւարի վերջերին մեկնարկեց ԱՄՆ նախագահ Թրամփի աւագ խորհրդական Ջարէդ Քուշնէրի այցելութիւնների շարքը Մերձաւոր Արեւելք: Այցելութեան նպատակը պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման` Թրամփի վարչակազմի առաջարկ-փաթեթի տնտեսական հարցերի շուրջ բանակցութիւնների, քննարկումների կազմակերպումն էր: Թրամփի աւագ խորհրդականին ուղեկցում էին Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ նախագահի յատուկ յանձնարարականներով դեսպան-ներկայացուցիչ Ջէյսոն Գրինբլաթը եւ Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը: Այցելութիւնների շարքում ներառւել են Օմանը, Բահրէյնը, Սաուդական Արաբիան, Կատարը եւ ԱՄԷ-ն:

Յիշեցնենք, որ Քուշնէրը, որը նախագահ Թրամփի դստեր՝ Իւանկայի ամուսինն է, ժամանակին մեծ դերակատարութիւն է ունեցել ԱՄՆ-Իսրայէլ քաղաքական յարաբերութիւնների խորացման, մասնաւորապէս` Երուսաղէմը Իսրայէլ պետութեան մայրաքաղաք ճանաչելու եւ Թել Աւիւից Երուսաղէմ ԱՄՆ դեսպանութիւնը տեղափոխելու գործընթացում:

Այս ամէնում հետաքրքիրն այն է, որ այս անգամ Թրամփը հակամարտութեան կարգաւորման փաթեթի շուրջ քննարկումների համատեքստում իր փեսային գործուղում է Մերձաւոր Արեւելք՝ զուտ տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցելու: Մասնաւորապէս` բանակցութիւնների հիմնական թեմաներից մէկն, ըստ ամենայնի, վերաբերելու էր Գազայի հատւածում ստեղծւած ճգնաժամային իրադրութեան յաղթահարման մեխանիզմների ձեւաւորման հարցերին, ինչն, ըստ Վաշինգտոնի, դրական ազդեցութիւն կունենայ ոչ միայն իսրայէլցիների ու պաղեստինցիների, այլեւ ամբողջ տարածաշրջանի տնտեսական իրադրութեան վրայ:

Այցելութիւնների օրակարգում յստակ նշւում է, որ հանդիպումների ընթացքում նախատեսւած չէ քննարկել պաղեստինա-իսրայէլական համակարտութեան կարգաւորման` Վաշինգտոնի առաջարկի քաղաքական հարցերը, որն այլ կերպ ստացել է «դարի գործարք» անւանումը:    

Արաբական «Sky News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում Քուշնէրը որոշ մանրամասներ է ներկայացրել «դարի գործարքից», որը նախատեսւում է հանրայնացնել Իսրայէլում ապրիլի 9-ին նախատեսւող խորհրդարանական ընտրութիւնների անցկացումից յետոյ միայն: Նրա խօսքով` Սպիտակ տան կողմից մշակւող առաջարկ-փաթեթում առանձնակի կարեւորութիւն է տրւում Իսրայէլ պետութեան սահմանների, ինչպէս նաեւ վիճելի տարածքների կարգավիճակի յստակեցման ու կարգաւորման հարցերին: Քուշնէրի համոզմամբ` առհասարակ, «դարի գործարքը» ենթադրում է հարցերի` փոխզիջումների հիման վրայ կարգաւորում, եւ «իսրայէլական կողմից կը պահանջւեն աւելի շատ ջանքեր»:

Փաթեթում մասնաւորապէս առաջ են քաշւում 4 հիմնարար սկզբունքներ, որոնք են՝ ազատութիւնը, յարգանքը հաւատքի նկատմամբ, հնարաւորութիւնների օգտագործումը եւ անվտանգութիւնը: Փաստաթղթում կարեւորւում է Գազայի հատւածում եւ Յորդանան գետի արեւմտեան ափին միասնական կառավարութեան ձեւաւորման հարցը, որը կը կարողանայ լիարժէքօրէն պաշտպանել պաղեստինցի ժողովրդի շահերն ու իրաւունքները:  

Հարցի բուն էութիւնից փոքր-ինչ հեռանալով` նշենք, որ Թրամփի աւագ խորհրդական Քուշնէրի քաղաքական կերպարի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ Միացեալ Նահանգների գործադիր ու օրէնսդիր թեւերում. դեռեւս նախորդ տարւայ մարտին ԱՄՆ դեմոկրատական թեւի օրէնսդիրները Հետաքննութիւնների դաշնային բիւրոյին կոչ էին արել հետաքննութիւն սկսել այն տւեալների ուղղութեամբ, որոնց համաձայն` Քուշնէրը գաղտնի տեղեկութիւններ է տրամադրել Սաուդական Արաբիայի արքայազն Մոհամմեդ բէն Սալմանին:

Ինչեւէ, կրկին վերադառնալով հակամարտութեան կարգաւորման ամերիկեան առաջարկին` նշենք, որ դեռեւս նախորդ տարւայ մայիսին յայտնի իսրայէլական «DEBKAfile» ինտերնետային կայքը, որը մասնագիտացած է ռազմական հետախուզության բնագավառում, որոշ մանրամասներ էր ներկայացրել փաստաթղթի վերաբերեալ: Մասնաւորապէս` խօսւում էր հետեւեալ հարցերի մասին՝

  • Յորդանան գետի արեւմտեան ափի մօտաւորապէս ½ տարածքում եւ Գազայի հատւածում սահմանափակ սուվերէնութեամբ պաղեստինեան պետութեան ստեղծում,
  • Յորդանանի հովտի նկատմամբ Իսրայէլի կողմից սուվերէնութեան եւ ռազմական վերահսկողութեան պահպանում,
  • Արեւելեան Երուսաղէմի մի քանի արաբական թաղամասերի յանձնում պաղեստինեան պետութեան իրաւասութեանը,
  • Իսրայէլի՝ որպէս հրեայ ժողովրդի «ազգային օջախի», իսկ սահմանափակ սուվերէնութեամբ պաղեստինեան պետութեան՝ որպէս պաղեստինցի արաբների «ազգային օջախի» ճանաչում:

Այլ` ոչ պաշտօնական աղբիւրների համաձայն` պաղեստինցիներին են յանձնւելու աւելի մեծ տարածքներ, քան այսօր իրենց վերահսկողութեան տակ ունեն, սակայն Երուսաղէմ քաղաքի պատմական կենտրոնը՝ իր կրօնական սրբավայրերով եւ յարակից շրջաններով, ինչպէս նաեւ քաղաքի արեւմտեան հատւածը մնալու են Իսրայրլի սուվերէն վերահսկողութեան ներքոյ:  

Փետրւարի 28-ին Երուսաղէմում լույս տեսնող արաբական «Ալ Քուդս» թերթն իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «դարի գործարքի» բովանդակութեան վերաբերեալ՝ հիմնւելով սեփական տեղեկատւական աղբիւրների վրայ: Նշեալ պարբերականի հաղորդմամբ` փաստաթուղթը չի քննարկում Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետութեան ստեղծման հարցը, այլ խօսքը Գազայի հատւածում ինքնավարութեան ձեւաւորման մասին է: Ըստ թերթի` փաստաթղթում կարեւոր կէտերից մէկը վերաբերում է Երուսաղեմ քաղաքի Ալ Աքսա մզկիթի վերահսկման-կառավարման հարցերում Իսրայէլի, Յորդանանի եւ պաղեստինեան ինքնավարութեան միջեւ համագործակցութեան ամրապնդման հարցերին:

 

Կողմերի սպասելիքները

Պաղեստինեան կողմը շարունակում է թերահաւատութեամբ վերաբերւել պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման` Վաշինգտոնի կողմից մշակւող առաջարկ-փաթեթին: Որպէս պատճառաբանութիւն` նշւում են մի քանի հիմնական փաստարկներ՝ Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայէլ պետութեան մայրաքաղաք ճանաչելը, Միացեալ Նահանգների կողմից Պաղեստինին ցուցաբերւող ֆինանսական աջակցութեան կրճատումը: Պաղեստինեան կողմի հաւաստիացմամբ` Վաշինգտոնն ի սկզբանէ հանդէս է գալիս կողմնակալ դիրքորոշմամբ եւ, ըստ էութեան, չի կարող ներկայանալ որպէս հակամարտութեան կարգաւորման անաչառ միջնորդ, հետեւաբար՝ «դարի գործարքը» նոյնպէս կողմնապահ փաստաթուղթ է:

«Դարի գործարքից» անհամեմատ մեծ եւ միեւնոյն ժամանակ սկզբունքօրէն հակադիր են սպասելիքները իսրայէլական կողմում: Փետրւարի 14-ին Վարշավայում կայացած Նեթանեահու-Փենս (ԱՄՆ փոխնախագահ) աշխատանքային հանդիպման ընթացքում Նեթանեահուն եւս մէկ անգամ կարեւորեց «դարի գործարքը» իսրայէլական կողմի համար: Նրա խօսքով` «Իսրայէլը սպասում է այս գործարքին, մենք գիտենք, որ երկար ժամանակ նախագահ Թրամփի վարչակազմը ուղիներ է որոնում Իսրայէլ պետութեան անվտանգութիւնն ապահովելու համար»: Փաստաթղթի կեանքի կոչման հարցում, սակայն, Իսրայէլի քաղաքական դաշտում մօտեցումները հակասական են: Կարող ենք ենթադրել, որ Իսրայէլում ապրիլին նախատեսւող խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական պայքարում «դարի գործարքը» կը համալրի երկրի գործող ղեկավարութեանը հասցէագրւած հիմնական քննադատական հարցերի շարքը: Աւելին` եթէ ընտրութիւններում Նեթանեահուին չյաջողւի պահպանել դիրքերը, այնքան էլ պարզ չի լինի նաեւ «դարի գործարքի» ճակատագիրը: Նշենք նաեւ, որ նախընտրական պայքարի ֆոնին` Նեթանեահուի նկատմամբ քաղաքական ճնշումները գնալով կուժեղանան: Իսրայէլի գլխաւոր դատախազ Աւիխայ Մանդելբլիթը, որը նաեւ Իսրայէլ պետութեան կառավարութեան իրաւախորհրդատուն է, արդէն իսկ յայտարարել է, որ երկրի վարչապետի նկատմամբ կոռուպցիայի հարցով կը ներկայացւեն համապատասխան մեղադրանքներ:      

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։