Հա

Քաղաքական

07/03/2019 - 10:50

Ինչո՞ւ է Ստամբուլի քաղաքապետի թեկնածուն ջերմօրէն արտայայտւում հայերի մասին. թուրքագէտի դիտարկումը

Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, այժմ իշխող «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան» (ԱԶԿ-AKP) կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրւած Բինալի Եըլդըրըմը հարցազրոյց է տւել Թուրքիայում գործող հայկական «Լոյս» ինտերնետային հեռուստաալիքին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, այժմ իշխող «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան» (ԱԶԿ-AKP) կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրւած Բինալի Եըլդըրըմը հարցազրոյց է տւել Թուրքիայում գործող հայկական «Լոյս» ինտերնետային հեռուստաալիքին:

Հարցազրոյցի ընթացում Եըլդըրըմը բաւականին ջերմ բնորոշումներ է տւել հայերին, մասնաւորապէս իր հայ հարեւաններին, որոնց հետ իր ձեւակերպմամբ՝ ապրել են մէկ ընտանիքի պէս: Նա նաեւ անդրադարձել է Թուրքիայում բնակւող հայաստանցիների մասին՝ նրանց թւաքանակը նշելով  100 հազար: Իսկ միտքն աւարտել է համերաշխութեան խօսքերով. «Այս աշխարհը, այս երկիրը կը հերիքի բոլորիս, միայն թէ պահպանենք մեր իրաւունքներն ու օրէնքները»:

Թեմայի առնչութեամբ «Ermenihaber.am»-ը դիմել է թուրքագէտ Անահիտ Վեզիրեանին՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածուի ելոյթը մեկնաբանելու խնդրանքով:

Վեզիրեանը նկատել է տալիս, որ Եըլդըրըմի խօսքերում առկայ է որոշակի հակասութիւն թէ՛ ազգայանական թեւի ներկայացուցիչների եւ թէ՛ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի յայտարարութիւնների հետ: Ըստ թուրքագէտի՝ Թուրքիայում հայաստանցիների ուռճացւած ներկայութիւնը թուրք քաղաքական գործիչների կողմից յաճախ է շահարկւում, յատկապէս այս շրջանում, երբ Թուրքիան գտնւում է ՏԻՄ ընտրութիւնների քարոզարշաւի մէջ: Որպէս օրինակ նա մատնանշում է «Մեծ Միասնութիւն կուսակցութեան» ղեկավար Մուստաֆա Դեսթիջիի արած յայտարարութիւնն այն մասին, որ պէտք է Թուրքիայից արտաքսել այնտեղ բնակւող հայերին:

Մասնագէտն ընդգծում է, որ պէտք է արձանագրել ԱԶԿ-ի եւ ազգայնական թեւի յայտարարութիւնների միջեւ առկայ տարբերութիւնը: Եթէ ազգայնականների յայտարարութիւնները սեփական ընտրազանգաւածին իրենց շուրջ կոնսոլիդացնելու նպատակ ունի, ապա ԱԶԿ-ի դէպքում կարելի է մի քանի պատճառ նշել:

Նախ հայաստանցիների նկատմամբ բառապաշարի մեղմացումը, ըստ Վեզիրեանի, տեղաւորւում է փախստականների հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականութեան շրջանակների մէջ:

«Այս համատեքստում Թուրքիան փորձում է ներկայանալ բոլոր տուժածների, ճնշւածների պաշտպանի դերում:

Պէտք է նշել, որ Թուրքիայում ապրող հայաստանցիների թեման վերջին մի քանի տարւայ ընթացքում Էրդողանի կողմից փոքր-ինչ վերափոխման է ենթարկւել: Սկզբնական շրջանում, երբ այդ հարցը սկսւեց արծարծւել, Էրդողանը նշում էր, որ Թուրքիայում անօրինական բնակւող 100 հազար հայաստանցի կայ եւ սպառնում էր, որ կարող է նրանց արտաքսել: Վերջին մէկ տարւայ ընթացքում Էրդողանը 100 հազար թիւը նշելիս կիրառում էր ոչ թէ հայաստանցի, այլ հայ բառը: Իսկ յունւարի վերջին այս թեմայով յայտարարութեան մէջ նա առաջին անգամ տարանջատել է Թուրքիայի քաղաքացի հայերին եւ հայաստանցիներին՝ նշելով, որ Թուրքիայի բնակւող 100 հազար հայերից մօտ 40 հազարը Թուրքիայի քաղաքացի է: Փոխւել է նաեւ սպառնալիքի ոճաբանութիւնը: Էրդողանը նշել էր, որ հայաստանցիներին չեն արտաքսում, քանի որ նրանք Թուրքիա են եկել իրենց երկրում ունեցած դժւարութիւնների պատճառով՝ այդպիսով ցոյց տալով, թէ իբր Թուրքիան դժւարութիւններ կրած ներգաղթեալների հանդէպ հոգատար կերպարի մէջ է:

Իսկ միւս պատճառն առաջիկա ՏԻՄ ընտրութիւններն են: Ստամբուլում են բնակւում Թուրքիայի քաղաքացի հայերի ճնշող մեծամասնութիւնը եւ ընտրութիւնների շեմին Ստամբուլի քաղաքապետի թեկնածուի կողմից նման յայտարարութիւնը կարող է հայերին տրամադրել իշխող կուսակցութեան կողմը: Թէեւ հայերի թիւը ընտրութիւնների ընդհանուր պատկերի վրայ դժւար թէ մեծ ազդեցութիւն ունենայ, բայց եւ այնպէս յաղթողի հիմնական թեկնածու Եըլդըրըմը՝ որպէս նախկին վարչապետ եւ մեջլիսի նախագահ, կը ցանկանայ մրցակիցներին յաղթել մեծ առաւելութեամբ՝ իր կողմը գրաւելով նաեւ Ստամբուլում թեկնածու չառաջադրած քրդամէտ կուսակցութեան հաւանական ընտրազանգւած համարւող հայերի ձայները:

Մէկ այլ հանգամանք եւս. Թուրքիայի ապօրինի բնակւող հայաստանցի միգրանտների նոյնիսկ ուռճացւած թւաքանակը մեծ տնտեսական բեռ եւ անվտանգութեան խնդիր չեն ներկայացնում այդ երկրի համար: Ուստի եւ այդ հարցի շահարկման վեկտորը սպառնալիքից դէպի սիրաշահում փոխելը Թուրքիայի իշխանութիւնների համար առաւել նպատակայարմար է»,- մանրամասնում է թուրքագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։